ԿԱՐԵՎՈՐԸ` ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԲԱՅՑ ՖԻՆԱՆՍ ՉԿԱ
Արխիվ 12-16ԿԱՐԵՎՈՐԸ` ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԲԱՅՑ ՖԻՆԱՆՍ ՉԿԱ
«Մոսկվա» կինոթատրոնի Ամառային վթարային համարվող դահլիճը ժամանակ առ ժամանակ հայտնվում է բոլորի ուշադրության կիզակետում, սակայն ամեն ինչ սահմանափակվում է դրանով, ու ոչինչ տեղի չի ունենում: Այս անգամ դրա «մեղավորը» Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆՆ էր, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճը վտանգի մեջ է, իսկ մենք անփույթ ենք մեր ունեցած հարստության հանդեպ ու առաջարկեց. ««Ոսկե ծիրան» միջոցառման ժամանակ կարելի էր այդ դահլիճը փայլուն օգտագործել: Եթե ««Ոսկե ծիրանն» ամեն տարի օգտագործում է 300-350.000 դոլար, 50.000 դոլարով կարելի է այդ դահլիճը վերականգնել»:
Այս թեմային «Իրավունքը» բազմիցս է անդրադարձել, նույնիսկ երեւանյան մի քանի կինոթատրոնների վերականգնելու «հույսի» մասին զրուցել ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ, ով նախ ասաց, որ այս պահին պետությունը վերականգնելու միջոցներ, նույնիսկ նոր կինոթատրոններ կառուցելու հնարավորություններ էլ չունի. «Եղածն արդեն սեփականաշնորհված է, ցավոք, ժամանակին` 20 տարի առաջ պիտի այդ ամենը չանեին: Հիմա, եթե ձեզ ասեմ, թե պետությունը հնարավորություն ունի նոր կինոդահլիճներ կառուցելու, ռեալ չի լինի: Մենք պիտի եղածը կարողանանք օգտագործել ու պահպանել»:
Իսկ «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճը վերանորոգելու հնարավոր հույսերի մասին հավելեց. «Հնարավոր է, նախ այդ Ամառային դահլիճը մշակութային հուշարձան է, եւ այնտեղ փոփոխություններ կատարելը լուրջ խնդիրների հետ է կապված: Իսկ երկրորդ կարեւոր խնդիրը ներդրողն է, ո՞վ պիտի լինի: Եթե «Պարադիզ» ընկերությունը վերցնի եւ որպես բացօթյա դահլիճ` ներդրումներ անի, մենք միայն կողմ կլինենք, բայց կինոարտադրությունը, կինոպրակատը պետք է այնքան աշխույժ լինեն, որ իրենք մտածեն, թե այ, այս դահլիճն էլ բացենք, օգտագործենք»:
Ամեն դեպքում, «Իրավունքը» դիմեց նաեւ «Պարադիզ» ընկերություն, որտեղից տեղեկացրին. «Ցանկություն միշտ էլ կա, ուղղակի ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս իրականություն դարձնել: Միայն այսքանը կարող եմ ասել, բայց ձեզ ավելի հստակ պատասխան կտան տնօրենը կամ փոխտնօրենը, իսկ նրանք հիմա արձակուրդում են»:
Հուսանք` տնօրենները մի լավ հանգստացած կվերադառնան արձակուրդից ու թարմ ուղեղով կմտածեն կինոթատրոնի Ամառային դահլիճը վերանորոգելու համար ֆինանսներ հայթայթելու մասին:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk