ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՄԻԱԿ ՁՈՂԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՄԻԱԿ ՁՈՂԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո մեզ հաջողվեց զրուցել արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ` անդրադառնալով ինչպես սահմանում տիրող իրավիճակին, այնպես էլ Մոլդովայում հայկական գերեզմանատան շուրջ ծագած խնդիրներին, ԵՏՄ անդամակցման արդյունքներին ու արտասահմանյան պաշտոնյաների` Հայաստան այցին:
«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՄԱՆ ՔԱՅLԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՆՏԱԺԻ ԵՆԹԱՐԿԵԼ»
–Պարոն փոխնախարար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ուշագրավ հայտարարություններից ու հայաստանյան այցից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում բավական սրվեց: Ի՞նչ կասեք այս մասին:
– Սա նորություն չէ: Ակնհայտ է, որ Ադրբեջանը նման քայլերով փորձում է, այսպես ասած, շանտաժի ենթարկել թե՛ հայկական կողմին, թե՛ միջնորդներին: Սակայն, կարծում եմ` այդ փորձերը որեւէ հեռանկար չունեն:
– Ըստ Ձեզ, ինչպե՞ս կանդրադառնա Արցախյան հիմնախնդրի վրա Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը, ինչի մասին վերջիններս հայտարարել են շաբաթներ առաջ:
– Այս ամենը պետք է դիտարկել ընդհանուր պատկերի մեջ: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի իրենց մոտ չլինեն գրասենյակներ, որոնք հետապնդում են ժողովրդավարության, մարդու, լրագրողների իրավունքների պաշտպանության խնդիրներ: Սա մի գործընթաց է, որը արդեն որերորդ տարին առկա է: Ավելին` հասցրել է նրան, որ «Ֆրիդոմ հաուզ» (Freedom House) միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով Ադրբեջանը գնահատվում է` որպես կոնսոլիդացված, կայացած ավտորիտարիզմի երկիր: Ընդհանրապես գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ենթարկվում է բազմաթիվ քննադատությունների ոչ միայն տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, այլեւ տարբեր պետությունների կողմից:
«ԱՓՍՈՍ, ՈՐ ԱՅԴՊԻՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՔՈՒՄ»
–Փաստորեն, մոտ ապագայում ԼՂՀ հակամարտության հարցում որեւէ էական տեղաշարժ չե՞նք կարող ակնկալել:
– Հակամարտությունն Ադրբեջանն օգտագործում է հենց իրենց ռեժիմը պահպանելու համար, քանի որ իրենք այլ բան չեն գտել իրենց քաղաքացիների ուշադրությունը շեղելու ներքին խնդիրներից: Ադրբեջանական հասարակությանը համախմբող միակ ձողը դարձել է հակահայկականությունը: Մենք պետք է շատ լավ գիտակցենք, որ այդ հակահայկականության լարվածության պահպանումը նրանց անհրաժեշտ է միայն մեկ բանի համար` ստեղծել պատկեր Ադրբեջանի ժողովրդի մոտ, որ կա արտաքին թշնամի, եւ բոլոր նրանք, ովքեր փորձում են քննադատել ռեժիմը կամ դեմ են, հայտարարել, թե Հայաստանի գործակալներ են ու դատական գործընթացներ սկսել նրանց դեմ: Այսինքն` այն, ինչ տեղի է ունենում: Ուղղակի ափսոս է, որ այդպիսի պետությունը հայտնվել է նման ղեկավարության ձեռքում:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ԽՆԴԻՐ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
–Մոլդովայի հայ համայնքի ղեկավարը օրերս ահազանգել էր` տեղեկացնելով, որ Քիշնեւում գտնվող Սուրբ Հարություն հայկական եկեղեցու եւ դրան հարակից հայկական գերեզմանատան նկատմամբ ոտնձգություններ են իրականացվում: Ի՞նչ քայլեր է պատրաստվում անել ԱԳՆ-ն:
– Սա հին խնդիր է: Տեղի հայ համայնքի ջանքերով հաջողվել է պահպանել հայկական գերեզմանատունը, բայց խնդիրը վերաբերում է տարածքին` մի կողմից այն պահպանվող տարածք է, մյուս կողմից` դեռ հանձնված չէ: Նմանատիպ խնդիր ունենք նաեւ եկեղեցու հետ կապված: Այնտեղ կան նաեւ դատական քաշքշուկներ: Ամեն դեպքում ե՛ւ համայնքն է հետամուտ, ե՛ւ Արտգործնախարարությունը, որը փորձում է իր իրավասության, հնարավորության սահմաններում աջակցել այս խնդրի լուծմանը:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԹՎԵՐՈՎ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԵՏՄ-ԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
–Արդեն բավական ժամանակ է անցել ՀՀ-ի ԵՏՄ անդամակցումից, ի՞նչ կասեք արդեն իսկ եղած արդյունքների մասին:
– Արդյունքները կարող եք դատել տնտեսական ակտիվության թվերով: Վաղը պետք է հայտարարություն լինի, թե ինչպիսի տնտեսական ակտիվություն է արձանագրում Հայաստանը: Ընդհանուր առմամբ, այն գումարային գնահատական է տնտեսության վիճակի մասին` ԵՏՄ անդամ դառնալուց հետո:
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵՆ»
–Ի դեպ, Եվրահանձնաժողովն ընդունել էր Եվրամիության բանակցային խմբին Հայաստանի հետ բանակցությունների համար նոր մանդատ տրամադրելու առաջարկը: Հետաքրքիր է, թե այս գործընթացն ի՞նչ փուլում է:
– Խնդիրը հետեւյալն է, որպեսզի այդ մանդատն ստանանք, անհրաժեշտ է Եվրամիության անդամ բոլոր երկրների համաձայնությունը: Սակայն իրենք մեզ հետ չեն կիսվում, թե որ պետությունն է մանդատ տվել կամ չի տվել: Այսինքն` պետք է կոնսեսուսային որոշում լինի բոլոր պետությունների կողմից: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ որեւէ պետություն դեմ է այդ մանդատին: Պարզապես, Եվրամիությունում ամեն որոշում այդքան արագ չի ընդունվում: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները բավական դրական են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk