«Սահմանադրության նախագծի 36–րդ հոդվածի 1- 3 կետերն ուղղված են հայ ավանդական ընտանիքի խարխլմանը»
Արխիվ 12-16«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ 36–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1- 3 ԿԵՏԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԽԱՐԽԼՄԱՆԸ»
Ըստ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՀՀ նոր սահմանադրության նախագծում առկա են վտանգավոր դրույթներ, որոնք լուրջ վտանգներ են պարունակում Հայաստանի ինքնիշխանության, ազգային արժեհամակարգի եւ ինքնության խարխլման առումով: Վերոնշյալ դրույթների թվում է նաեւ Սահմանադրության հոդված 36-ը, որը վերաբերում է Երեխայի իրավունքներին:
«1993 թ.-ին Հայաստանը վավերացրել է «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան, 1996 թ.- ից Հայաստանում գործում է «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը, իսկ 1996 թ.-ից սկսած մինչ օրս ի՞նչ համապարփակ եւ համապետական մաշտաբի բազմակողմանի ուսումնասիրություններ եւ վերլուծություններ են կատարվել երեխաների իրավունքներին վերաբերվող հիմնահարցերի վերաբերյալ, որոնց արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ՀՀ կողմից վավերացրած փաստաթղթերը եւ ՀՀ- ում գործող «Երեխաների իրավունքների մասին» օրենքը այլեւս բավարար չեն երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված ոլորտը կարգավորելու համար եւ դրա համար անհրաժեշտ է նոր սահմանադրության մեջ մի ամբողջ հոդված նվիրել երեխաների իրավունքներին», - այսպիսի հարցադրմամբ է հանդես եկել Հ. Այվազյանն ու մանրամասնել. «Արդյո՞ք Հայաստանում երեխաների իրավունքները ոտնահարվում են, արդյո՞ք երեխաները Հայաստանում ենթարկվում են մասսայական բռնությունների, խոշտանգումների, սեռական կամ այլ բնույթի շահագործման: Երեխաների հետ կապված ի՞նչ հիմնահարցերի կարգավորմանն է ուղղված նոր սահմանադրության նախագծի երեխաների իրավունքներին նվիրված հոդվածը: 36-րդ հոդվածի առաջին կետում ասվում է`
1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան` հաշվի է առնվում նրան վերաբերող հարցերում:
Հայաստանի Հանրապետության սահմանադրության ո՞ր հոդվածով կամ ո՞ր օրենքներով են սահմանվում, թե երեխայի որ կարծիքն է համապատասխանում նրա տարիքին եւ հասունության մակարդակին: ՀՀ օրենսդրության մեջ նման սահմանումներ չկան»։
Ի դեպ, ՀՀ սահմանադրության նախագծի 36– րդ հոդվածում տեղ գտած դրույթները պարզաբանելու համար, հղում է կատարվում 2009 թ․- ին երեխաների իրավունքների հանձաժողովի կողմից ընդունված, «ընդհանուր բնույթի դիտողություններ» կոչվող 12–րդ համարի փաստաթղթի վրա, որի մեջ ամրագրված դրույթները տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրենի պնդմամբ, մեղմ ասած, մտահոգիչ են, հստակ ձեւակերպումներ չեն պարունակում, կամայական մեկնաբանությունների հնարավորություն են տալիս. «Պետությունները պետք է խստորեն առաջնորդվեն միայն այս փաստաթղթի դրույթներով եւ իրենց հայեցողությամբ որեւէ քայլերի դիմելու իրավունք չունեն։ Հանձնաժողովն ընդգծում է, որ երեխայի կողմից իրենց կարծիքը արտահայտելու համար տարիքային որեւէ սահմանափակում չկա։ Ավելին` երեխան պարտավոր չէ խորը գիտելիքներ ունենա իրեն վերբերվող հարցերում, այլ պետք է իմանա այնքան, որքան որ բավարար է իր կարծիքը արտահայտելու համար: Օրինակ, եթե երեխան սեռական հասունության շրջանում ցանկություն է հայտնում էրոտիկ բնույթի կամ միասեռականություն քարոզող նյութեր դիտել կամ կարդալ (այցելելով` օրինակ, լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների եւ տրանսգենդերների ապրելակերպի քարոզ իրականացնող «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի պաշտոնական կայք, որը հասանելի է համացանցում), չունենալով խորը գիտելիքներ իր գործողությունների բացասական հետեւանքների մասին, ապա երեխայի այդ քայլը, ըստ վերը նշված փաստաթղթի հեղինակների, պետությունը պետք է խրախուսի եւ պետք է նպաստվի երեխայի այդ կարծիքի լիարժեք արտահայտմանը առանց երեխայի տարիքը հաշվի առնելու»։ Ավելին` վկայակոչելով նույն փաստաթուղթը Հ. Այվազյանն ընդգծում է. «Սեփական հայացքները ազատ արտահայտելու իրավունքի տակ պետք է հասկանալ, որ երեխան պետք է արտահայտի իր կարծիքը ինքնուրույն, առանց կողքից միջամտության։ Օրինակ, եթե ծնողը արգելում է իր երեխային դիտել այլասերող բնույթի նյութեր կամ արգելում է գնալ վիճաբանության, ստրիպ-ակումբ կամ երեխայի պաշտպանության համար այլ արգելող գործողություններ է իրականացնում, ապա ըստ փաստաթղթի հեղինակների, խախտվում է երեխայի սեփական հայացքները ազատ արտահայտելու իրավունքը»։ Հավելենք, որ երեխաների իրավունքների հանձնաժողովը մերժել է հստակ սահմանաել այն հարցերի շարքը, որոնք վերբերվում են երեխային եւ արձանագրել են, որ այդ հասկացությունը պետք է հասկանալ լայն իմաստով, ինչի մասին Հ. Այվազյանը շեշտում է. «Այսինքն` լայն իմաստի տակ կարելի հասկանալ վերը նշված բոլոր բացասական երեւույթները եւ բազում նման դեպքեր։ Համաձայն այս կետի, երեխային տրվում է լսելի լինելու իրավունքը երեխայի նախաձեռնությամբ հարուցված քննության ընթացքում իր հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք ցույց տալու բողոքի հիման վրա։ Ընդ որում` ասվում է, որ քննության ժամանակ երեխայի ներկայացուցիչները կարող են լինել ծնողները, փաստաբանը կամ օրինակ սոցիալական ծառայության աշխատակիցը։ Սակայն հանձնաժողովն ընդգծում է քննության ընթացքում երեխաների եւ ծնողների շահերի բախման ռիսկի մասին։ Այդ ո՞ր շահերի բախման մասին է խոսքը։ Ստացվում է, որ երեխային պետք է պաշտպանել իր ծնողների՞ց: Փաստորեն երեխայի բողոքի հիման վրա կարող է նշանակվել քննություն, որի ժամանակ երեխայի կարծիքը պետք է լսվի օտար մարդկանց կողմից եւ ցանկալի է գաղտնիության պայմաններում։ Իսկ թե ովքե՞ր այդ անձիք, ի՞նչ աշխարհահայացք եւ արժեքային համակարգ նրանք ունեն հայտնի չէ»:
Ուշագրավ է այն փաստը, որ 2015 թ. -ի ապրիլ ամսին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց բանաձեւ որով մտահոգություն հայտնեց այն մասին, որ որոշ եվրոպական երկրներում երեխաներին ընտանիքներից հեռացնում են հապճեպորեն, ինչը հաճախ ողբերգական բնույթ է կրում, երբ երեխաներին որդեգրում են առանց ծնողների համաձայնության: Նկատել է Հ. Այվազյանն ու նշել. «ԵԽԽՎ- ի տվյալներով, Եվրախորհրդի անդամ երկրների մեծամասնությունում սոցիալական ծառայությունները երեխային, առանց դատարանի որոշման, ընտանիքից հեռացնելու ինքնուրույն որոշումներ են կայացնում, որպես հիմք ընունելով երեխայի «ռիսկային խմբում» գտնվելը, մասնավորապես «անուշադրության մատնված» լինելու հանգամանքով պայմանավորված: Ուսումնասիրելով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների եւ Եվրոպական երկրների սահմանադրությունները` հայտնաբերում ենք, որ երեխաների իրավունքներին նվիրված մի ամբողջ հոդված կա ընդամենը երեք պետությունների սահմանադրություններում (Լեհաստան, Սլովենիա, Սերբիա): Պնդում ենք, որ ՀՀ սահմանադրության նախագծի 36–րդ հոդվածի 1 – 3 կետերը իրենց մեջ լուրջ վտանգներ են պարունակում եւ ուղղված են քրիստոնեական արժեքների վրա հիմնված հայ ավանդական ընտանիքի խարխլմանը», - ասված է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk