«ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼՆ ԱՅՍՕՐ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ»
Արխիվ 12-16«ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼՆ ԱՅՍՕՐ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ»
ՀՀ ժողովրդական արտիստ, Պարի պետական անսամբլի հիմնադիր, մենակատար, հետո նաեւ գեղարվեստական ղեկավար, «ԳԵՂԱՐԴ» պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, Երեւանի «Մշակույթի համալսարանի» պարարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԱԼԲԵՐՏ ԿԻԶԻՐՅԱՆԸ դեմ չէ դպրոցներում պարի դասավանդմանը, սակայն պետք է ուշադրություն դարձնել, թե ովքեր են դասավանդելու եւ ինչ են սովորեցնելու. «Այս պարագայում միայն մանկավարժական գիտելիքները շատ քիչ են, պետք է հասկանալ պարի լեզուն, ճանապարհ անցած լինել, «ճանաչել» բեմը, այլապես ամբողջը շիլափլավի կվերածվի: Դպրոցին նվիրյալներ են պետք, ովքեր պարարվեստում խոսուն ճանապարհ են անցել, գիտեն` ինչ բան է կարգուկանոնը, այս պարագայում միայն գովելի կլինի պարն իբրեւ պարտադիր դասավանդվող առարկա դարձնելը»:
Ըստ վարպետի` ցավալի հարց է, որ դաշտում հայտնվում են ինքնագործներ ու խմբակներ բացելով` պար են սովորեցնում. «Իսկապես շատ կիսամասնագետներ կան, ովքեր հազարավոր երեխաներ են հավաքում ու համույթներ հիմնում, բայց ախր դրանով արվեստ չի պահպանվում, արժեքներ չեն ծնվում: Ինձ հիմա դժվար է պարով հագեցնել, երբ տեսնում եմ, որ մարդիկ անպատրաստ մտնում են դպրոց, բարձրանում բեմ, համույթ ղեկավարում, ցավ եմ ապրում: Վերջին տարիներին պարարվեստի խնդիրներից մեկն էլ այն է, որ հայկականը խառնվում է հարեւան երկրների պարերին, բայց պետք է հայկականը միշտ վերին տեղում դասել, նրա կողքին այլազգի պարն այնպես ներկայացնել, որ դիտողը հասկանա դրանց բաժանագիծը, թեմատիկան, ասելիքն ու նպատակը: Այսօր պարի վարպետի պետք ունենք. առաջատարն է, որ պետք է օրինակ լինի: Նույնիսկ Պարի պետական անսամբլն այսօր առաջվանը չէ, երբ թնդում էր ամբողջ աշխարհում. այսօր նվազ են նաեւ միջոցները, կորել է պարի նախկին համն ու հոտը: Պետք է գտնել նոր կադրեր, մանրամասն զննել երիտասարդների շարքերը, տաղանդներ հայտնաբերել, ովքեր ամուր կկրեն պարի վաղվա օրը»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk