Բժիշկ. «ՇՈԳ ԵՂԱՆԱԿԻՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
Արխիվ 12-16Բժիշկ. «ՇՈԳ ԵՂԱՆԱԿԻՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության կլինիկայի (ք.Մոսկվա) բժիշկ-օրդինատոր ՄԻՇԱ ՊԱՐՈՆՅԱՆԸ «Իրավունքի» այն դիտարկմանը, թե արդյո՞ք շոգ եղանակին շատանում են սիրտ-անոթային խնդիրները, հետևյալ կերպ արձագանքեց. «Այո´, միանշանակ շատանում են սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց խնդիրները՝ կապված սրտային անբավարարության խորացման, ինչպես նաև արյան ճնշման տատանումների հետ: Նշված խնդիրները խորանում են կապված շոգ եղանակին ջրաղային փոխանակության խանգարման հետ»:
Բժշկի փոխանցմամբ՝ նման դեպքերում հարկ է ժամանակին ընդունել բուժող բժշկի կողմից նշանակված դեղորայքը, աշխատել ֆիզիկապես չծանրաբեռնվել ու չչարաշահել ալկոհոլային խմիչքները:
Հետաքրքրվեցինք, թե որ նշանների դեպքում պետք է հատկապես զգոն լինել, Մ. Պարոնյանը մատնանշեց. «Արտահայտված հևոց, ցավ կրծքավանդակում, որը կապված չէ շարժումների և շնչառության հետ, արյան ճնշման կտրուկ տատանումների դեպքերում: Հետագա բարդություններից խուսափելու համար, հարկ է հրավիրել մասնագետի»:
Բժշկի խոսքով՝ միայն էլեկտրասրտագրությունը (ԷԿԳ) քիչ է հստակ ախտորոշելու համար. «Պետք է պարտադիր կատարել էխոսրտագրություն, ինչպես նաև արյան մեջ Տրոպոնին կոչվող սպեցիֆիկ մարկերի որոշում, եթե վերը նշված հետազոտությունները ցույց կտան որևէ շեղում, հարկավոր է կատարել նաև ավելի խորը հետազոտություններ. ծանրաբեռնվածության Տրեդմիլ թեստ, հոլթեր մոնիտորինգ, կորոնոգրաֆիա (սրտի անոթների ստուգում) և այլն»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk