ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ.ԱՆՁԱՄԲ ԵՄ ՀԵՏԵՎՈՒՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՐՈՇԻ ՏԱԿ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ.ԱՆՁԱՄԲ ԵՄ ՀԵՏԵՎՈՒՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՐՈՇԻ ՏԱԿ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
Միջազգային հարթակում հայազգի մարզիկների հաղթանակները միշտ ոգեւորող են, սակայն հաճախ հայկական ազգանունները եւ նրանց նվաճումները գրանցվում են այլ երկրների անվան տակ: Այսպես, օրինակ Բաքվում անցկացված Եվրոպական առաջին խաղերում Հայաստանը վերադարձավ նվաճելով մեկ արծաթե մեդալ, մինչ դեռ Եվրոպական խաղերում բացի Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներից, հանդես էին գալիս 16 հայազգի մարզիկներ, որոնցից երեքը դարձել են ոսկե մեդալակիր, իսկ երկուսը բրոնզե: ՙԻրավունքը՚ առանձնացրել էր հայազգի մարզիկների ցանկը, որը ներկայացվեց նաեւ Հայաստանի Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ուշադրությանը, պարզելու համար արդյո՞ք նախարարությունը երբեւէ կապ հաստատե՞լ է այդ մարզիկների հետ, ինչ-որ բանակցություններ եղե՞լ են, (մինչ նրանք կընտրեին այն երկրի հավաքականների հրավերները, որտեղ բնակություն են հաստատել) որպեսզի վերջիններս պաշտպանեն Հայաստանի մարզական պատիվը, եվ արդյոք նախարարությունը հետեւու՞մ է Հայաստանից դուրս բնակվող մարզիկներին եւ սպորտում նրանց կատարած «քայլերին»: Այս հարցին Գաբրիել Ղազարյանի պատասխանը հետեւյալն էր. ՙՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասնագետները եւ անձամբ ես հետեւում ենք արտերկրում բնակվող եւ այդ երկրների դրոշի տակ հանդես եկող հայազգի մարզիկների մրցելույթներին, նրանց մարզական կենսագրությանը` հաջողություններին եւ անհաջողություններին: Ասեմ, որ տարբեր երկրներում հանդես եկող ազգությամբ հայ մարզիկներին Հայաստան հրավիրելու եւ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո հանդես գալու ուղղությամբ աշխատանքներ մշտապես են տարվում: Մասնավորապես, միայն ընթացիկ տարում Հայաստանի բիաթլոնի հավաքականի կազմում արտերկրից մեկ մարզիկ է արդեն ընդգրկվել, ձյուդոյի հավաքականում նույնպես ունենք ընդգրկված մեկ նոր մարզիկ, մեկ այլ հայազգի ձյուդոյիստի հրավիրելու աշխատանքներն ավարտական փուլում են: Նշեմ նաեւ, որ Հայաստանի բասկետբոլի հավաքականի բոլոր 11 անդամները նույնպես այս տարի են արտերկրից հրավիրվել՚: Շարունակելով թեման, Գաբրիել Ղազարյանը նշեց նաեւ, որ ամեն բան չէ, որ գտնվում է նախարարության գործառույթների շրջանակներում. ՙԱյս ամենի հետ մեկտեղ ցանկանում եմ հստակեցնել, որ բոլոր մարզաձեւերի հավաքականները ձեւավորվում են այդ մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից: Այդ մարզիկներն էլ միջազգային առաջնություններում պաշտպանում են մեր երկրի մարզական պատիվը: Ֆեդերացիաների նախագահները, հավաքականների գլխավոր մարզիչները նույնպես հետևում են արտերկրում բնակվող հայազգի մարզիկներին ու ըստ հնարավորության եւ անհրաժեշտության հրավիրում նրանց Հայաստանի դրոշի տակ հանդես գալու: Այդ լիազորությունը նրանց է վերապահված եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գործառույթներից դուրս է՚:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk