ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԿԱՄ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԿԱՄ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Թեպետ քաղաքական գործընթացները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, սակայն ամռան ավարտին մնաց ընդամենը մեկ ամիս, ու ճիշտ ժամանակն է մտածել նաեւ հանգիստը կազմակերպելու մասին: Իսկ թե խորհրդարանականները որտեղ են անցկացրել արձակուրդը կամ որտեղ են պատրաստվում այն կազմակերպել, «Իրավունքը» պարզեց փոքրիկ հետաքննության միջոցով:
Օրերս Ջավախքի Գանձա տերյանական գյուղում հանդիպեցինք ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ, ումից հետաքրքվեցինք` այստե՞ղ է պատրաստվում իր հանգիստն անցկացնել, թե` հայրենիքում. «Ինձ համար Ջավախքն էլ է հայրենիք, Հայաստանն էլ, բայց այնպես է ստացվել, որ տարիներ շարունակ շատ չեմ զբաղվում իմ հանգիստը կազմակերպելով, որովհետեւ, որպես կանոն, ամառվա օրերին եւս բավական աշխատանքներ ունեմ: Այս տարի դեռեւս արձակուրդ չեմ գնացել, բայց ինձ հաճելի է, որ առիթ ունեմ ե՛ւ Ջավախքում լինելու, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում: Սա նաեւ աշխատանքի հետ միասին հանգիստ է ինձ համար»:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր ՄՀԵՐ
ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ էլ առանձնապես չի հոգացել իր հանգիստը կազմակերպելու մասին. «Նույնիսկ չգիտեմ` կգնամ, թե` ոչ, բայց ընտանիքս, իհարկե, Հայաստանի շրջաններից մեկում կգնա հանգստանալու: Մեծամասամբ ամառն ինձ համար աշխատանքային կլինի: Հուսամ` կկարողանամ մի երկու օրով երեխաներիս հետ լինել Արցախում»:
Ի դեպ, Արցախում հանգիստն անցկացնող պատգամավորները մեծ թիվ են կազմում, որոնց թվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ
ԶԱՔԱՐՅԱՆԸ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Հավելենք նաեւ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ էլ իր արձակուրդը նվիրել է Մարտակերտի մշակույթի տունը ծաղկեցնելուն ու միեւնույն ժամանակ դիրքապահ զինվորների կողքին լինելուն:
Սակայն, ամռան տապին խիստ լարվածություն է նկատվում ԲՀԿ-ի շարքերում: Չնայած նրան, որ վերջիններս լրատվամիջոցների հետ փորձում են հնարավորինս քիչ շփվել, բայց բոլորովին էլ չեն շտապում արձակուրդի
անցնել: Եվ այսպես` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ փորձեցինք ուղղել մի քանի քաղաքական հարցեր, բայց փորձը դարձավ փորձանք: Նախ` պարոն պատգամավորն ասաց, որ գրավոր կպատասխանի հարցերին, իսկ գրավոր պատասխանները ստանալուց բավական ժամանակ անց, պատասխան ստացանք ոչ թե նրանից, այլ օգնականից. «Ներկա պահին պարոն Էնֆիաջյանը ծանրաբեռնված է, մարզերում հանդիպումներ է անցկացնում կուսակցության տարածքային կառույցներում եւ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով չի կարող
հարցազրույցին պատասխանել»:
Ինչեւէ, հուսանք, որ, իսկապես, ԲՀԿ-ում խիստ զբաղված են եւ ոչ թե, պարզապես, պատասխաններ չունեն ո՛չ սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու վերաբերյալ եւ ո՛չ էլ Օսկանյան-Վահե Հովհաննիսյան ԲՀԿ-ի թիկունքում նոր կուսակցություն հիմնելու մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk