ԾՈՒՂԱԿ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՄԱ՞Ր, ԹԵ ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ
Արխիվ 12-16ԾՈՒՂԱԿ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՄԱ՞Ր, ԹԵ ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ
Եվ այսպես՝ Թուրքիան գնալով ավելի ու ավելի է նմանվում եռացող կաթսայի: Այն տպավորությունն է, որ իրավիճակը թեւակոխում է բոլորը բոլորի դեմ պատերազմի փուլ՝ իշխանությունները՝ «Իսլամական պետության» եւ քրդերի դեմ, այս երկու ուժերը, որ Սիրիայում եւ Իրաքում իրար են մորթում, հաջողացրել են Թուրքիայում եթե ոչ միասին, ապա առնվազն միասնական կռիվ տալ Էրդողանի դեմ: Նույն կռվին լծվել են ամեն տիպի փոքրամասնություններ ու տարաբնույթ այլ «քաղաքացիական հասարակություններ»՝ թուրքական տարբեր քաղաքներում «հեղափոխական» դրոշ բարձրացնելով: Իշխանություններն էլ, ի պետասխան, ջրցաններից անցել են շատ ավելի կոշտ պատժամիջոցների, եւ արդեն մոտ 1500 ձերբակալությունների փաստը հուշում է, որ Էրդողանը պատրաստ է մինչեւ վերջ գնալ:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ
Իհարկե՝ դժվար չէ նկատել, որ թուրքական քաոսը այս պահին էլ կառավարելիության նշաններ է ցուցաբերում, այսինքն՝ դրա տակ նկատվում է վաշինգտոնյան հետք: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե մինչեւ ուր կհասնի այդ իրավիճակը եւ ինչքանով կարող է շոշափել Հայաստանին:
Թուրքական տեսանելի հիմքը, անշուշտ, Էրդողանի տանուլ տված խորհրդարանական ընտրություններն են, որից հետո այդպես էլ չի կարողանում կառավարություն կազմել, ինչը Վաշինգտոնը հմտորեն խաղարկում է՝ աստիճանաբար սահմանափակելով Էրդողանի ինքնուրույն քայլերի հնարավորությունը: Անշուշտ՝ ներկայիս քաոսն էլ այդ շղթայի օղակներից է. նման ներքին իրավիճակը էականորեն կրճատում է խորհրդարանը ցրելու եւ նոր ընտրությունների միջոցով մեծամասնական դիրքերը վերականգնելու Էրդողանի հնարավորությունները՝ նրան պարտադրելով մտածել նաեւ ԱՄՆ-ի հետ լեզու գտնելու տարբերակի մասին:
Ընդ որում՝ պետք է լեզու գտնել կոմպլեքս հարցերի շուրջ՝ սկսած ներթուրքական խնդրից եւ Անկարայի աշխարհաքաղաքական ուղղվածության հստակեցումից, վերջացրած Սիրիայով, ռուսական «Թուրքական հոսք» գազատարով, ԻՊ-ի ու քրդերի հետ կապված Վաշինգտոնի գլոբալ ծրագրերով եւ այդպես շարունակ:
Իհարկե՝ այս ամենի իմաստը հասնում է մինչեւ ռուս-ամերիկյան ներկայիս գլոբալ բախումների տրամաբանություն, ինչը Վաշինգտոնին պարզապես պարտադրում է ամեն ինչ անել Թուրքիային իր երբեմնի անվերապահ ազդեցության տակ վերադարձնելու համար, որը սակայն մոտ մեկուկես տասնամյակ աստիճանաբար այդ ազդեցությունից դեպի դուրս շարժվող Էրդողանի համար մահվան է հավասարազոր: Այսպիսով՝ թեեւ այս պահին էլ Էրդողանի եւ Վաշինգտոնի միջեւ լեզու գտնելու փորձեր, նման նյուանսներ զգացվում են, սակայն շահերն այն աստիճան են հակասական, որ այդ ամենը միայն մեծ բլեֆի տպավորություն է թողնում: Օրինակ՝ ամերիկյան քարոզչամեքենայի կողմից մինչեւ իսկ Էրդողանին հղված կաշառքի նմանվող առաջարկներ են շրջանառվում, թե՝ Վաշինգտոնը կարող է մինչեւ իսկ Սիրիան կիսել թուրքերի հետ: Սակայն դա կնշանակեր Թուրքիայի վերահսկողության տակ դնել Սիրիայի քրդաբնակ գոտին, որը պարզապես կդառնար Վաշինգտոնի կողմից այդքան հետեւողականորեն առաջ տարվող Քուրդիստանի ստեղծման ծրագրի վախճանը:
Մի խոսքով, որ Վաշինգտոնը կփորձի գնալով սրել ներթուրքական այս իրավիճակը, թերեւս ամենահավանական տարբերակն է: Չնայած՝ դա Էրդողանի համար նույնպես լրացուցիչ քայլերի հնարավորություն է: Նախ՝ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Էրդողանը լայնամասշտաբ ձերբակալությունների հնարավորություն է ստացել, եւ այդ կերպ կփորձի հնարավորինս չեզոքացնել ոչ միայն երկրի ներսում ԻՊ-ի եւ քրդերի գրոհային խմբերը, այլեւ «հեղափոխական» ակտիվիստներին: Իսկ այդ դեպքում նոր ընտրություններ անցկացնելու դեպքում խորհրդարանական մեծամասնությունը ետ վերցնելու շանսերն ավելանում են: Ու եթե նույնիսկ դրանից հետո էլ Էրդողանն իր հնարավորությունները համարի ոչ բավարար, կարող է կառավարություն չկազմվելու պատրվակով խորհրդարանը ցրել, երկրում ռազմական դրություն հայտարարել, ժամանակավոր կառավարություն ստեղծել, մինչեւ որ կգան ավելի բարենպաստ ժամանակներ: Այս ընթացքում, հասկանալի է, նաեւ կփորձի կարգավորել երբեմնի սերտ կապերն ԻՊ-ի հետ, չստացվելու դեպքում՝ ամուր փակել Սիրիայի հետ սահմանը՝ ահաբեկչական խմբերի ներթափանցումը կանխելու համար՝ նաեւ սպառնալով ցամաքային զորքեր մտցնել սիրիական տարածքներ, այսինքն՝ քրդաբնակ գոտի, ինչն ավելի շատ Վաշինգտոնին հղված սպառնալիք է հիշեցնում:
ԻՍԿ ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱՄՆ-Ն ՈՒՆԵՆ ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ
Իհարկե՝ ՆԱՏՕ-ում լավագույն բանակներից մեկն ունեցող Թուրքիայի համար թվարկված բոլոր խնդիրները լուծելի են, ինչքան էլ որ գործ է ունենալու նաեւ ամերիկյան հատուկ ծառայությունների հետ: Սակայն կան որոշ նյուանսներ, որոնք ամենեւին էլ Էրդողանի օգտին չեն ծառայում: Այսպես՝ նախօրեին հարձակման ենթարկվեց Իրան-Թուրքիա գազատարը: Ճիշտ է՝ վերականգնումը երկար չի տեւի, սակայն նոր հարձակումների վտանգը միշտ էլ կա:
Այս բոլոր ցնցումներն էլ բավականին ծանր հարված են թուրքական առանց այն էլ բարդ վիճակում գտնվող տնտեսության համար, իսկ գազատարի պայթյունն էլ ավելի ծանր լարվածություն է ստեղծում: Սակայն խնդիրը միայն տնտեսականը չէ: Այս պայթյունից հետո վերլուծական շրջանակներում արդեն իսկ սկսել են բավականին հետաքրքիր հարցադրումներ շրջանառվել. եթե Իրանից Թուրքիա գնացող գազատարն անցնում է նման վտանգավոր, ամեն պահ հարձակումների ենթակա հատվածներով, ուրեմն ինչպե՞ս է լուծվելու նույն Իրանից Թուրքիայով դեպի Եվրոպա ավելի մեծ ծավալներով գազ տանելու խնդիրը: Ընդ որում, այս գոտում քրդերն ունեն բնակչության անվիճելի մեծամասնություն, այսինքն՝ ինչքան էլ բանակը կոմունիկացիաները պաշտպանի, քրդերը միշտ էլ հարվածելու հնարավորություն կգտնեն: Ուրեմն՝ պետք է քրդերի հետ լեզու գտնել: Սակայն պատմությունը Էրդողանին մեկ այլ բան է հուշում. նույն գազատարի վրա հարձակումների այս մեթոդը երեք-չորս տարի առաջ էլ էր կիրառվում, եւ հենց դրա արդյունքում էլ Էրդողանը պարտադրված թուլացրեց քրդերի նկատմամբ ճնշումները՝ հայտարարելով քրդական հարցը լուծելու պատրաստակամության մասին: Բայց փաստն այն է, որ հենց այդ քաղաքականության արդյունքում էր, որ այսօր քրդերն առանձին կուսակցությունով խորհրդարան մտնելու հնարավորություն ունեցան՝ Էրդողանին նման ճգնաժամի առաջ կանգնեցնելով: Մինչդեռ գազատարն ամենեւին էլ անվտանգ չդարձավ: Եվ ահա այս նոր պայթյունն ինչքան էլ որ Էրդողանին նորից կանգնեցնում է քրդերի հետ լեզու գտնելու այն հին պարտադրանքի առաջ, սակայն դա նրան միայն խոստանում է քրդերի կշռի էլ ավելի մեծ աճ ու դրա հետ նաեւ՝ պետք եղած պահին կրկին իրենց տարածքներով անցնող կոմունիկացիաներին հարվածելու ավելի լայն հնարավորություն: Առավել եւս, որ ներկայումս կա նաեւ օժանդակող մյուս գործոնը՝ արդեն չափազանց ռեալ է դարձել Թուրքիայի հարեւանությամբ Քուրդիստանի ստեղծման վտանգը, ինչը թուրքական քրդերին եւս լրջորեն ոգեւորել է: Այսինքն՝ քրդերի հետ լեզու գտնելով` Էրդողանը ոչ միայն իրեն չի ապահովագրում նոր հարձակումներից, այլ նաեւ նրանց դնում է հաղթողի դիրքերում, եւ հազիվ թե այս անգամ էլ նույն քայլին գնա: Իսկ եթե չգնա, գազատարի նման հնչեղ պայթյուններից էլ խուսափելու տարբերակ չկա...
Իհարկե, եթե ընդունենք, որ Անկարան ու Վաշինգտոնը չեն կարողացել լեզու գտնել: Իսկ եթե կարողացե՞լ են: Չէ՞ որ Անկարան, ի ցույց դնելով իր այս բարդ իրավիճակը, քանիցս հայտարարում է, որ այս փակուղային վիճակից դուրս գալու ելքը հարձակումն է: Պաշտոնապես՝ ԻՊ-ի վրա, եւ հենց այդ թիրախն էլ ներկայացվել է ՆԱՏՕ-ին: Բայց կարծես այն հաշվարկով, որ դաշինքում բոլորն էլ հասկանան, որ իրականում Անկարայի նպատակը քրդական հնարավոր պետականությունն է: Համենայնդեպս՝ պատահական չէ, որ վերջին օրերին ՆԱՏՕ-ից մի գլուխ նախազգուշացնում են, թե՝ քրդերին հանգիստ թողեք, թեեւ ինչպես ցույց տվեց դաշինքի երեկվա արտակարգ գագաթաժողովը՝ արգելել չեն կարող, չէ՞ որ թուրքական բանակը պաշտոնապես ԻՊ-ի դեմ է պատերազմելու: Մնում է, որ քրդերին պաշտպանելու անվան տակ Վաշինգտոնն էլ միանա Եվրասիական միության անդամ դառնալու բացահայտ ցանկություն հայտնած Սիրիայի տարածքում նման ցամաքային օպերացիային: Ուրեմն՝ ամենեւին էլ չբացառենք, որ իրականում հենց սա է այս մեծ խաղի իմաստը, որ Անկարան եւ Վաշինգտոնն ունեն Սիրիան օկուպացնելու գաղտնի պայմանավորվածություն, ու մնացած ամեն ինչն էլ դրա «օրինականացմանն» ուղղված բլեֆն է: Բայց այս դեպքում էլ, թե նման ներխուժումն ինչ մեծ պայթյունի կարող է հանգեցնել... Չնայած՝ սպասենք իրադարձությունների զարգացմանը, որոնք հաստատ իրենց սպասեցնել չեն տա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk