Վերջին հրաժեշտը` Լ. Մելիք-Շահնազարյանին. «ՈՍԿԱՆԱՊԱՏԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ ՁԵՐ ԱՉՔԵՐԻ ԿՐԱԿԸ ԵՍ Ո՞ՒՐ ՓՆՏՐԵՄ»
Արխիվ 12-16Վերջին հրաժեշտը` Լեւոն Մելիք-Շահնազարյանին. «ԱՐՑԱԽԻ, ԳԱՆՁԱԿԻ, ՈՍԿԱՆԱՊԱՏԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ ՁԵՐ ԱՉՔԵՐԻ ԿՐԱԿԸ ԵՍ Ո՞ՒՐ ՓՆՏՐԵՄ»
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Գանձակի հայերի ինքնապաշտպանության ակտիվ մասնակից ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հոգեհանգստի արարողությունը: Անվանի պետական-քաղաքական գործչի հարազատներին ցավակցելու էին եկել քաղաքական գործիչներ, հասարակական, մշակութային այրեր, գործընկերներ:
Լ.Մելիք-Շահնազարյանի մահվան բոթը խոր ցավ է պատճառել ոչ միայն Մելիք-Շահնազարյան ընտանիքին, այլեւ յուրաքանչյուր իսկական հայի, որոնցից շատերը նաեւ սոցցանցերում կիսվել են իրենց մտորումներով: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ.
«Ծանր օր, ծանր կորուստ... խոսքեր չեմ գտնում ... էլի՛, ավելի՛ որբացա... իմ շատ սիրելի, իսկական, ազնվագույն, արժանապատիվ, անմնացորդ նվիրյալ, իմ ավագ ընկեր Լեւոն Մելիք-Շահնազարյան, բա ո՞նց պիտի անենք առանձ Ձեզ, բա Արցախի, Գանձակի, Ոսկանապատի մասին խոսելիս Ձեր աչքերի կրակը ես ո՞ւր փնտրեմ… Պատիվ ունեմ»:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ.
«Այսօր բոլորս կորուստ ունեցանք, անխտիր բոլորս: Մեզ լքեց Լեւոն Մելիք-Շահնազարյանը, մարդ, ում կյանքը դարձավ իսկական հանրագիտարան ու օրինակ երիտասարդ սերունդների համար: Երկրային կյանքը
լքեց նա, ում համար հայրենասիրությունը ոչ թե պաթոսով արտահայտվող խոսքեր էին, այլ կյանքի իմաստ: Կյանքով ու կենցաղով սակավապետ, գրիչով` անասելի սուր: Նա զինվոր էր մարտի դաշտում` Արցախի Հանրապետության կերտողներից մեկը, իսկ հետո արդեն իր պայքարը տեղափոխվեց երիտասարդ սերունդներին կրթելու անասելու դժվար ու պատասխանատու գործին:
Ցանկացածիս համար, որ բախտ է ունեցել շփվել Լեւոն Հրանտովիչի հետ, ինչ-որ բան պակասեց, մեր երկիրն էլ զրկվեց իր գունապնակի վառ գույներից: Հիշատակն Արդարոց Օրհնությամբ Եղիցի...»:
Հաղորդավար, ռեժիսոր ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ.
«Լեւոն Մելիք-Շահնազարյանի մահը ահազանգ է այն բանի, որ մենք կամաց-կամաց կորցնում ենք մեր ժամանակների լավագույններին` գաղափարի նվիրյալներին: Լինելով քաղաքագետ ու բացառիկ վերլուծաբան` նա երբեք չէր զլանում
հեռախոսազանգով, պարզապես պատահական հանդիպման ժամանակ թե նախապես պլանավորած` որեւէ հարցի հիմնավոր ու դիպուկ վերլուծական պատասխան տալ: Երբեմն նույնիսկ ինքն էր ասում` որն է կարեւոր, որը` ոչ, ասում էր` ես էնքան ինֆորմացիա ունեմ, եթե ուզես` գրի, կասեմ... ոգեւորվում էր ու շատ օգնում: Թե՛ Զինուժում աշխատելուս տարիներին, եւ թե՛ դրանից հետո` Հանրային ռադիոյում կամ այլ տեղ` միշտ իրավունք ունեի դիմելու, օգնություն խնդրելու... Խորին ցավակցություններս նրա ընտանիքին, ու միեւնույն ժամանակ` հարգանքներս, քանի որ Լեւոն Մելիք-Շահնազարյանն արժանի ժառանգներ ունի»:
Հիշեցնենք, որ Լ. Մելիք Շահնազարյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին, ժամը` 13:00-ին, նույն վայրից:
Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk