ԵՐԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ առողջության համար ոչ վտնագավոր բռնություն գործադրելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 4-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավատոճանապարհի 276-րդ կիլոմետրին հարակից աջակողմյան հողածածկ հատվածում առերեւույթ հանցագործություն կատարած անձն իր վարած անհայտ մակնիշի եւ հաշվառման համարանիշի ավտոմեքենայից զբոսաշրջիկ, Ուկրաինայի քաղաքացի ՅԱԿԻՎ ՖՅՈԴՈՐԻ ՎՈԼԿՈՎԻՆ իջեցնելուց հետո, առողջության համար ոչ վտնագավոր բռնության գործադրմամբ կողոպտել է նրան։
Քննության նախնական տվյալներով` ձեռքով մեկ անգամ հարվածել է Վոլկովի կրծքավանդակին եւ վայր գցել, ապա գիշերելու համար նույն տեղանքում հարմարեցված վրանից վերցրել Յա.Վոլկովին պատկանող գոտեպայուսակը եւ հափշտակել դրանում առկա 20 ԱՄՆ դոլար անվանական արժեքով երկու թղթադրամ ու դիմել փախուստի։
Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 5-ին Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ։ Յա.Վոլկովը ճանաչվել է որպես տուժող եւ հարցաքննվել։
Ի դեպ, տուժողի նկարագրությամբ կազմվել է ֆոտոռոբոտ։ Քննություն է տարվում` դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու, եւ միջոցներ են ձեռնարկվում` լուսանկարում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ. Գ.- Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որեւէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, այդ մասին թող հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk