ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈԿՈՒՍ-ՄՈԿՈՒՍԸ
Արխիվ 12-16ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈԿՈՒՍ-
ՄՈԿՈՒՍԸ
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Արդարադատության նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում: Հրամանից մի անկեղծ հարց ծնվեց, իսկ ո՞վ է Արդարադատության նախարարը, ո՞վ է ստորագրել նշանակման հրամանի տակ, ում անունը դեռ անհայտ է ԶԼՄ-ներին: Տեղեկատվական «բացը» լրացնելու համար gov.am կայքում փորձեցինք գտնել մեր նորանշանակ արդարադատության նախարարին: Այստեղ էլ երկրորդ զավեշտալի տեղեկությունը: Կայքից պարզվում է, որ 2015 թվականի հուլիսի 14-ից Արդարադատության նախարար ունենք, բայց չգիտենք, թե ով է՝ ոչ անունը կա և ոչ էլ՝ նկարը:
Նախարարի փնտրտուքը շարունակելով, փոխնախարար Սուրեն Քրմոյանից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք Արդարադատության նախարարի նոր նշանակում է եղել, որի մասին դեռ չի հայտարարվել: Պարոն Քրմոյանը «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ նոր նախարարի նշանակում դեռ չի եղել: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք այս տեղեկատվական քաոսը հարցին պարոն Քրմոյանը պատասխանեց, որ Լուսինե Մարտիրոսյանի նշանակման հրամանը ստորագել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և լրատվականի տարածած տեղեկության մեջ «պաշտոնակատար» բառը հավանաբար վրիպել են:
Մնում է ասել, որ այն մարդը չի սխալվում, ով ոչինչ չի անում, այսինքն ոչ մեկն էլ ապահովագրված չէ վրիպումներից, բայց երկու «վիպում», այն էլ մեկը մյուսի հետևից, այն էլ օրենքի պաշտպանությամբ զբաղվող գերատեսչության կողմի՞ց:
Հուսանք, որ այլ իրավական ակտերում ու փաստաթղթերում նման վրիպումներից հետայսու կխուսափեն Արդարադատության նախարարությունում, քանի որ ով-ով, բայց իրավաբանները գոնե լավ գիտեն, թե ցանկացած բառի կամ կետադրական նշանի վրիպում ինչ աղետալի հետևանքների պատճառ կարող է դառնալ:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk