ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ
Արխիվ 12-16ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ
Վերջին 7-8 ամիսների ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երրորդ անգամ է այցելում հարեւան Վրաստան: Նախորդ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա գարնանը Հայաստանի կառավարության ղեկավարը երկու անգամ հանդիպել է հարեւան երկրի իր գործընկերոջ հետ` քննարկելով երկու երկրների տնտեսական համագործակցությանն առնչվող բոլոր հարցերը:
Այս անգամ Հովիկ Աբրահամյանը Վրաստան էր մեկնել մասնակցելու Եվրոպական երիտասարդական օլիմպիական խաղերի բացմանը: Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Հայկական կողմում նոր, արդիական մաքսակետի շինարարության ընթացքին ծանոթանալուց հետո, վարչապետին ներկայացվել է սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր` «Բարեկամության» կամուրջի կառուցման ընթացքը: Նախատեսվում է այս տարվա ընթացքում հայտարարել շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը: Ակնկալվում է, որ կամուրջը կնպաստի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը: Ընդհանրապես նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի ժամանակակից ենթակառուցվածքներ, հեշտացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների շարժը: Վարչապետները պայմանավորվել են հնարավորինս արագ սկսել կամրջի շինարարությունը: Հայ-վրացական սահմանի կամրջի շինարարությունից բացի, այս օրերին առավել հրատապ է Վրաստանի մյուս` Ռուսաստանի սահմանային անցակետի գործունեությանն առնչվող հարցերը, որոնք կապված են Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանողների հետ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ այցելելով վրաց-ռուսական սահմանի Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ, երկու երկրների կառավարության ղեկավարները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին: Դրանից հետո, Հովիկ Աբրահամյանն իր վրացի գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը եւս 3,5 ժամով երկարացնելու մասին: Նոր պայմանավորվածության համաձայն, այն այսուհետ կգործի ժամը 05.30-ից մինչեւ 24.00: Մեկ ամիս առաջ եւս, երկու վարչապետներն արդեն պայմանավորվել էին անցակետի աշխատանքային գրաֆիկը 3 ժամով ավելացնել (06.00-18.00-ի փոխարեն սահմանվել էր 06.00-21.00): Ներկայումս այդ աշխատաժամանակը երկարացված է 6,5 ժամով: Այս պայմանավորվածությունը կնպաստի վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաեւ` Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելուն: Խնդրին առնչվող եւս մեկ հարցի` Վրաստանը Ռուսաստանին կապող մայրուղու տարբեր հատվածներում սողանքների եւ քարաթափման վտանգի առնչությամբ վրացական կողմը խոստացել է քայլեր ձեռնարկել ճանապարհահատվածն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել ճանապարհի լայնացման եւ լուսավորման հետ կապված աշխատանքներ: Վրաստանը, բացի մեր հարեւանը լինելուց, մեր արտահանման հիմնական շուկա` Ռուսաստան դուրս եկող տարանցիկ երկիրն է: Ակնհայտ է, որ այդ երկրի հետ հարաբերությունների կարեւորությունը չի կարելի թերագնահատել: Այս առումով դրական պետք է համարել այդ փաստի գիտակցումն ու հատուկ ուշադրությունը Հայաստանի կառավարության կողմից:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝