«ՊԱՐՈՂԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԽԵԼԱՑԻ` ԲԵՄԸ ՌԵՆՏԳԵՆ Է»
Արխիվ 12-16«ՊԱՐՈՂԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԽԵԼԱՑԻ` ԲԵՄԸ ՌԵՆՏԳԵՆ Է»
Վերջերս Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ երիտասարդ բեմադրիչ ՌԻՄԱ ՊԻՊՈՅԱՆԻ «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացման առաջնախաղը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը: «Իրավունքի» հետ զրույցում ժամանակակից բալետային ներկայացման բեմադրության եւ լիբրետոյի հեղինակ Ռ. Պիպոյանը նշեց, որ թեպետ սա իր 5-րդ բեմադրությունն էր, սակայն մեծ պատասխանատվություն է եղել այս անգամ այն իրականացնել Օպերային թատրոնի բեմում: Խոսելով սկսնակ-կայացած արտիստ փոխհարաբերությունների մասին, Ռիման նշեց, որ Մ. Դիվանյանի հետ համատեղ աշխատանքի ընթացքում նման խնդրի չի բախվել. «Իրականում իմ հասակակիցների հետ ավելի բարդ է աշխատելը, հիմնականում Պարարվեստի ուսումնարանն ավարտած երեխաներն իրենց գիտելիքների մակարդակով բավականին ցածր են լինում, այսինքն` ավելի շատ իրենց մարմինն է հետաքրքրում, քան` կրթվածությունը: Հինգ տարեկանից ամեն ինչի հանդեպ սեր
եմ ունեցել, հատկապես գիտության ու շատ եմ կարեւորել, որ առաջին հերթին պարողը պետք է լինի խելացի, որովհետեւ բեմը ռենտգեն է: Երբ արտիստը դուրս է գալիս բեմ, նույնիսկ ամենաանգիտակ հանդիսատեսն էլ ամեն ինչ պարզ տեսնում է: 12 տարեկանից բեմադրություններ եմ անում, փոքրուց ինքս ինձ համար բալետներ էի բեմադրում, գլխավոր դերերն էլ ինձ էի տալիս... Իսկ Մարիա Դիվանյանի հետ մեր համագործակցությունը հեշտ ստացվեց, նախ իմ ձեռագիրն արդեն բոլորը լավ գիտեն եւ կարծում եմ` միշտ սիրով համաձայնում եւ աշխատում են ինձ հետ: Հետո` Մ. Դիվանյանն էլ Պարարվեստի ուսումնարանի դասական պարի իմ ուսուցչուհին է եղել, մի քանի բեմադրություններ դիտել էր: Մեր միակ խնդիրն այն էր, որ նա դասական պարուհի է եւ այստեղ ժամանակից շարժումներն իրեն շատ դժվար էին տրվում: Փորձերի ժամանակ ասում էր` գիտեմ` ինչ ես ուզում, բայց չեմ կարողանում անել, իմ մարմինը սովոր չէ դրան: Դասական պարի դեպքում ամբողջ էմոցիաներն արտահայտվում են դեմքի վրա` արտաքին ժեստերի շնորհիվ: Իսկ մոդեռնի մեջ` ավելի շատ մարմինը պետք է խոսի, ոչ թե դիմագծերն արտահայտեն դա: Ինչեւէ, կարծում եմ` ինչ-որ չափով հասանք արդյունքի, ինքն էլ բավականություն ստացավ: Հաշվի առնենք, որ 40-անց բալետի դիվայի հետ գործ ունեինք ու այն հաջողությամբ պսակվեց»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk