ՓՈՐՁԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՃԻՇՏ Է ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ»
Արխիվ 12-16ՓՈՐՁԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՃԻՇՏ Է ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ»
Նոր սահմանադրության տեքստը շարունակում է բուռն քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք հիմնական խնդիր է լուծում` մարդու իրավունքների արտահայտում Սահմանադրության մեջ, երկրորդ` կառավարման համակարգի խնդրի լուծում` անցում խորհրդարանական կառավարման համակարգին, երրորդ` դատական իշխանության ավելի շատ բարձրացումը:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ կարծում է, որ կարեւոր է ոչ միայն թղթի վրա գրվածը` այս դեպքում Սահմանադրության մեջ ամրագրված դրույթները, այլ դրանց կատարումը ռեալ կյանքում: Հայաստանը սոցիալական պետություն է, բայց մենք շուտով կհատենք քառասուն տոկոսանոց աղքատության շեմը:
Կառավարման համակարգի մասին խոսելիս փորձագետն ասաց, որ թե խորհրդարանական, թե նախագահական, թե կիսանախագահական համակարգերը սպառել են իրենց: «Որպես վառ օրինակ` բերեմ Ֆրանսիայի օրինակը, որը կոչվում է Ֆրանսիայի հինգերորդ հանրապետություն: Հինգ անգամ ֆրանսիացիները կառավարման համակարգ են փոխել: Պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի համակարգ 50-60 տարուց ավելի չի արդարացնում: Հետեւաբար, երկրի կառավարման համար կարեւորը կադրային խնդիրն է»,-հիմնավորում է Մեսրոբյանը:
Կառավարման փորձագետն առաջարկում է հիբրիդային պետության մոդելը: «Ուսումնասիրել եմ 11 պետությունների մոդելը, որոնցից ոչ մեկում չեն կիրառվել ոչ նախագահական, ոչ կիսանախագահական , ոչ պառլամենտալան: Օրինակ, Չինաստանը: Հայաստանի համար ճիշտ է հիբրիդային պետական համակարգը` իշխանությունն ունի հինգ թեւեր, որոշումները կայացվում են հինգ հոգանոց կառավարման մարմնի կողմից: Մարմնի յուրաքանչյուր անդամ կառավարում է մեկ տարի ռոտացիոն սկզբունքով»,- եզրափակեց պրն Մեսրոբյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk