ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՄԵՋ Է
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՄԵՋ Է
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ օգոստոսի 24-ին, պաշտոնապես հերքել է «Տասս.ռու» լրատվական գործակալության կողմից տարածած ադրբեջանական զինված ուժերի այն սուտ տեղեկությունը, թե հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետևանքով հայկական կողմը կորուստներ է կրել.
«Նման բան չկա և այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է, թեև լարվածություն կա Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում»,- ասել է ՊՆ մամլո խոսնակը:
Կայքը մեջբերել է նաև Լեռնային Ղարաբաղի ՊԲ կողմի հաղորդագրությունը, համաձայն որի՝ «անցած հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը ակտիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը հայկական դիրքերի ուղղությամբ, հարվածելով 60, 80 և 120 մմ-անոց ականանետերից: Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15 վիրավոր»:
«Տասս.ռու»-ն տեղեկացրել է նաև, որ՝ «ՊԲ ստորաբաժանումները ողջ առաջնագծի երկայնքով շարունակում են վերահսկել իրավիճակը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները»:
Զարմանալին այն է, սակայն, թե ինչքան են երկարել ադրբեջանական քարոզչամեքենայի ճիրանները, երբ սեփական լրատվամիջոցներով սուտ տեղեկություններ տարածելուց բացի սկսել են «օգտվել» նաև ռուսական լրատվամիջոցների «ծառայություններից», ամենայն հավանականության իրենց երկրի ներսում ներքին սպառողի համար հորինվող ստերին առանձնահատուկ «շուք և արժանահավատություն» հաղորդելու նպատակով: Նման ստահոդ լուրերի տարածումը հերթական անգամ ասպացուցում է որ սեփական ստի մեջ խեղդվողը սկսել է ձեռքերը փրփուրներից գցել, առանց գիտակցելու, որ նույն աղբյուրում հրապարակվող հայկական կողմի հերքումը կարող է նույնքան կոշտ ու անվրեպ լինել, ինչքան սահմանային հրադադարը խախտելու դեպքերի ժամանակ է:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk