«ԻՐԱՎՈՒՆՔ»-Ի ԴԻՏԱՐԿՄԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16«ԻՐԱՎՈՒՆՔ»-Ի ԴԻՏԱՐԿՄԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր, «Իրավունք»-ն անդրադարձել էր Արդարադատության նախարարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից վարչության նոր պետի նշանակման մասին հաղորդագրության բովանդակությանը:
«Իրավունք»-ի «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈԿՈՒՍ-ՄՈԿՈՒՍԸ» վերնագրով նյութին արագ արձագանքեց նախարարության լրատվականը, մանրամասն ներկայացնելով պարզաբանումներ մեր կողմից բարձրացված բոլոր հարցադրումներին: Արդարադատության նախարարության պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հարգելի գործընկերներ
Արդարադատության նախարարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր հաղորդագրություն էր տարածել Վարչության նոր պետի նշանակման վերաբերյալ:
Շատերի մոտ թյուրընկալման տեղիք էր տվել «Նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի հրամանով նշանակվել է» արտահայտությունը՝ հիմք ստեղծելով մտածելու, որ կամ վրիպակ է եղել կամ Արդարադատության նոր նախարար է նշանակվել:
Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հուլիսի 14-ի N 604-Ա որոշմամբ (https://www.e-gov.am/decrees/item/14729/), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի վրա, ով իրավասու է ստորագրելու նաև «Նախարարի հրաման» իրավական ակտը (իրավական ակտերի տեսակները սահմանված են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով):
Իսկ Լուսինե Մարտիրոսյանին ՀՀ ԱՆ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին «Նախարարի հրաման» իրավական ակտը (http://moj.am/storage/files/legal_acts/legal_acts_3895181197521_Hraman-392_1_.pdf) ստորագրվել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 75-րդ և 76-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-16) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 5-ի N 5 որոշման եզրակացությունը և Լ. Մարտիրոսյանի դիմումը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk