ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՎԱՃԱՌՎԵՑ 30 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ
Արխիվ 12-16ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՎԱՃԱՌՎԵՑ 30 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող եւ ՀՀ-ի սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ը վաճառքի ձևով օտարել «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ վաճառքի գինը կկազմի 30 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Գնորդը պարտավորվում է 6 ամիս ժամկետով առնվազն 55.000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել ՊՈԱԿ-ում փաստացի աշխատող 99 աշխատողների հետ, ինչպես նաև պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը և օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել Կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող միջոցառումները:
Նախագծով առաջարկվում է նաև հավանության արժանացնել ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 100 միլիոն ԱՄՆ դոլարը: «Ներդրումային ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել չորս տարվա ընթացքում, այդ թվում՝ հիմնել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև ապահովել 250 նոր աշխատատեղի ստեղծում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk