«ԶԳՈՒՄ ԷԻ, ԹԵ ՓԱՄՓՈՒՇՏՆ ԻՆՉՊԵՍ Է ԴԱՂԵԼՈՎ ԿՐԾՔԱՅԻՆ ՄԱՍՈՎ ԱՆՑՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ԶԳՈՒՄ ԷԻ, ԹԵ ՓԱՄՓՈՒՇՏՆ ԻՆՉՊԵՍ Է ԴԱՂԵԼՈՎ ԿՐԾՔԱՅԻՆ ՄԱՍՈՎ ԱՆՑՆՈՒՄ»
«Աստծո ողորմածության շնորհիվ է, որ այսօր ողջ ենք: Մինչեւ այս պահը հավատս չի գալիս, ուղղակի հրաշք է: Երբ հիշում եմ այդ պահը, թե մեքենայի մեջ ինչ էր կատարվում, ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում` ինչպե՞ս կարող էր այդպիսի պայմաններում մարդը ողջ մնալ: Միայն Աստծով»,- Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հենց այսպես էլ սկսվեց «Իրավունքի» զրույցը ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մինչեւ օգոստոսի 11-ն իր հոգեւոր ծառայությունն իրականացնող 24-ամյա բարեշնորհ ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ, ով այդ օրը երեկոյան հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով գլխի եւ ձեռքի հատվածում վիրավորում էր ստացել: Արդեն վիրահատությունից հետո, մանրամասնելով տեղի ունեցածը, Հովհաննես սարկավագը հավատացած է, որ օգոստոսի 11-ը որքան չարաբաստիկ, նույնքան էլ հրաշքներով լի օր է եղել.
«ԱՅԴ ՊԱՀԻՆ ՄԻԱԿ ԱՌԱՋ ՏԱՆՈՂ ՈՒԺԸ ԱՍՏՎԱԾ ԷՐ»

-Մեքենայում ես էի, ժամկետային զինծառայող վարորդը, ով երեք ամսից պետք է զորացրվեր, 10-օրյա մի նորակոչիկ եւ մեքենայի ավագը: Սովորականի նման գումարտակներով հաց էինք բաժանում ու, միեւնույն ժամանակ, զինվորների հետ հանդիպում: Ճանապարհին` շրջադարձերից մեկը թեքվելով՝ ծառի ճյուղի հետեւից զենք, մարդ նկատեցի... ու սկսվեց կրակահերթը: Միակ ելքն այն էր, որ հնարավորինս ներքեւ իջնեինք, որպեսզի ավելի քիչ փամփուշտ դիպչեր մեզ: Բարեբախտաբար, մեր վարորդը` Արթուրը, մինչեւ վերջ պայքարեց ու լինելով երեք տեղից վիրավոր` մեքենան քշեց իրենց վրա: Այն էլ այդ վիճակով՝ մեքենայի անվադողերը պայթեցրել էին, եւ հրաշք էր, որ մեքենան չկանգնեց: Մոտ 300 մետր այդ վիճակով գնացել ենք ու սպասել մեր թաքստոցում 15 րոպե, մինչեւ մեր շտապօգնության մեքենան կգար: Արագ վիրակապեցին ու տեղափոխեցին Մարտակերտի հոսպիալ:
- Ի վերջո, փոքր ուժերով ինչպե՞ս հաջողվեց հետ մղել հակառակորդի մոտ 20 դիվերսանտի ու փրկվել:
- Այդ պահին միակ առաջ տանող ուժը Աստված էր: Որքան էլ մարդ մտածի, չի կարող այդ պահին առաջ գնալ ու այդ վիճակից դուրս գալ: Եթե Աստված մեզ չտաներ առաջ, եթե Աստված Արթուրի միջոցով մեզ չփրկեր, մենք այսօր այստեղ չէինք լինի, հիմա էլ արարողության կլինեիք…
«ԿԱՊԱՆ «ԲՐՈՆԻԺԻԼԵՏԻՑ» ԷԼ ԼԱՎ ԻՐ ԴԵՐԸ ԿԱՏԱՐԵՑ»
-Մեքենայում զինվորներն ու սպան հրազենքով էին զինված, Դուք` խաչով: Ինչպիսի՞ զգացողություն էր առանց մարտական զենքի դեմ առ դեմ հանդիպել հակառակորդին:
- Ընդհանրապես մարդու հույսը միշտ էլ Աստված է, առավել եւս հոգեւորականի, բնական է` Աստված ես կանչում մտքիդ մեջ, որ այդ փորձանքից հաջողությամբ դուրս գաս: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, իսկապես, հրաշք էր: Կրակահերթի ժամանակ եկեղեցական հանդերձիս ոչ մի փամփուշտ չի դիպել: Նույնիսկ հոսպիտալում տղաները կատակում են. «էդ կապան մի ձեւ չունի՞, որ գլխիդ էլ փաթաթեիր»: Փաստորեն, կապան «բրոնիժիլետից» էլ լավ իր դերը կատարեց: Ես զգում էի, թե փամփուշտն ինչպես է դաղելով կրծքային մասով անցնում: Մտածում էի, որ հաստատ մտել է մարմնիս մեջ, բայց շոշափում էի ու տեսնում, որ ոչ մի բան էլ չկա: Նույն կերպ էլ մեջքիս էին դաղում փամփուշտները… Այդքանից հետո ինչպե՞ս փառք չտաս Աստծուն: Հրաշքներից մեկն էլ այն էր, որ հակառակորդը եկել էր ու ականապատել այն տարածքը, որով մենք անցել էինք: Կարող էր ականի վրա պայթեր մեքենան եւ վերջ, բայց շրջանցել էինք: Ի դեպ, դեպքից հետո նույն այդ ճանապարհին հրամանատարի անձնակազմի գծով տեղակալի մեքենան է պայթել ականի վրա, բայց էլի հրաշքով վարորդը ողջ է ու ամեն ինչ նորմալ է:
5-րդ հրաշքն էլ եղավ. գումարտակներից մեկում մի վատառողջ զինծառայող կար, որին պետք է նույն մեքենայով իջեցնեինք բուժկետ: Բնականաբար, զինծառայողը չէր կարող հացերի հետ նստել եւ պետք է առջեւում լիներ: Բայց, դա էլ Աստծուց էր, որ մեքենայի ավագը ճանապարհին այդ զինվորին թողեց մարտական դիրքերից մեկի դիրքապահների մոտ` ասելով, որ հետդարձի ճանապարհին կվերցնենք նրան: Եթե նա լիներ մեքենայի մեջ, լավագույն դեպքում մեզ պես վիրավոր կլիներ:
- Գուցե ամենամեծ հրաշքը հենց այն կլիներ, որ այդ օրը դիրքեր չբարձրանայի՞ք:
- Ինչպե՞ս չգնայի. պիտի գնայի, պիտի այնտեղ լինեի, բարին սա էր: Եթե մեզ հետ չկատարվեր այդ դեպքը, կարող էր այդ դիվերսիոն խումբը մեր դիրքերից մեկը գրավել, զինվորներին կոտորեին կամ անգամ գումարտակին վնաս տային:
- Այսքանը տեսնլուց հետո` ցանկություն կա՞ ապաքինվելուն պես վերադառնալ Ձեր զինվորների մոտ:
- Այո, միանշանակ:
«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԷԼ ԱՍՏԾՈՎ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ»
-Ի դեպ, Ձեր եւ զինվորների հարաբերությունների մասին կարելի է որոշակի եզրակացություն կատարել, միայն թերթելով ձեր լուսանկարները: Ինչպե՞ս է հաջողվել ընդամենը 7 ամիս լինելով զորամասում հոգեւոր ծառայության` այդպիսի ջերմ եղբայրական մթնոլորտ ստեղծել:
- Մեր զորամասը մյուս զորամասերից տարբերվում է որոշ չափով: Այնտեղ հոգեւոր սպասավորը ավելի շատ հնարավորություն ունի զինվորների հետ ժամանակ անցկացնելու: Առանձին-առանձին կամ խմբերով անընդհատ շփվում ես զինվորների հետ եւ մտերմությունը կամաց-կամաց ձեւավորվում է: Ծառայության ընթացքում միշտ հոգեւորականի հետ անկեղծանում են զինվորները` իրենց խնդիրների, հոգսերի մասին: Եվ հոգեւորականը` Աստծո, եկեղեցու սպասավորը, իրենց օգնում է, որպեսզի ավելի մտերմանան Աստծո հետ եւ այդ մտերմությունն իրենց շատ է օգնում:
- Լինելով զինվորին ամենամոտ կանգնած անձը` ի՞նչ կասեք նրանց պատրաստվածության մասին:
- Այս դեպքը ձեզ ապացույց, որ մեր զինվորները լավ պատրաստված են ու կարողանում են թշնամու պատրաստված խմբերին հետ մղել:
- Նույն այս դեպքի օրինակով կարելի՞ է ասել, որ զինվորները հոգեւոր առումով էլ զորացած են...
- Վստահաբար, մեր զինվորներն էլ Աստծով են առաջնորդվում: Զինվորներ են եղել, որ ասում են` սարկավագ, հիշո՞ւմ ես, որ ասացիր` երբ դիրքերում վախենաս, աղոթք արա, Աստծուն խնդրիր, որ վախդ դուրս հանի, այն օրը ձայներ էի լսում թշնամու կողմից, աղոթել եմ ու հերթապահությունս հանգիստ է անցել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հերոս վարորդի` ժամկետային զինծառայող Արթուր Բալայանի հետ զրույցը, ով փրկել է 4 կյանք, կներկայացնենք «Իրավունք» թերթի հաջորդ համարում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

