ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԵՐՈՄԱՆՏ ԱՆԻ ՄԱՋՆՈՒՆՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԵՐՈՄԱՆՏ ԱՆԻ ՄԱՋՆՈՒՆՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Տարածված հաղորդագրության մեզ մասնավորապես ասված է.
«2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։
Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով:
Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։
Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։
Դեպքի վայրից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ»։
Հավելենք, որ մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն: Իսկ արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ Ի դեպ, երեկ երբ սպանության մասին տեղեկությունը տարածվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ Ա. Մաջնունյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերն իրենց ցավակցություն էին հղում, որոշ ֆեյսբուքցիներ նկատել էին, որ սպանվածը շարունակում է օնլայն լինել: Սա հերոմանտի բացառիկ ունակությունների արդյունք է, թե քննչական բաժնի օպերատիվ աշխատանքի արդյունք, դժվար է ասել, բայց, այնումենայնիվ, հերթական անգամ բախվեցին օնլայն եւ օֆլայն տիրույթները, ինչը շատերին զարմացրել ու վախեցրել էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk