ՄԱՐԶԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՀՐԱԶԴԱՆԻ ԹԱՏՐՈՆԻՆ
Արխիվ 12-16ՄԱՐԶԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՀՐԱԶԴԱՆԻ ԹԱՏՐՈՆԻՆ
Օգոստոսի 8-ին Հրազդանի դրամատիկական թատրոնում կայացավ «Լոռեցի Սաքոն» ներկայացման առաջնախաղը (ըստ Հ. Թումանյանի համանուն պոեմի): Բեմադրության թույլ եւ ուժեղ կողմերը, երաժշտական ճաշակը գնահատելը թողնելով թատերագետների վերլուծությանը` նշենք, որ թատրոնի անձնակազմը իր ունեցած հնարավորությունների սահմանում կարողացել էր պատվով դուրս գալ այս գործի տակից: Ինչ վերաբերում է հնարավորություններին, ակներեւ էր, որ զրո հնարավորություններով մարդիկ` 4-5 հոգով, բեմադրություն էին դրել ու գրեթե լեփ-լեցուն դահլիճ ապահովել: Նշենք, որ ներկայացման ե՛ւ բեմադրիչը, ե՛ւ երաժշտական ու նկարչական ձեւավորումների հեղինակը, ե՛ւ թատրոնի գեղարվեստական ղեկավարը ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆՆ էր, որին կարելի է համարել Հրազդանի թատրոնի «մահապարտ», ով ոչինչից ինչ-որ բան է ստեղծում ու մի քանի դերասան պահում թատրոնում:
Ինչեւէ, քանի որ թատրոնը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ, ուստի` խելագարված «Լոռեցի Սաքոյին» մի կողմ թողնելով` «Իրավունքը» թատրոնում առկա խնդիրների մասին ներկայացման պրեմիերայից հետո զրուցեց Կոտայքի մարզպետի տեղակալ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ նշեց.
- Կոտայքի մարզում մշակութային ավանդույթները բավականին հարուստ են ու անընդհատ կատարելագործվում են: Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը մեծ ուշադրություն է դարձնում մարզում մշակութային քաղաքականությանը: Այսօր «Լոռեցի Սաքոն» վերտառությամբ ներկայացումը եկավ լրացնելու մարզի մշակութային առօրյայի ուրույն ասպեկտները եւ վսահաբար կարող ենք ասել, որ մաս կազմեց մարզի մշակութային տարեգրությանը: Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ Հրազդանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դրամատիկական թատրոնում, որը եւս մեկ ապացույց է, որ մարզում եւ մարզկենտրոնում մշակութային կյանքը բավականաչափ ակտիվ է:
-Չե՞ք կարծում, որ մարզում մշակութային կյանքն էլ ավելի ակտիվացնելու համար առաջնահերթ է մշակութային օջախների բարելավումը:
- Իհարկե, տարեցտարի բավականին ծրագրեր իրականացվել են եւ համոզմունք պետք է հայտնենք, որ պետական քաղաքականության արդյունքում իրականացվում են մշակութային, կրթական եւ մարզական օջախների հիմնանորոգման աշխատանքներ: Վստահաբար այդ համատեքստում կարող ենք ասել, որ այս թատրոնի շենքին եւս ապագայում նոր լիցքեր են հաղորդվելու:
- Իսկապես, ներկայացումը դիտելուց հետո կարելի է ասել, որ թատրոնում ներուժ կա, ինչը կնպաստի մարզի մշակութային կյանքը զարգացնելուն, բայց դրա համար միջոցներ են պետք: Ի վերջո, Հրազդանի քաղաքապե՞տը, թե՞ Կոտայքի մարզպետը պետք է զբաղվի թատրոնի խնդիրներով:
- Թատրոնը մարզային մշակույթի կենտրոնի տարածքում է գործում, բայց որպես թատրոնի կարգավիճակ` Հրազդանի քաղաաքապետարանի ենթակայության տակ է: Վստահեցնում եմ, որ բավականին աշխատանք արվում է, եւ անընդհատ կատարելագործվում է այս թատրոնի գործունեությունը: Ուղղակի, մենք խոսում ենք այսօր այս պահի մասին, բայց ես լինելով պաշտոնատար անձ եւ մի փոքր ավելի երկար գտնվելով Հրազդանի մշակույթի կողքին` ամեն ինչ դիտարկում եմ համեմատության մեջ: Վստահ եմ, եթե Դուք դիտած լինեիք նախորդ ներկայացումը, նախորդի նախորդը եւ այսօրվանը, ապա համեմատության մեջ կարող էիք ասել, որ հսկայածավալ աշխատանք արվել է ներդրումների իմաստով եւ հսկայածավալ աշխատանք էլ, բնականաբար, արվելու է առաջիկայում: Պետք է ամեն ինչ դիտարկել համեմատության եւ շարունակականության
մեջ: Իսկ այսօր մնում է շնորհավորել բոլորիս` ինչպես մեր հանրապետության, այնպես էլ մեր մարզի արվեստասեր հասարակությանը, որ մարզային թատրոնում կարողացանք տեսնել ժամանակի մտածողությանը հարիր եւ բավականին ուրույն մտահաղացում իր մեջ պարունակող ներկայացում:
- Կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ մարզի պաշտոնյաները հնարավորին չափ ամեն ինչ կանեն, որպեսզի թատրոնը ոչ միայն գոյատեւի, այլեւ բարգավաճի:
- Բարձր պաշտոնյաները դա անում են եւ այն մարզում առաջնահերթ ուղղություն է: Նորանշանակ մարզպետի ծրագրերում մշակութային ասպեկտը ունի իր առաջնայնությունը, որի դրական ազդակների ականատեսը առաջիկայում կլինի մեր հասարակությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հրազդանի թատրոնի խնդիրների եւ անհրաժեշտ լուծումների մասին առավել մանրամասն կարդացե՛ք առաջիկա տպագիր «Իրավունքում», որը լույս կտեսնի օգոստոսի 20-ին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk