ՄԻ ԶՈՒԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ
Արխիվ 12-16ՄԻ ԶՈՒԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆԻՑ
ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Զբոսաշրջային սեզոնի ակտիվացմանը զուգահեռ ամեն տարի ակտիվանում է նաև հասարակական զուգարանների թեման: Այս պատմությունը գուցե չծնվեր, եթե ակամայից ներկա չգտնվեինք Երևան ժամանած զբոսաշրջիկի տանջանքներին: «Զուգարան» կոչվող մեր շրջայցը սկսվեց Երևանի Այրարատ տոնավաճառի մոտակայքից և ավարտվեց «Սիրահարների այգում»: Սկզբում տոնավաճառի շրջակայքին լավ ծանոթ վաճառականները մատնացույց արեցին մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի հարևանությամբ գտնվող հասարակական զուգարանը, բայց քիչ անց պարզվեց, որ այն արդեն փակվել է: Հետո պարզեցինք, որ մետրոյի նույն կայարանի նախասրահի ետնամասում էլ կա նման հաստատություն: Այս մեկից փչող հոտն էլ այնքան ուժգին էր, որ դրա տեղը հարցնելու կարիք էլ չեղավ: Հասկանալի պատճառներով մեր զբոսաշրջիկը հրաժարվեց իր կարիքները գետնախորշում գտնվող այդ բուրումնավետ վայրում հոգալուց:
Այստեղ տեղին է ասել՝ ընկել ես պետք է մինչև վերջ քաշես, ուստի մեր հյուրին այդ «ծանր» պահին անօգնական վիճակում թողնելու փոխարեն սկսեցի ավելի ակտիվացնել «Զուգարան» կոչվող հաստատության փնտրտուքները: Մետրոյում մեզ խորհուրդ տվեցին գնալ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան և օգտվել դրա հարևանությամբ գործող եվրոզուգարանից, որը և՛ պատշաճ կահավորված է, և՛ գերազանց մաքուր, և՛ չզարմանաք՝ միանգամայն անվճար:
Մի փոքր թերահավատորեն շտապեցինք այնտեղ ու ի՞նչ տեսնենք: «Սիրահարների այգում» կառուցված մե ամուր քարե կոկիկ շինություն, եվրոդռներով, եվրոպատուհաններով, հատուկ օդափոխման համակարգով, հայելիներով, լվացարաններով, պահարաններով: Մե ուրախություն, մե խինդ ….. «Այ սա արդեն ուրիշ» մտածեցի ու զբոսաշրջիկին հպարտորեն ուղեկցեցի դեպի այդ «դրախտ»: Ամենահետաքրքիրը, սակայն եվրոպական չափանիշներին համապատասխանող այդ զուգարանում փակցված «ուղեցույցներն» էին, որոնք օգնում էին հասկանալ՝ թե ինչպես է պետք օգտվել զուգարանից, ինչպես բացել լվացարանի ծորակի ջուրը և այլն:
Այս ամենից հետո տեղին է հիշել նախորդ վարչապես Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին հարկատուների գումարներով ձեռք բերված 180 հազար դոլարանոց բիոզուգարանների հրաշապատումը, որից օգտվել սակայն որևէ մեկին այդպես էլ չհաջողվեց: Այստեղ են ասում՝ ականջդ կանչի նախկին վարչապետ, որ ուզում էիր նոր մշակույթ ներդնել և միանգամից մի տասը քայլանոց հեղաշրջում անել զուգարանային ոլորտում, որը սակայն, թարսի նման այդպես էլ չստացվեց:
Ի դեպ, մինչ օրս չի պարզվել նաև, թե ինչպե՞ս մեր կառավարությանը «հաջողվեց» մոլորակում չլսված ու չտեսնված գնով նման էքստրալյուքս դասի զուգարանախցիկ գնել ու այն անվրդով նետել աղբանոցը: Այստեղ էլ ինչպես ասում են թող ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ականջը կանչի: Փաստեր էի՞ք ուզում, պարոն դատախազ, դրանից էլ լավ փա՞ստ, բայց դե այստեղ էլ երիտասարդ գլխավոր դատախազը կարող է ասել՝ «հետո՞ ինչ որ փաստերն առկա են, բայց այդ ժամանակ ես հո հանրապետության դատախազը չէի՞»:
Իսկ ավելի լուրջ՝ շինարարությունից մի քիչ գաղափար ունեցողները «Սիրահարների այգում» զուգարան կոչվող կապիտալ այդ կառույցին նայելով կփաստեն, որ ընդհանուր առմամբ 360 հազար դոլարով երկու բիոզուգարան գնելու փոխարեն կարելի էր նման 10 զուգարան կառուցել և այդ հարցին կոնկրետ լուծում տալ: Այդ դեպքում գոհ կլինեին և՛ մայրաքաղաքի հյուրերը, և՛ տեղի բնակիչները, որոնք սեփական երկրի ու քաղաքի պատիվը փրկելու համար, բան ու գործ թողած զբոսաշրջիկի «ձեռքից» բռնած ժամերով զուգարան չէին փնտրի, որ հյուրին գոհացնեն:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk