«Ընդհանրապես ԲՀԿ-ն սովոր է, որ իրեն միանան, ոչ թե ինքը միանա». ԲՀԿ պատգամավոր
Արխիվ 12-16«Ընդհանրապես ԲՀԿ-ն սովոր է, որ իրեն միանան, ոչ թե ինքը
միանա». ԲՀԿ պատգամավոր
Ինչպես հայտնի է,հանրային որոշ շրջանակներ դեմ են նոր սահմանադրության նախագծին, քանի որ այն, ըստ նրանց, վտանգում է մեր արժեհամակարգը: Խոսքը վերաբերում է սահմանադրության մի քանի դրույթների` այլընտրանքային զինծառայության երկուանգամյա շեշտադրում, երեխաների իրավունքների մասին դրույթ, միջազգային իրավունքի նորմերի գերակայում, «ընտանիք» դրույթի ձեւակերպում:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից «Իրավունք»-ը պարզեց` վերոնշյալ դրույթներն ընդունելի՞ են նրա ու ԲՀԿ-ի համար: «Այն, որ միջազգային իրավունքի նորմերը գերակայում են, դա մտահոգիչ է: Կայուն մեծամասնության դրույթը եւս մտահոգիչ է: Բայց նաեւ դրական դրույթներ էլ են կան: Օրինակ, քաղաքացու ձայնը լսելի կարող է դառնալ, երեխաների իրավունքների հետ կապված եւս դրական բան եմ տեսնում»,- ասաց պատգամավորը:
- Բայց երեխաների իրավունքների մասին դրույթը, հանրային որոշ շրջանակների կողմից, քննադատվել է: Եթե նոր սահմանադրությունն ընդունվի, ապա ըստ մտահոգվողների` երեխաներն առքուվաճառքի կենթարկվեն:
- Չեմ կարծում, չէ, չէ: Որոշակի համապատասխանեցում միջազգային պայմանագրերին եղել է, բայց... Նոր սահմանադրությունում գրված է, որ որոշ դրույթներ պետք է առանձին կարգավորվեն:
- ԲՀԿ-ն, փաստորեն, չի միանա ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով աշնանը ժողովրդին փողոց է հանելու ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:
- Մենք չենք քննարկել այդ հարցը, ես տեղյակ չեմ: Բայց եթե «ոչ»-ի շարժում է (նկատի ունի դեմ է սահմանադրական բարեփոխումների դեմ շարժումը-խմբ.), մենք չենք միանա: Ընդհանրապես ԲՀԿ-ն սովոր է, որ իրեն միանան, ոչ թե ինքը միանա:
- Այլընտրանքային զինվորական ծառայության երկուանգամյա շեշտադրումը արդյոք սպառնալիք չէ մեր ազգային անվտանգությանը:
- Ես էստեղ զգույշ կարտահայտվեմ: Մինչեւ չկարդամ ձեւակերպումը, զգույշ կլինեմ: Չնայած ընդունում եմ, որ որոշ մտահոգություններ կարելի է ընդունել:
- Դուք մի քանի անգամ ասել եք, որ ԲՀԿ-ն կառուցողական դաշտում է գործում եւ նման չէ այն երեխային, ով ամեն ինչին ասում է`«ոչ»: Բայց փետրվարին «եռյակ»-ը`ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը կարծես թե այդ «ոչ»-ի տրամաբանությամբ էին առաջնորդվում, ամեն գնով իշխանափոխություն:
- Չէ, չէ: Մինչեւ փետրվարյան իրադարձություններն ահագին ժամանակ անցավ: Մենք ասում էինք` տեսնենք ժողովուրդն աջակցո՞ւմ է այս շարժմանը, թե ոչ: Եկավ վերջին ակորդը: Տեսանք, որ Հայաստանում չկան այդ պայմանները, ոչ էլ լիդերը: Գործընթացները դուրս եկան իրավական դաշտից: Պայման չեղավ, որ նստեին բանակցեին իշխանությունը ոչ իշխանության հետ:
- Բայց քաղաքացիների մի մասը պատրաստ էր փողոց դուրս գալ:
- Թող դուրս գային:
- Սպասում էին լիդերներին:
- Ահա: Լիդերներն այդ շարժման մի մասն էին: Դե թող առաջանային այլ լիդերներ, գային առաջնորդնեին ժողովրդին:
- Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի քսանին եկավ Ազատության հրապարակ...
- Մենակ Րաֆֆի Հովհաննիսյանի միայնակ գալը ոչինչ չէր նշանակում: Պետք է գործընթացը գեներացնես, իսկ դրա համար ադեկվատ իրավիճակ չառաջացավ:
- Եթե անկեղծ խոսենք, գուցե «եռյակը» չէր սպասում, որ իշխանությունը քայլեր կձեռնարկի:
- Չէ, ես ավելի շուտ էի սպասում այդ քայլերի կիրառմանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk