«Աշխարհում մեծ ինտեգրացիա է տեղի ունենում` ամրապնդել ազգային ավանդույթները»
Արխիվ 12-16«Աշխարհում մեծ ինտեգրացիա է տեղի ունենում`
ամրապնդել ազգային ավանդույթները»
Ռուսաստանի եւ Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիա «Հովիկ ստուդիոն» ամեն տարի երեւանյան այցի շրջանակներում հուլիսի 28-ին հանդես է գալիս մեծ համերգային ծրագրով, որն ըստ ավանդույթի` նվիրվում է անսամբլի հիմնադրման գաղափարը կրող Հովհաննես Գասպարյանի ծննդյան տարեդարձին: Այս անգամ կարծես ընդունված ավանդույթը խախտվեց` հանդես եկան ոչ թե համերգային ծրագրով, այլ «Կորցրած երազանքի հետքերով» վերնագիրը կրող պարային ներկայացումով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Կորցրած երազանքի հետքերով» պարային բեմականացման առաջնախաղը տեղի է ունեցել Մոսկվայում` ապրիլի 28-ին, որին, ինչպես «Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար
ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, պատրաստվել են անցյալ տարվա սեպտեմբերից: Պարային ներկայացման բեմականացման եւ սցենարի հեղինակ Ի. Գասպարյանը պատահական չէ որոշել այս պատմությունը նախ թղթին հանձնել, ապա բեմադրել. «Հայոց ցեղասպանության թեմայով շատ էի կարդացել, լսել տարբեր ֆորմատներով պատմություններ, բայց շատ պատահական ես նայեցի ֆրանսահայ մի տարեց կնոջ տեսագրություն, որտեղ նա միաժամանակ ե՛ւ երջանիկ էր, ե՛ւ տխուր. երջանիկ էր, որովհետեւ շրջապատված էր ազգականներով, երեխաներով, թոռներով, հարգված էր բոլորի կողմից, եւ թվում էր, թե պետք է որ երջանիկ լիներ, բայց այնքան թախիծ կար նրա դեմքին: Ու երբ, նա աչքերը փակելով` խոսեց իր ծննդավայրի` Վանի Արտամետ գյուղի իրենց խնձորի այգիների մասին ու ասաց.
«Ամեն վայրկյան Արտամետ գյուղի խնձորի այգիների բուրմունքն եմ միմիայն զգում, բայց այսքան տարի ոչ մի տեղ այդպես էլ չզգացի այդ բույրը իրապես, կուզենայի մի քանի վայրկյանով հետ վերադառնայի Արտամետ` զուտ այդ խնձորի այգին տեսնելու ու այդ բույրը զգալու...»: Դրանից հետո արդեն ինձ մոտ ծնվեց նման գաղափար, հետո նյութեր հայտնաբերեցի, որ Արտամետ գյուղը շատ անգամ հիշատակվել է Ցեղասպանությունից մազապուրծ եղածների կողմից եւ պատկերացրի` ուրեմն, այն ինչ-որ դրախտային գյուղ է համարվում, ու միայն սեր էի տեսնում այդ գյուղում` սիրահարված զույգեր: Այս ներկայացումը համառոտ տարբերակ է համարվում, որովհետեւ այն պատմությունը, որը հանձնեցի թղթին, շուտով կտպագրվի` հետագայում դրա հիման վրա մի գեղեցիկ օր ֆիլմ կնկարահանենք, իհարկե` երբ մեր միջոցները թույլ կտան»:
Պատմության որոշ դրվագներում հաճախ է խոսվում, թե 1915-ին հայերը զոհ են գնացել,
որովհետեւ չեն պայքարել կյանքի համար, սակայն Ի. Գասպարյանի բեմադրած պատմության մեջ կար կյանքի ու մահու պայքար. «Կարեւոր էր, որ բոլորը գիտակցեն` այո, կար վրեժխնդրություն, կար անվախություն, խիզախություն, այդ ամենով համակված էր ամբողջ հայ ժողովուրդը 1915-ին, բայց ամեն ինչում հաղթողը սերն էր: Այսինքն` փորձել ենք ամեն ինչ համադրել, ցույց տալ` ե՛ւ պայքար, ե՛ւ անհնազանդություն, միաժամանակ բնաջնջման սարսափելի տեսարաններ, բայց արդյունքում հայը ներկայացավ նոր կերպարով: Կցանկանայի, որ վաղը հայերին ճանաչեն ոչ թե Ցեղասպանությամբ, այլ որպես ավելի ուժեղ, ամուր ազգ, բայց ամենակարեւորը` բանականությամբ լի, ունակություններով հարուստ»:
Ներկայացման ավարտին «Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիային իր փոքրիկ աջակցությունը ցուցաբերած ՎԱԼԵՐԻ ԱԳԱՍԱՆԴՅԱՆՆ «Իրավունքի» հետ կիսվելով իր տպավորություններով ասաց. «Կարծում եմ` ստուդիան իր վրա մեծ պատասխանատվություն են վերցրել: Առաջին անգամ իրենց աշխատանքը տեսա Մոսկվայում` ռուս-հայկական համայնքում, հիմա էլ այստեղ` Երեւանում, հայերի շրջանում, նրանք նոր պարային ոճ են փոխանցում նոր սերնդին: Աշխարհում մեծ ինտեգրացիա է տեղի ունենում`ամրապնդել ազգային ավանդույթները եւ ազգային միասնությունը, հավատում եմ` հաշվի առնելով այս ակադեմիայի բարձր կրթվածությունը, կգտնվեն շատ մարդիկ, որոնք կցանկանան աջակցել այս ակադեմիային, ինչը ճիշտ ու կարեւոր քայլ կլինի: Իսկ ինձ իմ փոքրիկ ներդրումը հաճույք եւ ուրախություն է պատճառում»,- ասաց զրուցակիցն ու ներկայացումից տպավորված շարունակեց. «Առաջին անգամ ներկայացումը տեսել էի Մոսկվայում ու տպավորված եմ: Այն Հայոց ցեղասպանության, վերածննդի մասին ներկայացում է, որը ամեն անգամ դիտելիս կարծես կրկին վերապրում ես պատմական էջերը: Շատ հուզիչ է եւ հետաքրքիր, ամենակարեւորը` ուսուցողական է այսօրվա սերնդի համար»:
ԱՌԱՎԵԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ` ԱՅՍՕՐՎԱ ՏՊԱԳԻՐ «ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ».
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk