«ՀՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՄԵԶ` ՇԱՄՇԱԴԻՆՈՒՄ ՈՉ ՄԵԿԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ ԻՐ ՀԱՅՐԵՆԻ ՕՋԱԽԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ»
Արխիվ 12-16«ՀՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՄԵԶ` ՇԱՄՇԱԴԻՆՈՒՄ ՈՉ ՄԵԿԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ ԻՐ ՀԱՅՐԵՆԻ ՕՋԱԽԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ»
Ի տարբերություն ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, ով որոշեց իր ամառային արձակուրդը Ցեղասպանության 100-րդ տարելիցին անցկացնել Թուրքիայում` իրեն նետելով Անթալիայի ջրերը, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության խորհրդի նախագահ ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ, ինչպես եւ նշել էր ամիսներ առաջ, իր հանգիստն անցկացնում է հայրենի սահմանամերձ Բերդում: Օրերս «Իրավունքը» լինելով Տավուշում` Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոնին հանդիպեց նրա հետ.
- Ես ասել եմ, որ հանգստանալու եմ իմ հայրենի գյուղում: Բերդը երբեք էլ քաղաք չեմ համարել, այն իմ հայրենի համայնքն է: Այստեղ եմ ծվել, այստեղ մեծացել ու այստեղ էլ ավարտել եմ դպրոցը եւ շարունակում եմ այստեղ անցկացնել իմ բոլոր տարիների հանգիստը: Կարծում եմ` այդպես էլ շարունակվելու է եւ կոչ եմ անում իմ բոլոր հայրենակիցներին` իրենց հանգիստը մեկ շաբաթով անցկացնել հայրենի օջախներում, թող դրանով լիցք հաղորդեն իրենց հայրենի բնակավայրերին:
– Ասում են` լիարժեք հանգիստը պետք է վայելել տանից հեռու, Ձեզ հաջողվո՞ւմ է այդ հանգստությունը գտնել հենց տանը:
– Իհարկե, եւ իմ հայրենակից բոլոր շամշադինցիներին խնդրում եմ, որ յուրաքանչյուր տարի գոնե մեկ շաբաթ իրենց հանգիստը անցկացնեն Շամշադինում` իրենց հայրենի օջախում, իրենց հայրենի տանը, իրենց ծնողների, իրենց քույրերի, եղբայրների, զավակների հետ: Կարծում եմ` դրա արձագանքը կլինի միայն դրական: Եվ այս հարցում պատրաստ ենք ամեն ինչով աջակցելու:
– Պարոն Մելիքյան, ի՞նչ թիվ են կազմում Բերդից հեռացած շամշադինցիները, եւ արդյո՞ք նրանց հեռանալը մեծամասամբ ժամանակավոր բնույթ ունի:
– Հուրախություն մեզ` Շամշադինում ոչ մեկը նպատակ չունի իր հայրենի օջախը վաճառելու, եւ բոլորը պահպանում են իրենց տները: Դրա համար ցանկանում եմ, որ տարվա մեջ գոնե մի շաբաթով վերադառնան իրենց տունը, շենացնեն իրենց գյուղը, համայնքը: Եվ այսօր հոգով ու սրտով ուրախ եմ, որ Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոնի հյուրերն ամեն տարի ավելանում են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk