ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՆԱԿԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Արխիվ 12-16ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՆԱԿԸ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում նշանակել է նախարարության աչքի ընկած կադրին` ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ: Այս նշանակումից կարելի է եզրակացնել, որ սարերի հետեւում չէ ՀՀ արդարադատության նոր նախարարի նշանակումը, որը, հավանաբար, հենց կլինի Ա. Մկրտչյանը: Իսկ թե արդյոք ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով լավագույնս իր աշխատանքով ու լրատվամիջոցների հետ ակտիվ համագործակցությամբ աչքի է ընկել այս տարիներին, կշարունակի մնալ իր պաշտոնում, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց նրանից.
- Այժմ ես գտնվում եմ արձակուրդում, բայց արդարադատության նախարարի մամլո քարտուղարի պաշտոնին այլեւս չեմ վերադառնա: Այնուամենայնիվ, կլինեմ ոլորտում ու հուսով եմ` համագործակցության ընդհատվածություն չի լինի: Ինչ վերաբերում է նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի նշանակմանը, շնորհավորում եմ Լուսինեին, ով նախարարության այդ վարչության առաջին պետն է եւ մաղթում եմ նրան հաջող ընթացք ու նոր ձեռքբերումներ:
Ի դեպ, մեր աչքից չվրիպեց այն, որ Լ. Մարտիրոսյանը 2014 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան: Մեզ հաջողվեց ԵՊՀ լավատեղյակ աղբյուրներից պարզել նաեւ մի ուշագրավ տեղեկություն, որ Լ. Մարտիրոսյանի դասախոսներից մեկն էլ հենց նախկին արդարադատության նախարարի խոսնակ Ծովինար Խաչատրյանն է: Ինչեւէ, Ծ. Խաչատրյանին մաղթենք, որ շուտ վերադառնա նոր եւ համապատասխան աշխատանքի, քանի որ ոլորտն իսկապես պրոֆեսիոնալների կարիք ունի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk