...ԵՐԲ ԱՍԵԼԻՔՆ ԱՅԼԵՎՍ «ՅՈՒՂ ՎԱՌԵԼՈՒՑ» ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ
Արխիվ 12-16...ԵՐԲ ԱՍԵԼԻՔՆ ԱՅԼԵՎՍ «ՅՈՒՂ ՎԱՌԵԼՈՒՑ» ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ
25 տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Հայաստանն ընդունեց Անկախության մասին հռչակագիրը: Չնայած խորհրդարանի ՀՀՇ-ական մեծամասնության համառ դիմադրության, այնուամենայնիվ, ՍԻՄ-ի, ՀՀԿ-ի, կոմունիստ պատգամավորների մի մասի հետեւողական ջանքերի շնորհիվ հռչակագրում ընդգրկվեցին կարեւորագույն նշանակություն ունեցած ազգային կետերը` Հայ դատի եւ Արցախի վերամիավորված լինելու փաստի վերաբերյալ: Հռչակագիրն այնուհետ մտավ Սահմանադրության նախաբանի մեջ, իսկ 1990-ի օգոստոսի 24-ից Հայաստանը պետականորեն ապրում է եռագույն դրոշի ներքո:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴՈՊԵԴԻԱ
Եթե հայոց պետականության վերականգնման շեմին ընդդիմությունը շատ կարեւոր դեր խաղաց, որպեսզի ՀՀՇ-ական բնույթի ապազգային իշխանությունը չկարողանա հրաժարվել ազգային նպատակներից, իսկ հետագայում բազմիցս կանխեց ազգավնաս քայլերը, ապա այն պահից ի վեր, ինչ ՀՀՇ-ն զրկվեց իշխանությունից եւ դարձավ ընդդիմություն, ընդդիմադիր գործունեությունը աստիճանաբար զրկվեց կառուցողական, ազգանպաստ բնույթից եւ գլորվեց պարզունակ իշխանատենչության փոսը: Հիմնական կարգախոսը դարձավ իշխանափոխությունը, այն էլ` «դուք հեռացեք` մենք գանք ձեր տեղը» տարբերակով: Բնականաբար, այդ ճանապարհը ու այդ մարտավարությունը չէր կարող չտանել փակուղի, եւ այդ պատճառով այսօրվա արմատական ընդդիմադիրները լավագույն դեպքում մի քանի տասնյակ ցուցարար են հավաքում: Ընդ որում, նույնիսկ «նարնջագույն» խորհրդարանական խմբակցությունների` ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներսում համախոհության մասին խոսք անգամ չկա, եւ իրար տարակարծիք ընդդիմադիրները իրար ավելի շատ են ատում, քան իշխանությանը: Արդյունքում ամենավառ ընդդիմադիր թեման դարձել է կեղտոտ լեզու ունեցող 69 տարեկան մի ցուցարարի` ոստիկանի կողմից կերած ապտակի բուռն դատապարտումը: Դե, գումարած դրան, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի ամբողջ ժամ լրագրողների ուղեղները բռնաբարեց այն թեզով, որ նոր Սահմանադրությունը ամբողջովին «քըխ» է, որ դա սեւի ու սպիտակի տարբերակ է եւ այլն:
Իսկ ժողովուրդը... Ժողովուրդն իր վերաբերմունքն արտահայտել է` սրանց հանրահավաքներին գալով ավելի փոքր քանակով, քան սրանք ԱԺ-ում պատգամավոր ունեն: Եթե ասելիքը չի տարբերվում «յուղ վառելուց», ապա այդպես էլ պետք է լինի: Անշուշտ, այդ վայ-ընդդիմադիրները կասեն, թե ունենք «սխալ ժողովուրդ», սակայն այդ նույն «սխալ ժողովուրդը», ինչպես ցույց տվեցին «էլեկտրական» բազմամարդ եւ երկարատեւ բողոքի ակցիաները, լավ էլ ոտքի է կանգնում կոնկրետ հարցերի շուրջ կոնկրետ պահանջ առաջադրելու դեպքում: Այսինքն` Անկախության հռչակագրից 25 տարի անց մեր առջեւ ծառացել է գործունակ, կոնկրետ խնդիրների լուծման պիտանի եւ առողջ ընդդիմություն ձեւավորելու խնդիրը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ
Եվ այսպես, առկա է արդեն ամբողջական նախագիծը, սեպտեմբերին դրա շուրջ արդեն խորհրդարանական քննարկումներն են լինելու, բայց ինչ պատկեր ենք տեսնում դրա շուրջ: Կտրուկ ժխտողականությամբ հանդես են գալիս ՀԱԿ-իստները, նրանցից էլ փորձում է առանձնապես հետ չմնալ ընդդիմադիր դաշտ վերադարձած ՕԵԿ-ը: Կա է եւ մյուս ծայրահեղությունը` օրինակ, ՀՅԴ խմբակցության` իր պաշտոնամոլությամբ հայտնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասում է, որ նախագիծը 95 տոկոսով բավարարում է իրենց: Եվ ստացվում է պարադոքս` հանրապետականները ավելի շատ դիտողություն ու առաջարկություն ունեն նախագծի վերաբերյալ, քան դաշնակները:
Սահմանադրական քննարկումներում առկա է նաեւ բավականին կառուցողական շերտ, որ ներկայացված է ՍԻՄ-ով, մի շարք հանրային նախաձեռնություններով, որն առաջարկում է Սահմանադրության նախագիծը մաքրել, այսպես կոչված, վենետիկյան նորամուծություններից` ինքնիշխանությանը սպառնացող «միջազգային իրավունքի գերակայության» կետերից, յուվենալ արդարադատության վտանգ պարունակող «երեխաների իրավունքներ» արհեստածին կատեգորիայից, այլընտրանքային ծառայությունն ամրագրող անհեթեթությունից ու նման այլ թերություններից: Եվ, ի դեպ, կարծես թե, բացառությամբ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի, իշխանությունում էլ ոչ ոք հակված չէ պաշտպանել վենետիկյան անհեթեթությունները: Վենետիկյան հանձնաժողովի «դիտողությունները» նույնիսկ հայերեն չեն թարգմանվել: Դե պարզ է, հանրությանը ներկայացնելու բան չէ, իսկ տարբեր գրանտային ծրագրերի շրջանակներում անգլերեն սովորած կադրերն էլ մեծամասամբ գոհ են այդ անհեթեթ ազգավնաս առաջարկություններից:
Դե, այսպես կոչված, հանրային սեկտորում բոլոր «շպիոնօնիկները» հայտնի են, հայտնի է, թե ովքեր են 5-րդ շարասյուն: Իսկ վերաբերմունքը վենետիկյան առաջարկներին, արդեն թեստի պես կբացահայտի եւ 6-րդ շարասյանը` բյուրոկրատիայի այն ներկայացուցիչներին, ովքեր ծպտյալ աշխատում են ընդդեմ պետության եւ հօգուտ արտաքին ուժերի շահերի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
