ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ
Արխիվ 12-16ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ
Աշունը հագեցած կլինի Հայաստանի ազգային հերոս ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումներով: Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին անցկացվելու են գիտաժողովներ, մրցաշարեր, հուշ ցերեկույթներ ու Ազգային հերոսի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ: Այս մասին ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ի դեպ, այդ առթիվ երեկ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվեց հոբելյանական հանձնաժողովի նիստ, որին մասնակցեցին նաեւ Թաթուլ Կրպեյանի հարազատները:
Հոբելյանական հանձնաժողովի քարտուղար ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ ըստ ծրագրի նախատեսված 28 միջոցառումներից 14-ն արդեն իրականացվել են. «Մասնավորապես` նորոգվել է Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանը, կազմակերպվել են համերգային ծրագրեր, գիտաժողովներ, հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ
մամուլով տարածվել են տեղեկատվական նյութեր, իսկ այս պահին կատարվում են Ազգային հերոսի հուշահամալիրի շրջակայքի բարեկարգման աշխատանքներ: Սեպտեմբեր ամսին Երեւանում կբացվի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի, կանցկացվի Ազգային հերոսի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային հուշամրցաշար, հոկտեմբերին էլ Երևանի պետական համալսարանում կկազմակերպվի կոնֆերանս»։
Ըստ միջոցառումների ծրագրի՝ տոնակատարությունների եզրափակիչ փուլում նախատեսվում է կազմակերպել հանդիսավոր միջոցառում` նվիրված Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին։
Ի դեպ, Երեւանի Պետական համալսարանի «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը նույնպես այս տարի նվիրված կլինի հերոսի հիշատակին։
Հիշեցնենք, որ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը 1990թ. սեպտեմբերին մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ.
սեպտեմբերից մինչեւ 1991թ. մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի եւ ոստիկանական խմբավորումների։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ` Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...»։ Վերջին անգամ, երբ գալիս է Երեւան, գնալիս ասում է հետեւյալը. «Գիտեմ, որ Երեւան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»:
Մահացել է 1991թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

