«ՀԱՅԿԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԲԱՑՈՒՄ ԵՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Արխիվ 12-16«ՀԱՅԿԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԲԱՑՈՒՄ ԵՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
«Հայկական Շրջանակ» նախաձեռնությունը ներկայացնում է եռօրյա մշակութային ձեռնարկ, որի շրջանակներում օգոստոսի 12-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, տեղի կունենա հայկական տարազի էթնո մշակութային դիմագիծը ներկայացնող լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսի բացումը: Երիտասարդական այս նախաձեռնության շրջանակներում նախապես հայտարարված լուսանկարչական մրցույթը ստացել էր 40-ից ավելի հայտ, մինչ դեռ այս փուլի համար մնացել են 8-ից 9-ը լուսանկարիչների աշխատանքներ, քանի որ մրցույթը սկզբունքային էր, ներկայացնել ոչ թե մեկ լուսանկար, այլ ֆոտոշարք: Լուսանկարիչների աշխատանքները գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմը գաղտնի է պահվում: Նախագծի այս փուլին մասնակցում են նաև 5 երիտասարդ դիզայներներ-մոդելավորողներ, ովքեր ունեն բուն հայկական թեմայով հավաքածուներ: «Հայկական շրջանակի» շրջանակները «Իրավունքի» ընթերցողների համար բացում է նախաձեռնության հեղինակ եւ համակարգող՝ ՍՈՆԱ ՏՈՆԱԿԱՆԱՅԱՆԸ.«Հայկական շրջանակը»-ը նախաձեռնություն է, որի առաջին փոքր կետն այս մրցույթ-ցուցահանդեսն է: Սկսում ենք երիտասարդական ինտերակտիվ ծրագրով, բայց մեր շրջանակը սեպտեմբերից առավել կլայնանա, կհարստանա նոր գաղափարներով, որոնք արդեն կան և Հայաստանում կլինի երիտասարդական նախաձեռնություն, որը միտված է պահպանելու և տարածելու ազգայինը»:
ԿԻՐԱՌԵԼԻ ԿԴԱՐՁՆԵՆՔ ԵՐԲԵՄՆԻ ՄՈՌԱՑՎԱԾ ԿԱՄ ԿԻՍԱՄՈՌԱՑՎԱԾ ԿԱՐԵՎՈՐՆԵՐԸ
-Ինչպե՞ս առաջացավ այս նախաձեռնության գաղափարը, եւ քանի՞ քայլ հարկավոր եղավ այն կյանքի կոչելու համար:
-Երբևէ չեմ իմացել որևէ գաղափար ինչպես է հայտնվում, փոխարենը գիտեմ, ինչպես գաղափարը դարձնել ծրագիր և իրականացնել: Ինչ-որ ներքին հիմք կա ու կարծում եմ նաև անհրաժեշտություն: Պետք էր ու եղավ: Չակերտներն առայժմ չէի ցանկանա շատ բացել, բայց ունենք կոնկրետ մշակված քայլեր, որոնք կիրառելի կդարձնեն երբեմնի մոռացված կամ կիսամոռացված կարևորները: Իհարկե ամեն բան չէ, որ հեշտ է եղել, բայց դժվարությունների մասին խոսել չեմ ուզում, մեր կողքին կան մարդիկ, ովքեր աջակցում են: Շատ շնորհակալ ենք Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնին, մասնավորապես կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանին, ինչպես նաև Տերյան Մշակութային կենտրոնին, Լևոն Իվանյանին, Happy print տպագրատանը, «Սփյուռքից հայրենիք» ՀԿ-ին:
- Առաջնային նպատակների մասին...
-Որևէ նախաձեռնություն սկսելուց առաջ կարևորը նպատակն է: «Հայկական շրջանակը» նպատակային մի քանի ենթաշերտեր ունի, բայց առաջնայինը գեղարվեստական է: Նպատակ ենք հետապնդել լուսանկարի միջոցով ներկայացնել ազգային արժեք, երիտասարդ լուսանկարիչներին հնարավորություն տալ ներկայանալու և ունենալ սեփական ցուցահանդեսը, կամ լինել մասնակից ցուցահանդեսի: Ի վերջո` ստեղծել նոր արժեք հիմքում ունենալով հինը:
ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐՐԵՐՈՎ ՈՃԱՎՈՐՎԱԾ ԶԳԵՍՏՆԵՐ
Մշակութային ձեռնարկի երեք օրերի ընթացքում նախատեսված են տարբեր միջոցառումներ, որոնց մասին «Իրավունքին» պատմեց «Հայկական շրջանակ» նախաձեռնության գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՅԱՆԸ. «Ինչ լինում է անընդհատ ասում եմ` կարևորը սիրով ու պատասխանատվությամբ: Կարծում եմ կհամաձայնեք, որ միայն ցուցահանդես-մրցույթ անելը, մեր 40 հոգանոց ամբիցիոզ ու ռեսուրսներով օժտված թիմի համար, մի քիչ չոր կլիներ... Որոշեցի օգտագործել ամեն ինչ, թե ինչի մասին է խոսքս, կհասկանան նրանք, ովքեր կգան ցուցահանդես-մրցույթի բացմանը: Մեր մասնակից դիզայներ-մոդելավորողների աշխատանքերը ևս հետաքրքիր են, ոչ պոդիումային ցուցադրության ենք ներկայացնում նաև այդ զգեստները, որոնք ոճավորված են հայկական տարրերով»:
-Ձեռնարկի երկրորդ օրը նախատեսված է անցկացնել «Հայկական տարազը և էթնո մշակույթը մեր օրերում» խորագրով գիտաժողով, ներկայացրեք այս գիտական ֆորումի նպատակը:
- Նախագծի երկրոդ օրը լուրջ մասն է: Բազմիցս շեշտել ենք, որ նախագիծը
երիտասարդական է, նախաձեռնել են երիտասարդներ, մասնակցում են երիտասարդներ, բայց այս երիտասարդական շրջանակը հատուկ տեղ է հատկացրել մեծերին, ովքեր այդ օրը կլոր սեղանի շուրջ կքաննարկեն հայկական տարազը, խաղերը, ծեսերը, պարը և խոհանոցը: Կպատասխանեն երիտասարդների հարցերին և ինչու ոչ կհնչեցնեն կոնկրետ առաջարկներ: Մեզ մոտ լինելու են Գագիկ Գինոսյանը, Սվետլանա Պողոսյանը, Քնարիկ Միրզոյանը, Լալա Մնեյանը և այլ մասնագետներ:
-Ծրագրի փակման արարողությունը կարելի է ասել ամենապատասխանատու փուլն է…Ինչպե՞ս եք ավարտելու ծրագիրը:
-Երրորդ օրը, վերջին զանգ պես մի բան է, ավարտվում է մի կարևոր առաջին փուլ, այս օրը մրցանակաբաշխությունն է և գեղարվեստական համարներ, պար, երգ, երաժշտություն: Ամեն ինչ արել ենք, որ հետաքրքիր լինի, աշխատում ենք խուսափել սխալներից:
ԱՅՍ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԵՎ ԼԻՆԵԼ ԷԹՆՈ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԵՋ
«Հայկական շրջանակի» ներսում տիրող ամբողջական տրամադրությունը հասկանալու եւ փոխանցելու համար զրուցեցինք նաև մրցույթի մասնակիցների հետ: Լուսանկարիչ ԱՐՄԵՆ ՄԽՈՅԱՆԻ խոսքով այս ցուցահանդես-մրցույթը ազգայինը նոր սերնդին՝ նոր շնչով մատուցելու միջոց է, ինչն էլ երիտասարդ լուսանկարչին «ստիպել է» մասնակցել նախաձեռնությանը. «Նախ տարազների ցուցադրությունն արդեն իսկ մեծ քայլ է, քանի որ ուղղված է ազգայինի պահպանմանն ու նորովի ներկայացմանը: Ես ինքս ազգայինը պահելու հարցին մեծ կարևորություն եմ տալիս, էթնո մշակույթը նոր սերնդին հասցնելը շատ կարևոր է, ուստի որոշեցի մասնակցել և իմ ավանդն ունենալ այդ գործում: Մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ հնարավորություն է տալիս վերադառնալ ու լինել այդ մշակույթի մեջ, մեկ բան է տեսնել այդ տարազները, մեկ այլ բան կրել դրանք քեզ վրա, այլ կերպ ասած լինել այդ ամենի մեջ... Իմ տեսանկյունից մեկնաբանել և ներկայացնել եմ հայկական տարազը, փորձել եմ ստանալ հնի ու նորի զուգակցումը»:
-Որպես լուսանկարիչ հարմարվե՞լ եք մրցույթի ձևաչափին, թե՞ տարազն ու
էթնո շունչը ներկայացրել եք Ձեր ոճով…
Մրցույթի պայմաններին հարմարվելով ես վերցրեցի ֆոտոպատմության համար թեմա, որը հնում եղել է, եւ փորձեցի այն ներկայացնել իմ աշխարհայացքով:
-Ո՞րն է Ձեր ֆոտոպատմության թեման:
-Թեման խոտ հնձելու արարողությունն է, ինչպես են տղամարդիկ խոտ հնձում, կանայք ջուր եւ ուտելիք են բերում կեսօրին, հնձվորների վերադարձը արտից...Սա եղել է մեր նախնիների առօրյան, որն էլ որոշեցի ներկայացնել իմ պատկերացմամբ:
- Ինչո՞վ կարող են առանձնանալ Ձեր լուսանկարները:
-Կարծում եմ առաջին հերթին հենց ֆոտոպատմության թեմայով, ինչպես նաև գունային ընկալումներով: Տեսարանները բնականից ավելի վառ են իմ նկարներում: Ունեմ նկարներ, որտեղ ստացել եմ մեր եռագույնը, տարազի ու արտի գույների միջոցով…
ՄԵՐ ՕՐԵՐԻ «ԱՆՈՒՇԸ». ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՊԱՀՈՎԱԾ Է
Լուսանկարիչ ՍԵԴԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ կարևորում է մրցույթում մասնակցությունը և ձեռք բերված փորձառությունը. «Մոտ մեկ ամիս առաջ իմացա ցուցահանդեսի մասին, բայց պատկերացում չունեի, որ թեման տարազն է լինելու: Շատ եմ սիրում մեր հայկական տարազը ու դրա հետ կապված ամեն բան, ու հենց առաջարկն եղավ շատ ուրախացա, հենց նույն պահին համաձայնեցի մասնակցել: Աշխատում եմ հիմնականում սև ու սպիտակ գույների մեջ, այսինքն այս մրցույթի համար արված նկարներում իմ ոճը կարելի է ասել չկա: Որպես այդպիսին ակնկալիքներ չունեմ, հաջողությունը միանգամից չի գալիս, հետևաբար գնահատում եմ այս ծրագրի միջոցով ձեռք բերված փորձառությունը»:
-Ի՞նչը կարող է լինել այցեքարտ Ձեր ֆոտոպատմության համար, գաղափա՞րը, թե՞ տարազի նրբագեղությունը…Ի՞նչ շեշտադրումներ եք արել:
-Եվ տարազն իր գեղեցկությամբ եւ միտքը, ներկայացնում եմ հին կարգերն ու բարքերը, ֆոտոպատմությունս արգելված սիրո մասին է: Քանի որ սիրահարները միասին լինել չեն կարող տղային սպանում են, աղջիկն էլ ինքն է կյանքին վերջ տալիս, ինչ-որ տեղ Թումանյանական շունչ կա այս ամենում…
Պատրաստեց՝ ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk