ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԿԱՐԾԵՍ ՈՒԶՈՒՄ Է ՆՈՐ ԹԱՓ ՍՏԱՆԱԼ
Արխիվ 12-16ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԿԱՐԾԵՍ ՈՒԶՈՒՄ Է ՆՈՐ
ԹԱՓ ՍՏԱՆԱԼ
Երեկ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը գիտակցում է կատարվելիք քայլերի անհրաժեշտությունն ու կարևորությունը և հետևողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը:
«Մենք ունենք կամք և վճռականություն ու պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալ: Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրանց արդյունքները հանրության համար լինեն տեսանելի»,- իր խոսքում ասել է Հ. Աբրահամյանը:
Կառավարության անդրանիկ նիստից մեկ օր անց՝ այսօր արդեն, «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը աշխատանքային հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը, Կառավարության աշխատակազմի Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ Կամո Ասատրյանը, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ:
Անշուշտ աշխատանքային քննարկման ժամանակ այն ինչ ներկայացրեցին բիզնես-ոլորտի ներկայացուցիչները դժվար է նորություն կամ հայտնություն համարելը, քանի որ մամուլը տարբեր առիթներով բազմիցս անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկատերերի խնդիրներին, ներկայացրել է նրանց հուզող խնդիրները և ցանկության դեպքում յուրաքանչյուր դեպքի ուսումնասիրությունն էլ կարող էր առիթ հանդիսանալ կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
Բայց, ինչպես ասում են նախկին գնացքները վաղուց արդեն մեկնել են, իսկ ներկա դրությամբ միակ ուրախալի ու ոգևորիչ փաստն այն էր, որ այսօրվա աշխատանքային քննարկումը հույս ներշնչեց, որ պետական մարմիններն այս անգամ արդեն ավելի վճռական են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարի «ճանապարհին», իսկ թե այդ պայքարն ինչ արդյունքներ կարձանագրի, այդ մասին արդեն գնահատականներ հնչեցնելը դեռևս շատ վաղ է և ինչպես ասում են՝ կյանքը ցույց կտա, թե քայլ առ քայլ պայքարելով իսկապե՞ս կհաջողվի հասնել ցանկալի արդյունքի, թե՝ կրկին կշարունակենք դոփել նույն տեղում:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk