ՈՎՔԵՐ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵՆ. Ս. ՔՐՄՈՅԱՆ
Արխիվ 12-16ՈՎՔԵՐ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ
ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵՆ. Ս. ՔՐՄՈՅԱՆ
Երեկ կայացած «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովի ժամանակ բիզնեսի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին խնդիրներ, որոնց իրենք առնչվում են իրենց գործունեության ընթացքում: Փոքր և միջին ձեռնարկատերերից մեկն էլ մանրամասն նշեց, թե իր բիզնեսը սկսելուց մինչ օրս ինչ խոչընդոտների է հանդիպում: Ու չնայած, որ ինքն ու իր գործընկերներն ի սկզբանե ընտրել են կոռուպցիոն ցանկացած դրսևորում մերժելու և օրենքի շրջանակներում գործելու ուղին, ուստի շատ հաճախ ստիպված են լինում տույժեր ու տուգանքներ վճարել, բայց գործարքի մեջ չմտնել մանր ու միջին դասի չինովնիկների հետ:
Լսելով այս ձեռնարկատիրոջ ներկայացրած կոնկրետ փաստերը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը նշեց, որ ցավոք մեզանում շատ չեն նման ընկերությունները, որոնք իրենց իրավունքների համար պատրաստ են պայքարել, իսկ նշված խնդիրներն էլ հաճախ չեն լուծվում, որովհետև շատ հաճախ չեն հասնում պետական մարմիններին: Նա չժխտեց, որ բոլոր ոլորտներում էլ անբարեխիղճ աշխատողներ կան, բայց նաև դեմ էր, երբ բոլոր պետական պաշտոնյաներին նույնկերպ են պիտակավորում:
«Շատ դեպքերում քննարկման ժամանակ մարդիկ ասում են, օրինակ՝ բոլոր դատավորները կոռումպացված են: Դա ընդունելի չէ, քանի որ նման ընդհանրացումները նվազեցնում են համակարգի նկատմամաբ վստահությունը: Իհարկե, մենք խնդիր ունենք բոլոր համակարգերում էլ, բայց եթե կան դեպքեր հարկավոր է դրանց մասին հստակ բարձրաձայնել»,- ասում է Ս. Քրմոյանը:
Նրա կարծիքով քննարկման ժամանակ բարձրացված փաստերը միայն բիզնեսի խնդիրը չէ, այլև՝ կառավարության: Դա շտկելու համար հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում մի կարևոր կետ է ընդունվել ՝ բիզնեսին խոչընդոտող բոլոր բյուրոկրատական մեխանիզմների փոփոխություն, լիցենզավորման պայմանների և պահանջների պարզեցում:
«Ես համամիտ եմ, երբ ասում են, որ իրավաբանական անձի ձևակերպումը հեշտացվել է, բայց նաև կարծում եմ, որ պետք է նաև բիզնես սկսող անձին տեղեկատվություն, շինարարության պատրաստի նախագծեր տրամադրենք, տարբեր բիզնեսների համար տարբեր ուղեցույցներ պատրաստենք: Բայց նաև ընդունեք, որ բիզնեսմեններից շատ քիչ մարդիկ են նման պահանջ դնում, քիչ մարդիկ են տեղեկանում իրենց իրավունքների ու պարտականությունների մասին»,- ասում է Ս. Քրմոյանը:
Նա կոչ արեց նաև առաջացած խնդիրները «հեշտ» լուծելու փոխարեն, պայքարել նման երևույթների դեմ և քննադատականից տեղափոխվել կառուցողական դաշտ: Նա նշեց նաև, որ իրենք բաց են բոլորի համար, բայցև պահանջում են, որ բիզնեսն էլ իր ներսում մաքուր աշխատի և չնպաստի կոռուպցիոն դրսևորումներին: Հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգողի խոսքով հակակոռուպցիոն նոր ռազմավարության մեջ ներառվելու են նաև կոռուպցիոն դրսևորումների մասին հայտնող անձանց պաշտպանության մեխանիզմները:
«Այն մարդիկ, ովքեր հայտնում են դեպքի մասին պետք է պաշտպանված լինեն: Սա մի ճանապարհն է, երկրորդը դա կոռուպցիոն հանցագործությունների գործերի քննության արդյունավետության բարձրացումն է: Այս պահի դրության նման գործերի քանակը շատ չէ, բացառությամբ կաշառք տալու, կաշառք վերցնելու դեպքերի: Հովանավորչության և պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերն ավելի քիչ են: Մենք պետք է մեր քննիչներին, դատավորներին և դատախազներին վերապատրաստենք: Արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն քննել նման տիպի գործերը»,- ասում է Ս. Քրմոյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարողները փորձելու են նաև հասկանալ, թե ինչու մարդիկ չեն հայտնում նման խնդիրների մասին: Խոստանում են նաև լուծել այն խնդիրները, որի առջև մարդիկ հայտնվում են նման տեղեկություն հայտնելուց հետո: Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան պետություններ, որտեղ նույնիսկ գումար են վճարում նման հաղորդումներ ներկայացնողներին:
Չնայած առայժմ դեռ պարզ չէ, թե կոռուպցիային դեմ պայքարի ճանապարհին մեր կառավարությունն ինչ ձեռնբերումներ կկարողանա արձանագրել, բայց այնուամենայնիվ, մեկ բան ակնհայտ է, որ եթե բարձրաստիճան պաշտոնյաները պատշաճ իրազեկված չեն, թե իրենց երկրում և իրենց շուրջը ինչ է կատարվում, կամ օրինակ՝ որ ոլորտում ինչ բարքեր են տիրում, հենց դա նշանակում է, որ դրա պատճառով կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը կարող է բավականին մեծանալ, այսինքն՝ վատ են աշխատում:
Եվ ամենևին էլ հասկանալի չէ պետական պաշտոնյաների այն մոտեցումները, թե բարձրաստիճան պաշտոնյան շատ հաճախ չի իմանում, թե իր «թիկունքում» որ մանր չինովնիկն ինչով է զբաղվում:
Այն պետությունում, որտեղ կան մարդկանց անվտանգության երաշխավորման գործառույթ իրականացնող ուժային կառույցներ, գործունեություն են ծավալում և դրա դիմաց պետբյուջեից աշխատավարձ են ստանում, ապա ոչ միայն պե՛տք է, այլև՝ պարտավո՛ր են բոլոր տեսակի տեղեկություններին էլ տիրապետեն, որպեսզի կարողանան չարիքը հենց տեղում վերացնեն և պաշտպանեն հասարակության օրինական շահերը: Ոչ թե կահավորված կաբինետներում նստեն ու դեռ մի բան էլ մուննաթ գան ժողովրդի վրա, թե՝ «փաստեր ունեք, եկեք հաղորդում տվեք»:
Այստեղ տեղին է հիշեցնելը, որ փաստեր հավաքելը հենց ձեր գործն է հարգելի մեծ և փոքր չինովնիկներ, ինչու եք ձեր գործը բարդում անօգնական քաղաքացու վրա, ով իր ընտանիքի սոցիալական հոգսերը հոգալու փոխարեն հիմա էլ ստիպված պետք է ձեր գործերով զբաղվի:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk