ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԽԱՂԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈ՞ՒՆԴԸ
Արխիվ 12-16ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԽԱՂԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈ՞ՒՆԴԸ
Դեռ օրեր առաջ ռուսական մամուլը եւ ֆուտբոլային մասնագետները քննադատում էին Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին՝ մոսկովյան ակումբի նոր ֆուտբոլիստ Զե Լուիշի հետ ներքին մրցակցությունում հայ ֆուտբոլիստին անհույս պարտվողի պիտակ տալով: Սակայն բավական էր մեկ գնդակ, որ իրավիճակը ամբողջովին փոխվեր հօգուտ Մովսիսյանի:
Այսպես՝ «Կրասնոդարի» հետ խաղում Մովսիսյանի խփած հաղթական գնդակից հետո մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը խոսել է հայ ֆուտբոլիստի եւ Զե Լուիշի մրցակցության մասին, նշելով. «Զե Լուիշը այժմ պատրաստ է խաղալ 30-ից 35 րոպե, նա դեռ նոր է ապաքինվել վնասվածքից, իսկ Մովսիսյանը ավելի լավ է պատրաստ այս պահին, դա էր պատճառը, որ նա մեկնարկային կազմում էր: Նա իր գործը լավ կատարեց, դուրս եկավ եւ գնդակ խփեց»:
«Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Վասիլի Կուլկովը եւս դրական է խոսել Մովսիսյանի մասին: «Դեռ «Ուֆայի» հետ խաղում նկատեցի, որ Յուրան նախորդ մրցաշրջանի համեմատ լավ է պատրաստված: Նրան օգնել է նաեւ Զե Լուիշի գալը. մրցակցությունը ստիպում է լավ աշխատել: Զե Լուիշը խելացի հարձակվող է երեւում, ունի գոլային հոտառություն, նա կամրապնդվի թիմում»,- Կուլկովի խոսքը մեջբերում է «Սպորտ-Էքսպրեսը»: Կայքը միաժամանակ գնահատել է Մովսիսյանի խաղը՝ հայ ֆուտբոլիստին ու եւս հինգ խաղացողների տալով ամենաբարձր գնահատականը՝ 6.5: «Գոլային գրոհի ժամանակ Մովսիսյանը ցուցադրեց նախանձելի համառություն եւ շրջադարձով կատարած գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը: Նա կարող էր խփել նաեւ տուրի ամենագեղեցիկ գնդակը, բայց երկրորդ խաղակեսի սկզբում, ունենալով այդ հնարավորությունը, վրիպեց»,- գրում է կայքը:
Իսկ «Whoscored.com»-ի գնահատմամբ՝ Մովսիսյանը արժանացել է 6.92 գնահատականի:
Այսպիսով՝ ֆուտբոլում ամեն բան լավ է դասավորվում, միայն թե մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչը չի կարողանում Մովսիսյանին ստիպել խոսել ռուսերեն: «Կրասնոդարի» դեմ խաղից հետո, Ալենիչեւը «բռնացրել է» Յուրային լրագրողների հարցին անգլերենով պատասխանելիս եւ ընդհատել է հարցազրույցը. «Կրկին անգլերե՞ն ես խոսում: Ես ախր զգուշացրել էի՝ հիմա միայն ռուսերեն»: Սակայն դա Յուրային չի խանգարել շարունակել հարցազրույցը անգլերենով:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk