Ի հեճուկս ադրբեջանի` Լ. Կազարնովսկայան երեւանյան համերգից հետո հնարավոր է կրկին գնա Արցախ
Արխիվ 12-16Ի հեճուկս ադրբեջանի` Լ. Կազարնովսկայան երեւանյան համերգից հետո հնարավոր է կրկին գնա Արցախ
ՌԴ վաստակավոր արտիստ, օպերային դիվա ԼՅՈՒԲՈՎ ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՆ, ադրբեջանի սեւ ցուցակում հայտնվելուց հետո, կարծես ավելի է ամրացնում կապերը հայերի հետ: Դիվան տենոր, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ Սեպտեմբերի 4-ին հանդես կգան համատեղ բարեգործական համերգով` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Բարեգործական համերգից ստացված հասույթը կտրամադրվի Երեւանում օպերային արվեստի ակադեմիայի կառուցմանը:
Հիշեցնենք, որ ռուս հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը
հայտնվեց ադրբեջանական սեւ ցուցակում, երբ երգչուհին ամիսներ առաջ այցելեց Արցախ եւ Ստեփանակերտի երաժշտական դպրոցում վարպետության դասեր անցկացրեց, ինչը, նյարդայնացրեց Ադրբեջանին: Կազարնովսկայան արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ն տխրահռչակ ցուցակում հայտնվելուն ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ հպարտ է Մոնսերատ Կաբալյեյի հետ նույն ցուցակում հայտնվելու համար` նկատի ունենալով իսպանացի աշխարհահռչակ օպերային աստղին, ով Արցախ այցելելուց հետո նույնպես հայտնվել էր ադրբեջանական սեւ ցուցակում. «Մոնսերատ Կաբալյեյի հետ նույն ցուցակում եմ, ինչով չափազանց հպարտ եմ: Լեռնային Ղարաբաղը հոյակապ վայր է, որտեղ ես երիտասարդ ստաժորների էի տարել: Ես չեմ մտահոգվում: Քանի դեռ աշխարհում գոյություն ունի ագրեսիա, աշխարհում խաղաղություն չի լինի: Այնտեղ` Ղարաբաղում, մարդիկ տրամադրված են առանց պատերազմի աշխարհին, երեխաների ծննդին»,- ասել է դիվան:
Ի դեպ, երգչուհին անտեսելով Ադրբեջանի սեւ ցուցակները մտադրված է երկարաժամկետ համագործակցել մշակույթի գործիչների հետ եւ պատրաստվում է սեպտեմբերին նորից այցելել Արցախ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk