Ն. Մալյան. «ՍԱ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ Է»
Արխիվ 12-16Ն. Մալյան. «ՍԱ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ Է»

Նախորդ համարում «Իրավունքը» ներկայացրել էր ՀՀ ոստիկանապետի խորհրդական ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ հետ հարցազրույցը, որով հետաքրքրվել էինք նրանից, թե ինչպես է վերաբերվում, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ղեկավար` իրավապաշտպան Արթուր Սաքունց) հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ ակտիվիստ ներկայացող Ելենա Օվսյաննիկովայի հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով: Խոսքը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների` փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի` վերոնշյալ տիկնոջը վատ պահվածքի համար ցուցարարների շարքից հեռացնելու պահանջի եւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառման մասին է: Բացի այդ, Ն. Մալյանը նաեւ մեկ ուրիշ գրառմամբ անդրադարձել էր իրավապաշտպան Արման Ղարիբյանին, ում կարծիքով Բաղրամյան պողոտայում հաղթած երիտասարդների մեջ բազմաթիվ ԼԳԲՏ անձինք կային, ինչը եւս լայն արձագանք էր գտել: Շարունակելով մեր զրույցը պարոն Մալյանի հետ` փորձեցինք պարզել, թե, ի վերջո, համասեռամոլների լոբբինգով զբաղվելը կամ խայտառակ պահվածքով ցույցերին իրեն դրսեւորած Օվսիաննիկովային սատարելը, արդյո՞ք կարելի է համարել իրավապաշտպանի առաքելություն.
–Իրավապաշտպանի բնորոշումն այդ չէ, սա, կարծես, իմիտացիա է: Հիմա վաղը հազար կամ երկու հազար հոգի հավաքվեն, էլի լինելու են մարդիկ, ովքեր ամեն մեկն իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատկերացումներն ու համոզմունքները փորձելու են մի քանի հազար մարդու մեջ ցուցադրել ու ներկայացնել: Մեկն էլի գնալու է Ռուսաստանի դրոշը բարձրացնի, մյուսը` Եվրոպայի դրոշն է ջարդելու, երրորդը` Թուրքիայի դրոշն է վառելու, մնացածներն էլ գոռալու են Պուտինը վատն է կամ Օբաման է վատը...
– Կարեւորը, որ արտասահմանյան ֆինանսավորողները գոհ մնան...
– Նույնիսկ այդ մասով չեն աշխատում, ավելի շատ սա իրավապաշտպանության իմիտացիա է, քան իրավապաշտպանություն: Եթե խաբեցին ու ասացին, որ հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվել էին ցույցին, բոլորը սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ են, սրանով ո՞ւմ իրավունքը պաշտպանվեց: Նույնիսկ չգիտեմ, նման հայտարարությունը արժանահավատություն կներշնչի՞ որեւէ մեկի մոտ, թե` ոչ: Ցավում եմ, որ աշխատանքի իմիտացիան այսօր գերիշխում է հասարակական սեկտորում: Սա աշխատանքի ցուցադրություն չէ, այլ բովանդակային ծանծաղություն: Մարդիկ կան, որոնք իրենք չեն կարողանում կամ միգուցե ծուլանում են սեփական նախաձեռնություններով հանդես գալ եւ գնում են ուրիշի նախաձեռնությունները քաշում իրենց վրա: Որտեղ տեսնում են` մի քանի հարյուր կամ հազար մարդ կա հավաքված, գնում, այդ մարդկանց հավաքական պահանջը սեփականաշնորհած` ներկայացնում են իրենց ծրագրերում եւ իրենց հաշվետվություններում:
– Ի դեպ, Բաղրամյան պողոտայում լինելով ցուցարարների հակառակ կողմում` ինչպե՞ս կգնահատեք սկզբնական պայքարն ու «անփառունակ» ավարտը:
– Այդ ամենը մի քիչ ավելի լուսավոր եմ տեսնում: Ցանկանում եմ ուղղակի հավատալ, որ մարդկանց պահանջը հոսանքի գնի թանկացման հետ էր կապված: Սակայն, Բաղրամյանի ցույցերից հետո շատ ակտիվ հաշվետվությունների սեզոն սկսվեց: Ամեն մեկը փորձեց իր հաշվետվության մեջ անպայման շեշտել, որ իր եւ իր կազմակերպության մասնակցությունն ամենաշատն էր ու ամենալուրջն էր: Բայց հավատացնում եմ Ձեզ, որ դրանք հոսանքի գնի թանկացման դեմ սկսված ցույցերի հետ ոչ մի կապ չունեին, այլ սեփական անձը կամ սեփական կազմակերպությունը անվճար գովազդելու միջոց էր: Եվ, ինչու ոչ, հետագայում նպատակային գրանտներ ստանալու, ուղղակի, մեթոդ: Այլեւս չկար արժեքային պայքար, այլ որոշ մարդիկ արդեն իսկ սկսված ու ինչ-որ հանգրվանի հասած պայքարը փորձում էին իրենցով անել: Սակայն այս մարդիկ բողոքի տրամաբանության մեջ չեն: Հիշեք, որ ցույցերի ժամանակ ամենօրյա ռեժիմով լիդերներ էին փոխվում եւ այն անլրջացնում էր հենց սկզբնական նպատակը: Արդյունքում մարդիկ մոռացան, ինչի համար էին ի սկզբանե հավաքվել:
– Վերջում մի ճշտող հարց` մեր զրույցը Նարեկ Մալյանի՞, թե ոստիկանապետի խորհրդականի հետ էր, քանի որ վերջին շրջանում շատերը դժվարանում են զանազանել:
– Ոստիկանության պաշտոնական տեսակետի համար, զանգահարեք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն: Չեմ կարծում, որ ես ինչ-որ սենսացիոն բան եմ ասել, այլ փորձում եմ մանրամասն ներկայացնել այն, ինչ-որ տեսել եմ եւ զգացել: Սա, բնականաբար, ոստիկանության պաշտոնական կարծիքը չէ, այլ Նարեկ Մալյանի, ով նաեւ ոստիկանապետի խորհրդականն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

