ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԱԳՆ-Ը ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԱԳՆ-Ը ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԻ ԱՅՍ
ԱՆԳԱՄ ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ԱԳՆ մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարություն էր տարածել Վրաստան հանգստի մեկնողների համար: Նախարարությունը հորդորել էր հանգստի մեկնողներին ստուգել` արդյոք նրանց մոտ եղած դեղամիջոցները թույլատրված են Վրաստանում, որովհետև մի շարք դեղամիջոցներ հատուկ թույլտվության կարիք ունեն, եւ դրանք Վրաստանի տարածք ապօրինի հասցնելը նախատեսում է օրենքով սահմանված պատիժ: «Իրավունքին» էին դիմել Վրաստան մեկնել ցանկացող մի խումբ քաղաքացիներ` տեղեկանալու այն դեղերի ցանկի մասին, որոնք կարող են իրենց հետ վերցնել:
Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը «Իրավունք»-ին փոխանցեց, որ նախարարությունը չունի այդ դեղերի ցանկը: «Պետք է նայել այն երկրի` դեղերի մասին օրենսդրությունը, որտեղ մեկնում է քաղաքացին: Ինչքան տեղեկացված եմ, Վրաստանում բոլոր դեղերը դեղատոմսով են: Միգուցե ԱԳՆ-ը եւ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատուն դիմեք»,-ասաց վարչության պետը:
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ մեզ տեղեկացրեց, որ Թբիլիսում ՀՀ դեսպանությունը համապատասխան հայտարարագրով դիմել է Վրաստանի իշխանություններին` խնդրելով տրամադրել արգելված ու չթույլատրված դեղամիջոցների ցանկը: Այն ստանալուն պես ԱԳՆ-ը կհրապարակի:
Հ.Գ. Տեղին է հիշել ժողովրդական ասացվածքը` հերթական անգամ ԱԳՆ-ը քնած է էշի ականջում: Բավական չէ, որ ԱԳՆ-ի հայտարարությունը տարածվում է մեկ շաբաթ առաջ, այն դեպքում, երբ հանգստի սեզոնը մեկ ամսից ավելի է, որ սկսվել է, հիմա էլ պարզվում է` դեղերի ցանկը դեռ հայտնի չէ: Հետաքրքիր է` միգուցե ցանկը հրապարակվի հանգստի սեզոնի ավարտից հետո, օրինակ, աշնան կեսերին, կամ ասենք Ամանորի նախաշեմին` որպես ամանորյա «յուրօրինակ» նվեր: Իսկ մինչ այդ, քանի դեռ արգերլված ու չթույլատրվող դեղերի ցանկը հրապարակված չէ, քաշքշուկների մեջ ու իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար Վրաստան հանգստի մեկնող քաղաքացիները պետք է տասը չափեն, մեկը կտրեն` արժե՞ անցավ գլուխը դնել ցավի տակ, հատկապես երբ ցավը կտրող մեկ դեղամիջոց անգամ չի ունենալու:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk