ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ Է
Արխիվ 12-16ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ Է
Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի շենքը արդեն 5 տարի վթարային է, այդ իսկ պատճառով` ներկայացումները բեմադրվում են շենքում, իսկ խաղացվում` այլ թատրոնների բեմերում. վթարային շենքում հանդիսատես հրավիրել չի թույլատրվում: Հայաստանից դուրս միակ պետական հայկական թատրոնն արդեն 5 տարի աջակցություն ստանում է միայն խոստումների ձեւաչափով. ո՛չ հայկական, ո՛չ վրացական կողմը խնդրին հետամուտ չեն, բայց սա չի խանգարում թբիլիսահայ դերասաններին` պահպանել թատրոնը` որպես ուրույն ձեռագիրն ունեցող մշակութային կենտրոն:
Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանից, ով Գյումրի է ժամանել` հայ-վրացական թատերական բարեկամության արդյունքում ծնված «Գամարջոբա մամա» ներկայացման համար: Հանդիպման ժամանակ Ս. Սաֆարյանն անդրադառնալով հարազատ թատրոնի վթարային շենքի վիճակին, տեղեկացրեց. «Շենքը գտնվում է անմխիթար վիճակում, բեմը պիտանի չէ շահագործման` հատակի պատճառով: Ինչպես նաեւ վնասված է ամբողջ կտուրը, անձրեւոտ եղանակներին հնարավոր չէ աշխատել` կաթոցների պատճառով»:
Այնուամենայնիվ, վերջին տարիներին Վրաստանի եւ ՀՀ մշակույթի նախարարների` թե՛ հեռախոսազրույցների, թե՛ հանդիպումների ժամանակ այս թատրոնի թեման եղել է առաջնային, բացառություն չէր նաեւ Վրաստանի նախարարի հայաստանյան վերջին այցը: Նույնիսկ, 2011 թվականին Վրաստանի կառավարությունը 2 միլիոն լարի (1մլն 215 հազար դոլար) է հատկացրել` վերանորոգման համար:
Ինչեւէ, «Իրավունքն» այս խառը պատմությունը պարզաբանելու համար դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն:
Կույտը մշակեց ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk