«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՄ ՓՈՂԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ»
Արխիվ 12-16«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՄ ՓՈՂԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ»
Ամբողջ տարվա ընթացքում հայաստանյան քաղաքագետները հետեւել են Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող կարեւոր իրադարձություններին՝ մասնավորապես մեր էջերում ներկայացնելով իրենց մեկնաբանություններն ու տեսակետները: Բայց քաղաքագետն էլ է մարդ, եւ ահա նրանցից շատերը մեկնում են կարճատեւ արձակուրդ, չնայած խոստովանում են, որ մասնագիտության բերումով` նույնիսկ հանգստանալիս, հետեւելու են քաղաքական անցուդարձին: «Իրավունքը» կրկին զրուցեց քաղաքագետների հետ, այս անգամ ոչ թե որեւէ հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալու համար, այլ պարզելու, թե նրանցից ովքեր են մեկնելու արձակուրդ եւ որտեղ են անցկացնելու իրենց հանգիստը:
- Մոտ մեկ ամիս արձակուրդս անցկացնելու եմ Ջավախքում` ծնողներիս մոտ, այնուհետեւ կմեկնեմ ծով: Հանգիստս հաճախ անցկացնում եմ ձուկ բռնելով կամ ընտանիքիս անդամների հետ բնությունը վայելելով:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ.
- Կարճատեւ արձակուրդս անցկացնելու եմ իմ ծննդավայրում` Ախալքալաքում, հարազատներիս միջավայրում: Երեւանում մի քանի հարցեր ունեմ, որոնք հանգստի ընթացքում պետք է լուծեմ, այդ պատճառով արտասահման չեմ կարող գնալ. մի քիչ էլ այստեղ ֆինանսն է պատճառը: Վրաստանում չեմ սիրում հանգստանալ, քանի որ չեմ ուզում իմ փողերով հարստացնել վրացիներին: Հանգստի իմաստով հետաքրքրություն չեմ ցուցաբերում: Ճիշտ կլիներ, եթե մենք բոլորս, արձակուրդն օգտագործեինք եւ գնայինք մեր հայրենիքը` Արեւմտյան Հայաստանը տեսնելու: Որ մի ամառ ողջ հայությունը հավաքվեր Էրզրումում եւ միասնաբար պարեր հայկական քոչարին. այ, սա արդեն բոլորի համար կլիներ լավագույն հանգիստը:
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ.
- Հանգստի տարբեր տեսակներ եմ նախընտրում` նայած տրամադրության: Այս տարի որոշել եմ հանգստանալ Հայաստանում, շրջել երկրով մեկ եւ մանրամասն ծանոթանալ մեր տարբեր քաղաքներին ու գյուղերին, քանի որ Հայաստանն իր ամբողջության մեջ լավ չենք ճանաչում: Կան հետաքրքիր վայրեր, որտեղ մշտապես այցելում ենք, բայց կան նաեւ այնպիսի վայրեր, որոնք թեեւ շատ հետաքրքիր են, սակայն դրանք մեզ համար պետք է բացահայտենք:
Միջազգային եւ քաղաքական փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ.
- Այս տարի արձակուրդ չեմ մեկնելու, գիշերները քնելով կփորձեմ հանգստանալ: Նույնիսկ Երեւանից դուրս չեմ մեկնելու: Արձակուրդի չմեկնելը իմ որոշումն է եղել, արդեն մի քանի տարի է, ես այդպես եմ անցկացնում ամառը:
Ադրբեջանագետ ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆ.
- Հնարավոր է, որ արձակուրդ մեկնեմ օգոստոսի կեսերից, բայց կարծում եմ, արտերկիր չեմ մեկնի, կհանգստանամ Հայաստանում: Նախընտրում եմ պասիվ հանգիստ` ծովափ, հյուրանոցային լավ պայմաններ, բնություն, որտեղ լիարժեք կկարողանաս լիցքաթափվել եւ կտրվել իրականությունից:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk