ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ ԴԱՐՁԱՎ ՆԱԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Ի ՏԵՍ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ ԴԱՐՁԱՎ
ՆԱԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Ի ՏԵՍ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
Այս տարի երկաթուղայինների մասնագիտական տոնը մեծ շուքով նշվեց Գյումրիում: Տոնակատարության պատվավոր հյուրերն էին ՀՀ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ եւ ԱԺ պատգամավոր ՎՈԼՈԴՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ, ինչպես նաեւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԸ, ՀՀ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, Շիրակի մարզպետ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ եւ Գյումրու փոխքաղաքապետ ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆԸ եւ, իհարկե, «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատողները, վետերանները, երկաթուղայինների հնագույն դինաստիաների ներկայացուցիչները: Նշենք, որ միջոցառումը բաղկացած էր մի քանի հատվածից. հյուրերը
նախ այցելեցին Գյումրու կայարանի տարածքում գործող Երկաթուղային տեխնիկայի թանգարանը, որտեղ ներկայացված են տարբեր տարիներին շահագործված շարժակազմի եւ գծային տեխնիկայի օրինակներ, ապա ծանոթացան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տաղավարներին, որտեղ ներկայացված էր երկաթուղու պատմական անցյալը, զարգացման ուղին, ձեռքբերումներն ու նորույթները, այնուհետեւ մասնակցեցին ցերեկույթի պաշտոնական ելույթներին ու պարգեւատրման արարողությանը:
«Պատահական չէ, որ Երկաթուղայինի օրը հերթական անգամ տոնում ենք Գյումրիում: Քաղաքը հանդիսանում է խոշոր երկաթուղային հանգույց, այստեղ են գործում հզոր տեխնոլոգիական արտադրական համալիրներ»,- իր ելույթում նշեց
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՎԻԿՏՈՐ ՌԵԲԵՑԸ եւ մանրամասնեց. «Գյումրիում առկա է հզոր ինտելեկտուալ ներուժ, որի շնորհիվ 2014 թվականին լոկոմոտիվային դեպոյում ներդրվեց էլեկտրաքարշերի վերանորոգման նոր տեխնոլոգիան: Ավանդույթի համաձայն, ընկերությունը Երկաթուղայինի օրվա կապակցությամբ գնահատում է աշխատողների մասնագիտական հաջողությունները եւ այս տարի խրախուսմանն արժանացել են 200-ից ավելի մասնագետներ»:
ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ խորհրդարանի եւ երկրի ղեկավարության անունից շնորհավորելով երկաթուղայիններին` նախեւառաջ ցանկացավ նորանոր հաջողություններ եւ ընդգծեց. «Այն ներդրումը, որն ունի
երկաթգիծը եւ երկաթգծի կոլեկտիվը, մեր հանրապետության տնտեսության զարգացման գործում անուրանալի է եւ անօրինակ է: Եվ այդպես եղել է պատմականորեն` սկսած առաջին օրվանից, երբ երեք հարյուամյակ առաջ` 19-րդ դարի վերջին, առաջին երկաթգիծը եկավ Հայասատան` Գյումրի: Դրա հետ միասին եղավ նաեւ գիտատեխնիկական առաջընթաց, բացվեցին նորանոր հնարավորություններ մեր երկիրը, մեր տնտեսությունը զարգացնելու համար:Ցանկանում եմ, որ այսօր եւս երկաթգիծը լինի հաջողության եւ առաջընթացի առաջատարը, դրոշակակիրը, ներմուծողն ու զարգացնողը Հայաստանի Հանրապետությունում»:
Իսկ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինն
անդրադառնալով երկաթուղայինների մասնագիտական տոնին` նախ շեշտեց, որ Հայաստանն ունի հարուստ 115 տարվա երկաթուղային պատմություն, ապա հավելեց. «Այսօր «Հարավկովկասյան երկաթուղին» մեծ տեղ է տալիս նաեւ սոցիալական խնդիրների լուծմանը, ինչն անչափ կարեւոր է: Կարծում եմ, որ ապագան էլ կլինի այդպիսին: Սիրելի՛ բարեկամներ, եւս մեկ անգամ ամբողջ սրտով ցանկանում եմ բոլոր ներկաներին առողջություն, երջանկություն, բարօրություն եւ նոր հաջողություններ ձեր ոչ սովարական աշխատանքում»:
Հավելենք, որ ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը արդեն 119 տարի է, ինչ նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը, իսկ տոնի պատմությունը սկիզբ է առնում 1896 թվականի հունիսի 28-ին, երբ այն սահմանվել է Ռուսական
կայսրության կապի ուղիների նախարար, իշխան Միխայիլ Խիլկովի հրամանով: Իսկ Հայաստանի երկաթուղու պատմությունը սկիզբ է առնում 1895 թվականին, երբ կայսր Նիկոլայ Երկրորդը ստորագրել է Թիֆլիս-Կարս երկաթուղու կառուցման մասին հրամանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk