ՀՀ-ՈՒՄ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԻՍԿԱԿԱՆ «ԱՋԱԲ-ՍԱՆԴԱԼ»
Արխիվ 12-16ՀՀ-ՈՒՄ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԻՍԿԱԿԱՆ «ԱՋԱԲ-ՍԱՆԴԱԼ»
Այսօր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժողովի հանդիպումը քաղաքական գորիչների, կամ ավելի ճիշտ ԱԺ պատգամավորների հետ: Ներկա էին 6 խմբակցության պատգամավորներ, եւ ինչպես պարզվեց, ՀԿ անդամներ եւ այլք: Բացման խոսքով հանդես եկավ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւ հավելեց, որ ինքը ներկա է դահլիճում որպես ՀԿ ներկայացուցիչ: Սրանք դեռ ծաղիկներն են: Ի սկզբանե պարզ դարձավ, որ անհայտ է, թե ով ինչքան պետք է ելույթ ունենա, երբ կարող են հարցեր հնչել եւ այլն: Չսահմանվեց ոչ մի ռեգլամենտ: Րոպեներ անց պարզ դարձավ, որ հանդիպումը տեղի է ունենալու անգլերեն լեզվով եւ այստեղ սկսվեց իսկական իրարանցում, ցայտնոտ: Բոլորը վազեցին դեպի այն կողմ, որտեղ բաժանում էին ականջակալեր: Գոյացավ հերթ, պատգամավոր, ՀԿ անդամներ ու լրագրողներ խառնվեցին իրար, որպեսզի հասցնեին ականջակալ որսալ: Վենետիկի հանձնաժողովի անդամները դեռ երեք րոպե չէին խոսել, երբ ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչ Լյովիկ Զուրաբյանը ցանկացավ հանդիպումը վերածել բալագանի եւ էժանագին շոուի: Ուղիղ 20 րոպե, առանց որեւէ մեկի զգուշացման կամ խոսքի իրավունք վերցնելու, նա սկսեց անգլերենով լեկցիա կարդալ, մոռանալով, որ չի գտնվում լսարանում, այլ գտնվում է լուրջ քննարկման, որտեղ պետք է իրենց կարծիքը հայտնեն մասնագետները: Ներկաները ստիպված էին հանդուրժել Լյովիկ Զուրաբյանի բարբաջանքները, որոնք ուղղված էր իշխանություններին եւ որեւէ մասնագիտական նկատառում չէին պարունակում: Ու թեեւ փորձագետները հայտարարեցին, որ իրենք քաղաքական գործիչներ չեն, այլ նեղ մասնագետներ , եւ չեն կարող քաղաքական հարցերի պատասխանել, միեւնույն է Զուրաբյանն իր «էշն էր քշում առաջ»: Հավանաբար, այս շոումենը մոռացել էր, որ չի գտնվում ԱԺ ամբիոնի մոտ, որտեղից նա սովոր է երգել էր իր հին երգը ՀՀ նախագահի մասին: Զուրաբյանական բենեֆիսը տեղի տվեց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի նյարդերին. «Չհասկացա, մենք եկել ենք այստեղ Լյովիկ Զուրաբյանին լսելո՞ւ, թե լուրջ քննարկման մասնակցելու»,- զայրացած ասաց պատգամավորը, ապա դեմոնստրատիվ կերպով դեն շպրտեց ականջակալը, տեղից վեր կացավ եւ դուրս եկավ դահլիճից:
Փաստորեն, երբ ՀԱԿ-ին ձեռնտու է գոռալ-գոչալ, մազ փետել, թե մեր պետական լեզուն հայերենն է, իսկ Արամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից սկսում է դասեր տալ, թե ինչպես պետք է ճիշտ խոսել հայերեն, այս պարագայում կարելի է ասել, որ ՀԱԿ-ի համար պետական լեզուն անգլերենն է: Իրենց համար հարմար տեղ եւ հարմար մարդիկ գտնելով` Զուրաբյանը սկսեց անգլերենով բամբասել հայրենիքից: Նրա պահվածքը հուշում էր մի բան, որ բավականին վախեցած էր թե' իշխանություններից, թե' սահմանդրությունից, թե' սեփական շողքից:
Հետաքրքիր է, ի վերջո, ի՞նչ նպատակ էր հետապնդում Վենետիկի հանձնաժողովը նման «աջաբ-սանդալ» սարքելով: Եթե ամեն հարցում լինի նման մոտեցում, ապա կարելի է եզրակացնել` ինչպիսին կլինի նրանց աշխատանքի որակը: Եթե յուրաքանչյուր ֆրակցիայից մեկը խոսի մոտ 20 րոպե, ինչպես դա արեց Զուրաբյանը, ապա ժամուկես ստիպված պետք է լսվեր ցանկությունների տեղատարափ, բա էլ ո՞ւր մնաց մասնագիտական քննարկումը կամ մոտեցումը երկրի գլխավոր օրենքի նկատմամբ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk