Իր զինվորների հետ թշնամու դիվերսիոն փորձը կանխած սարկավագը հերոսաբար հաղթահարեց նաեւ վիրահատությունը
Արխիվ 12-16ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՎԵՐՍԻՈՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽԱԾ ՍԱՐԿԱՎԱԳԸ ՀԵՐՈՍԱԲԱՐ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՆԱԵՎ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսի 11-ի երեկոյան ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված հետախուզական դիվերսիոն գործողության փորձի հետեւանքով գլխի հատվածում վիրավորում է ստացել զորամասում իր հոգեւոր ծառայությունն իրականացնող 24-ամյա ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հովհաննես սարկավագի ձեռքը վիրահատել են Արցախում, իսկ երեկ ուշ երեկոյան վիրահատել են ճակատը (ոսկորի բեկոր է եղել գլխում, որը պետք է հեռացվեր): Այս պահին մեր հերոսը գնում է դեպի ապաքինման, ավելին` «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ: Տեղի ունեցածի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. ԶԱՔԱՐԻԱ վարդապետ ԲԱՂՈՒՄՅԱՆԸ ` մասնավորապես նշելով, որ այսօր շատերն են հայրենասիրությունից խոսում եւ աջ ու ձախ քննադատում բոլորին, այդ թվում` նաեւ Մայր Եկեղեցուն, բայց քչերն են այդ հայրենասիրությունն իրենց կյանքի օրինակով ցույց տալիս. «Ահա նմանատիպ գործնական հայրենասիրության եւ ազգասիրության վառ օրինակ է հայոց բանակում ծառայող մեր սարկավագ եղբայրը, ով օրեր առաջ մի քանի զինվորների հետ կանխեց թշնամու հետախուզական դիվերսիոն փորձը` հրազենային վնասվածք ստանալով եւ տեղափոխվելով Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալ»: Ապա հավելել. «Իսկապես հպարտ եմ, որ մենք նման եկեղեցականներ ունենք: Շուտափույթ ապաքինում եւ քաջառողջություն եմ մաղթում նրան ու մեր զինվորներին: Ի դեպ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այսօր մեր ազգային բանակում իրենց հոգեւոր
սպասավորությունն են անցկացնում շուրջ 50 հայ եկեղեցական, ովքեր անաղմուկ, բայց ազգային-հոգեւոր բարձր գիտակցությամբ հայ զինվորի կողքին են` սահմանամերձ եւ թեժ վայրերից սկսած մինչեւ ռազմական կրթական ուսումնական հաստատությունները»:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ ԶՈՒ հոգեւոր փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. ՄՈՎՍԵՍ աբեղա ՍԱՐԳՍՅԱՆԸ, լինելով «Իրավունքի» հյուրը, անդրադարձել էր զորամասերում հոգեւոր սպասավորություն իրականացնող հոգեւորականներին ու ընդգծել. «Նրանք միշտ լինում են իրենց զորամասի հետ, իրենց զինվորների հետ, պարբերաբար այցելում են մարտական դիրքեր, քաջալերում զինվորներին, օրհնում, աղոթում նրանց համար: Նույնպես տարբեր առիթներով շրջում են դիրքերով եւ փորձում են բարոյահոգեբանական
մթնոլորտը բարձր պահել, փորձում են ոգեւորել նրանց, որպեսզի ավելի քաջ գիտակցեն իրենց պարտականությունը: Ինչպես նաեւ գիտակցեն, որ իրենք այնտեղ շատ մեծ ու կարեւոր խնդիր են իրականացնում, որը ոչ միայն չի հակասում քրիստոնեությանը, հավատքին, մեր Եկեղեցուն, այլ ընդհակառակը, իրենք տվյալ դեպքում կատարում են Աստծո պատվիրանը, այն է`«Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մարդ իր անձը վտանգի է ենթարկում հանուն իր բարեկամների»: Տվյալ դեպքում զինվորները գտնվելով առաջին գծում` կատարում են Աստծու պատվիրանը, որովհետեւ նրանք իրենց կյանքը վտանգի են ենթարկում հանուն իրենց բարեկամների, հանուն իրենց սրբությունների, իրենց հայրենիքի եւ իրենց հավատքի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
