«ՀՐԱԶԴԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՉԻ ՎԵՐԱԾՎԻ, ՔԱՆԻ ԵՍ ՍԱՂ ԵՄ»
Արխիվ 12-16«ՀՐԱԶԴԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՉԻ ՎԵՐԱԾՎԻ, ՔԱՆԻ ԵՍ ՍԱՂ ԵՄ»
Գարնանը «Արտավազդ-2015» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանն ընդառաջ կայացած մարզային թատրոնների ստուգատեսին, որտեղ ներկա էին գրեթե բոլոր մարզային թատրոնների ղեկավարները, քննարկվեց ու խոսվեց մարզային թատրոնների խնդիրների մասին: Ղեկավարներն իրենց դարդ ու ցավի մասին բարձրաձայնեցին` երեւանյան թատերական ոլորտի ներկայացուցիչներն էլ հակադարձեցին, քննադատեցին ու իրենց խորհուրդներով ուղղություն տվեցին` «ճահճային» իրավիճակից դուրս գալու համար: Այդ ժամանակ բացակայում էր միայն Հրազդանի դրամատիկական թատրոնը, եւ ոչ ոք նույնիսկ տեղյակ չէր նրանց գործունեության մասին:
ակայն օգոստոսի սկզբին Հրազդանի դրամատիկական թատրոնում կայացավ «Լոռեցի Սաքոն» (ըստ Հ. Թումանյանի համանուն պոեմի) ներկայացման առաջնախաղը, որին ներկա էր նաեւ «Իրավունքը»: Բեմադրության թույլ եւ ուժեղ կողմերը, երաժշտական ճաշակը գնահատելը թողնելով թատերագետների վերլուծությանը` նշենք, որ թատրոնի անձնակազմը իր ունեցած հնարավորությունների սահմանում կարողացել էր պատվով դուրս գալ այս գործի տակից: Ինչ վերաբերում է հնարավորություններին, ակներեւ էր, որ զրո միջոցներով մարդիկ 4-5 հոգով բեմադրություն էին արել ու գրեթե լեփ-լեցուն դահլիճ ապահովել: Նշենք, որ ներկայացման ե՛ւ բեմադրիչը, ե՛ւ երաժշտական ու նկարչական ձեւավորումների հեղինակը, ե՛ւ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆՆ է, որին կարելի է համարել Հրազդանի թատրոնի «մահապարտ», ով ոչինչից ինչ-որ բան է ստեղծում ու մի քանի դերասան պահում թատրոնում: «Իրավունքի» հետ զրույցում Ա. Սարգսյանը թատրոնի հիմնական խնդիրներից առանձնացրեց ջեռուցումը:
«ՀԻՄԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՏԱՔ Է, ԹԱՏՐՈՆՈՒՄ` ՑՈՒՐՏ»
-Եթե շենքը չի ջեռուցվում, ինչպե՞ս կարող ենք ներկայացում խաղալ, կամ ո՞վ կգա ներկայացում նայելու: Նախկինում, երբ դպրոցները չէին ջեռուցվում, գալիս էին թատրոն` ներկայացում դիտելու, որովհետեւ այնտեղ էլ էր ցուրտ, թատրոնում էլ: Հիմա դպրոցներում տաք է, թատրոնում` ցուրտ, ինչն էլ հիմնական խանգարող պատճառն է դառնում հանդիսատեսի համար: Ձմռանը ստիպված կանգ ենք առնում ու զբաղվում հաջորդ ներկայացման նախապատրաստական աշխատանքներով: Եթե շենքը ջեռուցվի, հնարավորություն կունենանք ավելի շատ ներկայացումներ խաղալ, չնայած որ մեր կազմը շատ սեղմ է` դժվարությամբ ենք մի ներկայացումը գլուխ բերում:
«ԵԹԵ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՐՈՇԻ ԳՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԵՍ Ի՞ՆՉ ԵՄ ԱՆԵԼՈՒ»
- Քանի՞ դերասան ունեք:
- 4 դերասան, ինքս տնօրենն եմ, ներկայացման ձեւավորողն եմ, բեմադրիչն եմ, հավաքարարն եմ... Շատ դժվար է... Հազար գործ եմ կատարում, գնալով ֆիզիկապես ծերանում եմ...
- Տարվա մեջ քանի՞ ներկայացում եք ունենում:
- Եթե լավ տարի է լինում, խաղում ենք մոտ 20-30 ներկայացում, այդ թվում նաեւ մանկական: Լինում է տարի, որ 7-10 ներկայացումով եզրափակում ենք տարին: Այս ներկայացումը` «Լոռեցի Սաքոն», համարվում է էլիտար ներկայացում, ինքնըստինքյան արդեն պարզ է` շատ քիչ ենք խաղալու: Դժվար է ներկայացում պահելը, հիմա եթե դերասաններից մեկը որոշի, ասենք, գնալ Ռուսաստան արտագնա աշխատանքի, ես ի՞նչ եմ անելու, պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը: Տիպաժային ընտրված 4 դերասան են, մեկը գնաց` ամբողջ ներկայացումը քանդվում է: Մյուս թատրոնների նման չէ, որ կարողանաս փոխարինող գտնել: Կադրերի, ներկայացումների ֆինանսավորման խնդիր ունենք:
- Այս ներկայացման վրա որքա՞ն գումար էիք ծախսել:
- Ոչ մի կոպեկ, էնտուզիազմով արված ներկայացում է:
- Փաստորեն, «Լոռեցի Սաքոն» համարվում է թատրոնի այս տարվա առաջին ներկայացո՞ւմը:
- Այդպես էլ կա, երեւի թե, մոտ 10-15 անգամ կխաղանք ու ստիպված ենք ծալել, մի կողմ դնել եւ ուրիշ ներկայացում սկսել:
«ԲԱԽՏԱՎՈՐ ԵՆ ԱՅՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ»
- Պարոն Սարգսյան, թատրոնը տեղական ինքնակառավարման մարմինների
ենթակայության տակ է, թատրոնի խնդիրները նրանց ուշադրության կենտրոնում չէ՞:
- Համայնքների ենթակայության տակ գտնվող բոլոր թատրոններն էլ ապահովագրված չեն: Թատրոնի մասին օրենք գոյություն չունի, այսօր լավ է, իսկ վաղը կգա մի ուրիշ քաղաքապետ, որը բացարձակ կապ չունի թատրոնի հետ... Բախտավոր են այն թատրոնները, որոնք ենթարկվում են Մշակույթի նախարարությանը:
- Այդ դեպքում, ինչպե՞ս եք պահում թատրոնը:
- Շատ թե քիչ իմ հայտնիությունն օգնում է, հետս գլուխ չեն դնում: Մի կերպ, կռվով-դավով հարց ենք լուծում, ապրում ենք էլի... Տխուր, գավառային իրականություն:
- Այսինքն` ամեն ինչ անում եք, որպեսզի թատրոնը չվերածվի ռեստորանի:
- Ո՛չ, Հրազդանի թատրոնը ռեստորանի չի վերածվի, քանի ես սաղ եմ: Մենք ճոխություններ չենք ուզում, պարզապես, ուզում ենք աշխատել, ինչպես մյուս նորմալ թատրոնները: Չենք պահանջում, թե հազար հաստիք տվեք մեզ, չենք ասում` մեզ միլիոններ տվեք ներկայացում անենք, նվազագույնն ենք պահանջում, որ կարողանանք տեղաշարժվել:
- Փոխմարզպետը մեզ հետ զրույցում խոստացավ, որ թատրոնը ուշադրության կենտրոնում կպահեն:
- Տա Աստված...
«ՄԵՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԵՑ` ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՅԴ ԹԱՏՐՈՆԻՆ ԼԱՎ ՆԱՅԵԼ»
ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, ինչպես միշտ, այս անգամ էլ կարեւորեց եւ հորդորեց մարզային իշխանությունների ուշադրությունը` իրենց ենթակայության տակ գտնվող թատրոններին. «Հաճելի է, որ Կոտայքի մարզի 2 քաղաքում` Աբովյանում ու Հրազդանում, ունենք արդեն ստատուս ունեցող թատրոններ: Ընդհանրապես, լավ թատրոն ունենալու տեղի իշխանությունների հավակնությունները դրական տենդենց է: Մինչ այժմ մտածում էինք` ինչպես անենք, որ մարզերի պետական թատրոնները նորմալ շահագործվեն: Ճիշտ է, թատրոնը յուրաքանչյուր համայնքի համար լուրջ շքեղություն է, բայց այդ համայնքի պատիվն է միայն բարձրացնում, եւ պետք է մտածել այդ մասին, առավել եւս` Հրազդանի պես արդյունաբերական քաղաքում»:
Անդրադարձ կատարելով Հրազդանի թատրոնի առաջնախաղին` շեշտեց. «Ինքնատիպ ու հետաքրքիր է թատրոնի ղեկավար Աշոտ Սարգսյանի մտածողությունը: Ընդհանրապես` նման ճաշակն անսպասելի է, որովհետեւ մարզերում նման մտածողության հաճախ չէ, որ հանդիպում ենք, ավելի ճիշտ` ընդհանրապես չենք հանդիպում: Իհարկե, այս դեպքում մարզեր ասելով` Գյումրին ու Վանաձորն առանձնացնում եմ: Ի սրտե շնորհավորում եմ Հրազդանի թատրոնին` մայրաքաղաքային թատրոնի մակարդակ էր, ամեն ինչ պետք է անենք, որ այդ ներկայացումը հյուրախաղերով ցուցադրվի Երեւանում: Ներկայացումը կարող է լուրջ հավակնորդ լինել եկող տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ»:
«Իրավունքի» այն դիտարկմանը, թե թատրոնը ջեռուցման խնդրի պատճառով երբեմն ստիպված է լինում տարվա ընթացքում 7 ներկայացում խաղալ, ՀԹԳՄ նախագահը պատասխանեց. «Մեր այցելությունը, թեկուզ անուղղակի ձեւով, հուշեց, որ հարկավոր է այդ թատրոնին լավ նայել: Իհարկե, այդ պայմաններում նույնիսկ լավ ներկայացում անելը, որպես թատրոնի ղեկավար ասեմ, որ գործի կեսը չէ: Շատ կարեւոր է, թե ինչպես է այդ ներկայացումը վաճառվում հասարակությանը: Այստեղ արդեն սկսվում են լուրջ ծախսեր, որոնք, ուզես, թե` ոչ, պետք է անես: Եթե բեմադրության համար մեկ-մեկ կարող ես ծախսեր չանել` եղած դեկորը, հագուստն օգտագործելով, բայց ներկայացումը վաճառելու համար, միանշանակ, լուրջ ծախսեր են պետք, եւ դրանք ոչնչով փոխարինել հնարավոր չէ: Անգամ նորմալ գովազդ ունենալն այսօր շատ թանկ հաճույք է, ինչպես եւ հարմարավետ, տաք դահլիճ ունենալը` ձմռան ամիսներին: Բայց, ինչպես գյումրեցին է ասում` եթե մտել ենք պարի մեջ, պետք է ֆռռանք: Եթե ուզում ենք ունենալ լավ թատրոն, ապա պետք է ունենանք, ոչ թե մտածենք, որ Երեւանից եկան, ծափահարեցին, ուրեմն` լավ ներկայացում էր ...»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk