ԵՐԿՈՒ ՈՏՔԸ ԵՎ ՄԵԿ ՁԵՌՔՆ ԱՆԴԱՄԱՀԱՏՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԸ ԼՔՎԱԾ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻ՞Ց
Արխիվ 12-16ԵՐԿՈՒ ՈՏՔԸ ԵՎ ՄԵԿ ՁԵՌՔՆ ԱՆԴԱՄԱՀԱՏՎԱԾ
ՀԱՇՄԱՆԴԱՄԸ ԼՔՎԱԾ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻ՞Ց
Օրերս «Իրավունք»-ի խմբագրություն էր դիմել առաջին կարգի հաշմանդամ Արմեն Այվազյանը, ով տեղեկացրեց, որ հիվանդության պատճառող նախկինում անդամահատել են նրա երկու ոտքը, իսկ վերջերս նաև մեկ ձեռքը: Նա նշեց, որ ինքն ամսեկան ընդամենը 21 հազար դրամ գումար է ստանում, սակայն չգիտի, թե դա նպաստ է, թե` թոշակ: Նա չգիտեր նաև թե որպես առաջին կարգի հաշմանդամ ինչ իրավունքներ ունի և ինչ պետական ծրագրերից կարող է օգտվել:
1952 թ.-ին ծնված Արմենը «Իրավունք»-ի հետ զրույցում տեղեկացրեց նաև, որ իրեն չորս ամիս առաջ թեև սայլակ տրամադրել են, սակայն դրանից հետո նրա մեկ ձեռքն էլ է անդամահատվել և ներկայումս նա ի վիճակի չէ իրեն տրամադրած սայլակը մեկ ձեռքով կառավարել: Արմենը խնդրում էր, որ իրեն օգնենք իր մեխանիկական սայլակն էլեկտրական կառավարման սայլակով փոխարինելու համար: Նա ասաց նաև, որ այս ու այն կողմից իրեն ասել են, որ ինքը որպես առաջին կարգի հաշմանդամ կարող է օգտվել պետական այլ ծրագրերից, որի մասին, սակայն ինքն ու իր կինը տեղեկացված չեն, չգիտեն ուր գնան, ում դիմեն: Դեռ ավելին, պետության կողմից իրեն տրամադրվող 21 հազար դրամն էլ ամբողջությամբ ծախսում են իրեն անհրաժեշտ դեղերը գնելու համար:
63-ամյա հաշմանդամի հարցը լսելուց հետո, սկզբում համացանցում, հետո նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում սկսեցինք ուսումնասիրություն կատարել, հասկանալու, թե նման խնդիրներն ինպես են կարգավորվում օրենքով: Պարզվեց, որ 1-ին խմբի հաշմանդամներին պետության կողմից երեք տարին մեկ անգամ տրամադրվում է հաշմանդամի սայլակ, ավելին՝ ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո, սայլակ ստացած հաշմանդամին, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև փոքր տրամաչափի սայլակ:
Օրենքից, սակայն պարզ չէր, թե ինչ է նշանակում վերջին արտահայտությունը, կամ՝ ով է որոշում կայացնում, թե ո՞ր դեպքի ժամանակ փոքր տրամաչափի սայլակ տրամադրելու անհրաժեշտություն կա , իսկ որի դեպքերում՝ ոչ:
Այս և մի շարք այլ հարցերի մասին պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչություն, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ էլեկտրական սայլակներ նախարարությունը չի տրամադրում: Դանք մարդիկ ձեռք են բերում կամ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ, կամ սեփական միջոցների հաշվին:
Նախարարության սոցաջակցման վարչության պետ Աստղիկ Մինասյանն էլ մեզ առաջարկեց խմբագրությանը դիմած քաղաքացու տվյալներն իրեն փոխանցել, որպեսզի ինքը կարողանա կապ հաստատել Արմեն Այվազյանի հետ որոշ մանրամասներ պարզելու և համապատասխան օգնություն ցուցաբերելու համար: Մենք համաձայնեցինք Արմեն Այվազյանի հեռախոսահամարը տրամադրել, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ «Իրավունք»-ն իր ուշադրության կենտրոնում է պահելու 63-ամյա հաշմանդամի հարցը և ժամանակ առ ժամանակ անդրադառնալու է խնդրին, հասկանալու, թե որքանով են լուծում ստացել նրա խնդիրները և նման դեմքերում այլ հաշմանդամներ ինչպես և ուր պետք է դիմեն:
Այս պատմության մեջ մեկ բան է շատ հետաքրքրիր, թե ինչպե՞ս է պատահում, որ պետական կառույցների կողմից հավաքագրվող, մշակվող և վիճակագրություն դարձող թվերը կան, բայց այդ «թվերի» ճակատագրով զբաղվողներ կամ նրանց հետքերով գնացողներ կարծես թե չկան: Նման դեպքերում ինչպե՞ս հավատալ վիճակագրական այն թվերին, որտեղ հպարտորեն նշվում է, թե ո՞ւմ, ե՞րբ, ինչքա՞ն և ինչպիսի՞ օգնություն են տրամադրել, երբ շատ դեպքերում էլ հաշմանդամություն ունեցող մարդիկ այդ ամենից անտեղյակ են: Ասենք ավելին, նման մարդիկ ոչ միայն իրենց անօգնական ու լքված են զգում պետության կողմից, այլև առողջությունն ավելի չկորցնելու համար պետության տրամադրած նպաստ-օգնությունն ամբողջությամբ ծախսում են թանկ ու կրակ գնով դեղեր ձեռք բերելու և մի կերպ գոյությունը պաշտպանելու համար:
Այս ամենից հետո արժանահավա՞տ են արդյոք այն բոլոր թվերը, որոնք հրապարակվում են տարբեր պաշտոնական կայքերում ու ցուցակներում: Մնում է ասել, որ երկրի սոցիալական ապահովության մասին վիճակագրությունն օր օրի ծաղկում է, իսկ պարզ իրականությունը շարունակում է մնալ ողբալի վճակում:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
