ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿԱՆԳՆԵԼ Է ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ
Արխիվ 12-16ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿԱՆԳՆԵԼ Է ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ
Օրերս «Իրավունքը» Տերյանական օրեր ավանդական տոնախմբության շրջանակներում եղավ մեծ գրողի գյուղում` Գանձայում: Մեր աչքից չվրիպեց այն, որ Վահան Տերյանի տուն-թանգարանը, մեղմ ասած, վատթար վիճակում էր, ու տերյանական մթնոլորտին խառնվել էր խոնավության գաղջահոտը: Բարձրացնելով վերոնշյալ խնդիրը` պարզեցինք հարցին քաջածանոթ աշխատակցի ու իրավասու պաշտոնյաների տեսակետները:
«ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉԸ ՆՈՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ»
Վ. Տերյանի տուն-թանգարանի գիտաշխատող ՆԱՐԻՆԵ ՍԻՐԱԿԱՆՅԱՆ.
- Արդեն մեկ տարի է տուն-թանգարանի մուտքը դարձրել ենք վճարովի, սակայն նույնիսկ այս դեպքում չենք կարողանում լուծել թանգարանում առկա խնդիրները: Թանգարանն ունի բազմաթիվ խնդիրներ` սկսած շենքից: Ցուցանմուշների պահպանության համար անհրաժեշտ է, որպեսզի դրանք դրվեն ապակիների մեջ, քանի որ բաց պայմաններում խունանում են եւ վտանգվում: Թանգարանում ամեն ինչը նորացնելու կարիք կա: Տերյանը միայն մերը չէ, այլ ողջ ազգինը, ուստի` պետք է միահամուռ ուժերով կարողանանք լուծել գրողի տուն-թանգարանի բոլոր խնդիրները:
«ՀԱՏԿԱՊԵՍ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿՏՈՒՐԸ»
Ջավախքի Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահ ԳԱԳԻԿ ԿԱՐՍԼՅԱՆ.
- Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման համար աշխատանքներ այս տարի մենք դեռեւս չենք նախատեսել: Բայց պետք է ասեմ, որ այդ տեսակետից բավականին առաջարկություններ կան: Մենք 2016 թվականին անպայման այդ հարցին ուշադրություն կդարձնենք, որովհետեւ այնտեղ լուրջ վերանորոգման աշխատանքներ են անհրաժեշտ, հատկապես վերանորոգման կարիք ունի թանգարանի կտուրը: Այնպես որ, պետք է վերանորոգման աշխատանքներ կատարվեն, եւ մենք դա կկատարենք:
2016-ԻՆ ՏԵՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԼՈՒԾՎԵ՞Ն
Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ ՍՄԲԱՏ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ.
- Ծանոթ ենք թանգարանի բոլոր խնդիրներին, դրանց մի մասը լուծելու համար նախորդ տարի շրջանի ֆոնդից հատկացվեց որոշակի գումար: Խնդիրները շատ են, դրանք ոչ միայն թանգարանի շենքի ու ցուցանմուշների վերանորոգմանն ու պահպանությանն են վերաբերում, այլեւ թանգարանի տարածքի լուսավորությանը: Արդեն կատարում ենք նախապատրաստական աշխատանքեր, որպեսզի հաջորդ տարի խնդիրները լուծված լինեն: Կարծում եմ` 2016 թվականին թանգարանն արդեն առանց խնդիրների իր դռները կբացի այցելուների առաջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ջավախք-Երեւան
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk