ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ` ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ` ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Սեպտեմբերի 3-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Երեւանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես կգա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ:
Փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Զուբին Մեթայի հիրավի պատմական այցը իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:
Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները եւ հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից: Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան է: Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում: Նա ղեկավարել է եւ հանդիսանում է աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժորը», ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ այլն: Զուբին Մեթան արժանացել է անթիվ տիտղոսների եւ մրցանակների․ Երուսաղեմի եբրայական համալսարանի եւ Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի եւ Թել Ավիվի պատվավոր քաղաքացի եւ այլն: 2011թ․-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվարում»:
«Երեւանյան Հեռանկարները» դասվում է Եվրոպայի լավագույն փառատոների տասնյակում՝
ծրագրում ներկայացնելով աշխարհի առաջատար նվագախմբեր եւ մենակատարներ, որոնց թվում Վիեննայի Ֆիլհարմոնիկ եւ Թագավորական Կոնցերգեբաու, Մարիինյան սիմֆոնիկ եւ Բեռլինի պետական նվագախմբերը, Վալերի Գերգիեւին, Դանիել Բարենբոյմին, Պինկաս Ցուկերմանին, Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին, այլ ականավոր երաժիշտների շարքում: Փառատոնն իրականացնում է մշակութային քաղաքականությանը եւ կրթությանը վերաբերող լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում սույն թվականի ապրիլին բացվեց Փառատոնի ակադեմիան` Բյուրականում: Զուգահեռաբար ընթանում է «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը, որի շրջանակներում «Երեւանյան հեռանկարների» բարեկամ աշխարհահռչակ երաժիշտները համերգներով հանդես են գալիս ամենահեղինակավոր համերգասրահներում՝ հարգանքի տուրք մատուցելով եւ հրավիրելով միլիոնավոր մարդկանց ուշադրությունը` Հայոց Ցեղասպանության վերջնական ճանաչման հարցին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk