ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՄԻ ՈՐԴՈՒՆ ԴԻՄԱՎՈՐԵՑ, ՄՅՈՒՍԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՄԻ ՈՐԴՈՒՆ ԴԻՄԱՎՈՐԵՑ, ՄՅՈՒՍԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հպարտանալու կրկնակի առիթ ունի: Նախ ավագ որդին` Վարդանը, տուն է վերադարձել Եղնիկներում բարեհաջող ծառայությունից, միեւնույն ժամանակ, Հայաստանի սահմաններն անառիկ պահելու համար ծառայության ուղարկեց կրտսեր որդուն` Գրիգորին: Դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ հպարտություններ` Վարդանս վերադարձավ, Գրիգորս մեկնում է, Աստված պահապան քեզ, զավակս, իմ զինվոր տղա»:
Իսկ «Իրավունքի» հետ զրույցում Զ. Խաչատրյանն ասաց. «Չեք պատկերացնի, թե ինչ հպարտությամբ ես լցված, երբ քո 18-ամյա որդին սահմանին իրեն իսկական տղամարդու նման է պահում, դրանից մեծ վայելք, մեծ բերկրանք չգիտեմ` կա՞, թե ոչ: Թող Աստված իրենց պահապան լինի, ու ամեն փորձության պահին իրենք կարողանան ճիշտ կողմնորոշվել: Անփորձանք ու բարի վերադարձ մեր որդիներին: Ինչպես յուրաքանչյուր զինվորի մայր, մաղթում եմ, որ առաջին հերթին` մեր երկրին խաղաղություն լինի, բոլոր զինվորները առողջ ու անփորձանք վերադառնան տուն: Երբեք որեւէ հայ զինվորի սրտում թող ահ չլինի, եթե լինի, ապա միայն թշնամու համար»,- հպարտությամբ ասաց դերասանուհին ու շարունակեց. «Սուտ կլինի, եթե ասեմ անհանգիստ չեմ, այդպիսի զինվորի մայր չկա, որ անհանգիստ չլինի: Միեւնույն ժամանակ, առավոտից երեկո ոչինչ չեմ կարող անել, բացի աղոթելուց: Զօրուգիշեր աղոթում եմ ու հավատում` Տերը պահապան է մեր զավակներին»:
Որդիներից մեկի անփորձանք տուն վերադարձի ու մյուսին բարի ծառայության ուղարկելու մասին Զ. Խաչատրյանը նշեց. «Հպարտանում եմ այդ փաստով, թող իմ զավակներն իսկապես լինեն անփորձանք եւ ծառայեն հենց Հայոց բանակում: Ցավում եմ, որ մարդիկ փորձում են իրենց երեխաներին բանակից հետ պահել, ի վերջո, եթե իմ որդին չէ, ապա ո՞ւմ որդին պիտի անառիկ պահի մեր սահմանները»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk