ՈՉ ՄԻԱՅՆ ՀԵՐՈՍ, ԱՅԼ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾ. ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Արխիվ 12-16ՈՉ ՄԻԱՅՆ ՀԵՐՈՍ, ԱՅԼ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾ. ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ՀՀ ոստիկանության ՄՀՆՋ-ի հրամանատարի տեղակալ ԱՇՈՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ օգոստոսի 5-ին կդառնար 60 տարեկան: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի համար 1033 զորամասում առավոտն առանձնացավ հերոսի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությամբ, որին ներկա էին Ա. Խուրշուդյանի հարազատները, զինակից ընկերներն ու բարձրաստիճան այրեր:
«ԱՇՈՏԸ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ ԷՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ»
Զորամասի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ ԳԱԳԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ անդրադառնալով Աշոտ Մամիկոնի Խուրշուդյանի մարտական փառավոր ուղուն` նշեց. «Իր մարտական ոգով եւ արիությամբ Աշոտ Խուրշուդյանը մասնակցել է Շուռնուխի, Բերձորի, Քաշաթաղի, Արցախի այլ բնակավայրերի ազատագրման համար մղվող մարտերին: Զինակից ընկերների հետ միասին Աշոտը ուժ ու եռանդ, մարտական ոգի եւ կամք էր տարածում, ամենուր թշնամու դեմ պայքարը վերածում էր հաղթանակի: Աշոտ Խուրշուդյանը հետմահու արժանացել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայության» համար մեդալի, ինչպես նաեւ արժանացել է «Սխրագործության համար» մեդալի ու պետական այլ պարգեւների»:
«ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԵՐ, ՔԱՆ ԱՅՆ, ԵՐԲ ՄԱՐԴՆ ԻՐ ԱՆՁԸ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ Է ՀԱՆՈՒՆ ՈՒՐԻՇԻ»
«Ցանկացած ազգ, որպեսզի կարողանա կայանալ, որպեսզի կարողանա ապրել, ստեղծում է հերոսներ, մեր պարագայում մենք չունենք ստեղծելու որեւիցե մի առիթ, որովհետեւ ծնում ենք հերոսներ», - ահա այսպես իր խոսքը սկսեց Արժանապատիվ ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆՆ ու շարունակեց. «Ահավասիկ ձեր առջեւ է հազարավոր հերոսներից փոքրիկ մի հատվածի հուշապատը, որը յուրաքանչյուրիս հիշեցնում է, որ մենք ինչպես Խորենացին է ասում` փոքր ժողովուրդ ենք, բայց ուժեղ: Եվ այսօր մեր աղոթքն ենք հղում ի հիշատակ հերոսներից մեկի` Աշոտ Խուրշուդյանի, որը բացի ազգասիրությունից, բացի իր հայրենիքի սիրուց, կատարեց այն օրենքը, որով ապացուցեց,
որ նա, իրոք, իր դիմացինին սիրում է, քանզի Ավետարանն ասում է` չկա ավելի մեծ սեր, քան այն, երբ մարդն իր անձը զոհաբերում է հանուն ուրիշի: Այսօր մենք այդ ամենի ականատեսն ենք: Փառք եւ պատիվ մեր զինվորներին, մեր հերոսներին եւ Աստված պահապան այսօր ապրող բոլոր նրանց, ովքեր ձգտում են հերոսանալու, ձգտում են պահպանելու հայրենիքը: Աստված պահապան բոլորիդ»:
Ի դեպ, զորամասի հուշապատի մասին, որի վերաբերյալ իր խոսքում շեշտեց Տեր հայրը, Գ. Ղուկասյանը մանրամասնեց. «Զորամասի հրամանատարի` գնդապետ Գրիգորյանի նախաձեռնությամբ, միտք հղացավ, որպեսզի զորամասի զոհված 30 զինծառայողների անունները հավերժացնող հուշահամալիր կառուցվի եւ ի փառս նրանց հիշատակի` կարճ ժամանակահատվածում կառուցվեց այն»:
«ՊԻՏԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՏԱՆՔ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ՍԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»
Հիշատակի արարողությանը ներկա էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով նախեւառաջ շնորհակալություն հայտնեց հրամկազմին այս կարեւոր նախաձեռնության համար, ապա ընդգծեց. «Ոչինչ եւ ոչ ոք չի մոռացվել: Եթե ցանկացած ազգից ջնջես պատմությունը, ապա ապագա չի ունենա այդ ազգը: Եվ մենք ոչ միայն պարտավոր ենք , այլ պիտի օրինակ դարձնելով մեր հերոսներին` մեր ապագա զինվորներին ցույց տանք հերոսի ճանապարհը, որին պիտի հասնեն ինքնուրույն եւ հաղթահարեն հանուն պետության, հանուն վաղվա օրվա ապագայի: Մենք միշտ պիտի հարց տանք մեզ ոչ թե հայրենիքը ինչ է մեզ համար պատրաստ անելու, այլ մենք ինչ ենք պատրաստ անելու մեր հայրենիքի համար»: Ըստ քաղաքապետի, սա ամենաթանկ սրբությունն է, որովհետեւ 600 տարի մեր
պապերը երազել են ունենալ պետություն, ունենալ սեփական հողակտոր, որտեղ քեզ չեն մորթելու եւ չեն կոտորելու նրա համար, որ դու քրիստոնեա ես եւ հայ ես. «Ու, փառք Աստծո, այս տղաների շնորհիվ մենք ունեցանք պետություն, որի համար ամենաթանկ գինը վճարվեց` մեր հերոսների արյունով: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին եւ նաեւ ողջերին, ում բախտը չբերեց եւ ողջ մնացին, որովհետեւ նրանց վրա ավելի մեծ պարտականություն է դրված` հասցնել ավարտին այն կիսատ թողած գործը, որին զենքով հասանք: Իսկ հիմա պիտի դիվանագիտորեն ճանաչել տանք Արցախի անկախությունը, ազատությունը, մեր ազատագրած հողերը եւ սա ավելի մեծ հերոսություն է պահանջում»:
«ՄԱՐԴ, ՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՎԱՌ ԿՄՆԱ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ»
1033 զորամասի կապի պետ փոխգնդապետ ՇԱԼԻԿՈ ԿԱՐԵՅԱՆՆ էլ, ով Ա. Խուրշուդյանի զինակից ընկերն է եղել, պատմեց նրա մասին ունեցած իր հուշերից. «Մարդ, որի հիշատակը վառ կմնա մեր սրտերում: Աշոտ Խուրշուդյանի մասին շատ բան կարելի է ասել` որպես ավագ եղբայր, որպես մեծ հայրենասեր, որպես մեծ հումորի տեր ընկեր: Աշոտ Խուրշուդյանը բացի սահմանամերձ գոտիներում ծառայելուց, մեծ աջակցություն էր կատարում մեր զոհված տղաների ընտանիքների համար»: Եվ Շ. Կարեյանը պատմեց մի դեպք, որ զորամաս բերված գառը Ա. Խուրշուդյանը թույլ չի տվել, որ իրենք ընկերներով ուտեն ու քեֆ անեն, այլ այն տարել եւ բաժանել է զորամասի զոհված զինծառայողների ընտանիքներին:
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԶԱՎԱԿՆ ԵՄ ՄԻ ՄԱՐԴՈՒ, ՈՎ ՄՏԱԾՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
«Շնորհակալ եւ հպարտ եմ, որ զավակն եմ մի մարդու, ով բոլոր հերոսների նման մտածում էր Հայաստանի սահմաններն ավելի լայնացնելու մասին, ով մտածում էր այնպես անել, որպեսզի թշնամին առհասարակ մոռանա հայկական հողերին տիրանալու իր հոխորտանքը: Միաժամանակ հպարտ եմ նաեւ նրանով, որ նրանք այն սերունդն էին եւ այն մարդիկ, ովքեր մտածում էին վաղվա զարգացող Հայաստանի մասին: Ցավոք սրտի, այն, ինչ-որ նրանք չտեսան, տեսնում ենք մենք, եւ այն, ինչը, նրանք կիսատ թողեցին, մնաց մեր ուսերին», - նշեց գրող, խմբագիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ` հերոս հոր որդին, ու հավելեց. «Վաղվա Հայաստանն այնքան քիչ է ինձ համար, որ պետք է տեսնեմ նաեւ իմ պատկերացրած վաղվա Հայաստանը: Ու նման
կերպ կարծում եմ` սերնդեսերունդ մեզնից յուրաքանչյուրը կարող է մտածել: Եվ արդյունքում կունենանք այնպիսի զորացող երկիր, որն, իսկապես, վաղն է գալու: Շնորհակալ եմ ներկաներին, շնորհակալ եմ նաեւ եռասերունդ երկրապահ կազմակերպությանը, որի անդամն եմ: Այդ մեծ ընտանիքի շնորհիվ այսօր ռազմահայրենասիրական ոգին տարածվում է ամբողջ Հայաստանում` հայկական լեռնաշխարհում, այդ թվում եւ Արցախ աշխարհում:
Ինչպես ասում են` պտուղը ծառից հեռու չի ընկնում, եւ պատահական չէ, որ Աշոտ Խուրշուդյանի որդին էլ բռնել է հոր ուղին եւ իր պարտքն է համարում բարեգործական բազմաթիվ նախաձեռնություններով հանդես գալը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk