Ամո Շարոյան. «ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ` ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՆԸ, ՌԵԱԼ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ»
Արխիվ 12-16Ամո Շարոյան. «ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ` ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՆԸ, ՌԵԱԼ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ»
«Մեր ցավը մոռանալ հնարավոր չէ, այն ահավոր է, բայց թույլ չենք տա, որ անցյալը մեզ սպանի, որովհետեւ մենք եղել ենք, կանք ու կլինենք: Մենք պետք է ապրենք եւ արարենք: Հարգա՜նք, հարգա՜նք, հավերժ հիշատակ անմեղ զոհերին», -անդրադառնալով Շանգալում եզդիների ցեղասպանության առաջին տարելիցին` նշել է «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆՆ ու հավելել. «Օգոստոսի 3-ին լրանում է մեկ տարին, երբ Իսլամական պետություն կոչվող հրեշները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի, Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա եւ սկիզբ դրեցին եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների. կոտորածների եւ ցեղասպանության: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր: Սկսվեց եւ մինչեւ օրս շարունակվում է մեր ժողովրդի նկատմամբ մարդկային մեծ աղետը...Այն խլեց մեր ժողովրդի հազարավոր զավակների կյանքը, հազարավորները գերեւարվեցին ու 21-րդ դարում դատապարտվեցին ստրկության ու ստրկավաճառության...»: Ա. Շարոյանը ցավով ընդգծում է, որ իրենց բնօրրանում հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը ենթարկվեց այնպիսի ոճրագործության, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել. «Մինչեւ վայրենաբար
արմատախիլ անելը մենք ապրել եւ արարել ենք մեր բնօրրան Շանգալում, որտեղ մենք ո՛չ եկվոր ենք, ո՛չ էլ անցվոր, մենք եղել ենք եւ կլինենք մեր բնօրրանի տերը: Այդ ընթացքում ՄԱԿ-ը ԻՊ ահաբեկչական խմբավորումը մեղավոր ճանաչեց եւ նրանց ոճրագործությունն եզդիների նկատմամբ որակեց որպես ցեղասպանություն: Կոչ անելով Հագայում միջազգային քեական դատարանին զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Զեկույցում նշվում է նաեւ, որ իսլամիստների վերաբերմունքն եզդիների նկատմամբ նման է հին համայնքը վերացնելու գիտակցական ցանկության»: Ի դեպ, եզդիների ցեղասպանությունը ցնցել էր նաեւ Հայաստան աշխարհը եւ ամենուր ձեւավորվեցին «օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբեր: Այս մասին «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը շեշտել է. «ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը միջազգային տարբեր ատյաներում դատապարտեց եզդիերի ցեղասպանությունը եւ կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին:
Բայց մեր թեւերը վեր բարձրացնելու ժամանակը եկավ: Վերջապես հնչեց արդարության ձայնը աշխարհը օգնեց եզդիներին: Մեր ազատամարտիկները զենքը ձեռքին ազատագրեցին Շանգալը, մեր բնօրրանը, եզդիների գոյության ամրոցը, որը մեր եզդիների համար միայն աշխարհագրական վայր չէ, այլ մեր սրբությունը, մեր խորհրդանիշը, այն վայրը, որտեղ եզդի ժողովուրդը 6000 տարուց ավելի դիմադրել է տարբեր հողմերի: Այն հողը, որի վրա եզդի ժողովուրդը հուսալիորեն պահպանել է իր ազգային ինքնությունը, իր կրոնը, իր մշակույթը, իր պատմությունը, իր սրբավայրերն ու սրբությունները: Վերջապես իսլամական «Սեւ դրոշը» Շանգալում եզդի ազատամարտիկների ձեռքերով այրվեց, ընկավ մեր ազատամարտիկների ոտքերի տակ: Փրկվեց մարդկության եւ առավելապես արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը սրբությամբ պահպանող եզդի ժողովուրդը»: Եվ որպես վերջաբան` պարոն Շարոյանը հավելել է ու կոչ արել գերհզոր պետություններին. «Իհարկե, մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այդ սարսափելի օրերին օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդին: Մենք ստացանք ամբողջ աշխարհում մեր բարեկամների եւ ընկերների կարեկցանքն ու օգնությունը:
Աշխարհը տեսավ եւ ճանաչեց եզդի ժողովրդին եւ համոզվեց, որ եզդիները մենակ էլ կարող են պաշտպանել իրենց բնօրրանը տարբեր ավազակախմբերից: Մենք հավատում էինք մեր հաղթանակին, վստահ էինք մեր ժողովրդի ուժին ու կամքին: Համբերում էինք, որ հերթական փորձությանը կդիմանայնք եւ, փառք Աստծո, հաղթեց մեր համբերությունը: Բայց հաղթանակը վերջնական չէ, այս դաշտն այնքան մշուշոտ է, այնքան անորոշ գործընթացներ են կատարվում, որ շատ ու շատ հարցեր այդպես էլ պատասխան չունեն: Գերհզոր պետություններ, ԻՊ-ի հրեշների չեզոքացման եւ արմատախիլ անելու ժամանակն է, բայց ձեր սահմանափակ գործողությունները ցանկալի արդյունք չեն բերել այս մեկ տարվա ընթացքում, նույնիսկ պարզ դարձավ, որ կան տարածքներ որոնց մեջ իսլամիստները անարգել գործում են, կան ռազմական նշանակության կետեր, բազաներ որոնք երբեւէ ռմբակոծման չեն ենթարկվել, կարծես թե դրանց մոտենալը արգելված է...
Միջազգային գերտերություններ, ձեր պահվածքը ճիշտ չէ, հստակացրեք ձեր դերակատարությունը աշխարհի առջեւ, իսլամական չարիքի վերածումը մեր բոլորի գլխավոր նպատակը պետք է լինի: Հարկավոր է զգոն լինենք, որ այլեւս մեր ընդհանուր տան` երկիր մոլորակի պատմության ոչ մի էջ սեւ գույնով չներկվի: Վերջ տանք ստի եւ կեղծիքի քաղաքականությանը: Աշխարհի մեծամեծեր, կույր մի՛ ձեւացեք, ժամն է, մոռացե՛ք Ձեր շահի եւ նյութական շահագրգրվածության մասին: Մի՞թե չի եկել արդար հատուցման ժամը, մի՛ հավատացեք տարբեր մարգարեություններ անողներին մեզ բոլորիս` մեր ընդհանուր տանը ռեալ վտանգ է սպառնում: Աստծո օգնությունը նրանց, ովքեր օգնության կարիք ունեն...
Ժամն է գնահատենք մեկմեկու, հավատանք եւ օգնենք միմյանց:
Աշխարհը փրկենք իսլամական չարիքից», - եզրափակելով խոսքն ասել է Ամո Շարոյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk