«ՉԿԱՐՈՂԱՑԱ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՄԻՋԻՑ ԿՈՏՐԵԼ ԱՅԴ ԱԽՊԵՐԱԿԱՆ ՎԱԽԵՐԸ...»
Արխիվ 12-16«ՉԿԱՐՈՂԱՑԱ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՄԻՋԻՑ ԿՈՏՐԵԼ
ԱՅԴ ԱԽՊԵՐԱԿԱՆ ՎԱԽԵՐԸ...»
Ամիսներ առաջ սկիզբ առած «Բալետ 2021» նախագիծը ապացուցեց, որ կարելի է համադրել Հիփ-հոփը, ժամանակակիցն ու դասական բալետը: ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմեյստեր, «Բալետ 2021» նախագծի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում խոսեց ոչ միայն ժամանակակից բալետի, հայ արտիստների հետ ունեցած խնդիրների մասին, այլ նաեւ շեշտեց, որ այսօր ամեն ինչ կարելի է անել, սակայն շատ նրբորեն ու գիտակից, այսինքն` ամեն հարցում պետք է պրոֆեսիոնալիզմ ցուցաբերել:
«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼԱՎ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՈՒՆԻ, ՊԵՏՔ Է ԿՐԹԵԼ»
- Ընդհանրապես, այս նախագիծը գաղափարապես վաղուցվա ծնունդ էր ու վերջնական
մարմնավորում ստացավ այս տարի: Երբ ինձ հրավիրեցին Հայաստան աշխատելու, Վաշինգտոնից վերադարձա ու մտածեցի` պետք է հայկական բալետը բարձրացնել այն մակարդակի, որ կարողանա դրսում ներկայանալի լինել: Եթե Ֆրանսիան «Ժիզել» ունի, Ռուսաստանը` «Կարապի լիճ», մենք էլ պետք է ունենանք «Զույգ արեգակներ»: Այսինքն` մեր ոգու հզորությունը պետք է ներկայացնենք խորեոգրաֆիայի միջոցով: Մեզ հաջողվեց. «Զույգ արեգակներում» ցույց տվեցինք Հայաստանը, հայկական իրականությունը, հայկական ոգին` 5000 տարվա պատմությունը ներկայացրինք ժամանակակից ձեւով:
- Տեղ հասա՞վ ասելիքը:
- Արձագանքները զարմանալիորեն դրական էին` մի մասը չհասկացավ, բայց զգաց, կրթված մասն էլ ասաց, որ 21-րդ դարում էինք եւ երջանիկ, որ կարող ենք արժանի ձեւով ցույց տալ մեզ, մեր անցյալը, ապագան... Բայց բալետն այնպես չէ, որ բոլորն ամեն ինչ հասկանան: Մեր ժողովուրդը լավ պոտենցիալ ունի` պետք է կրթել:
«ԴՐՍԻ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ՉԱՇԽԱՏԵԼ»
- Երբեմն տեղի դերասանների հետ է դժվար լինում աշխատելը, հե՞շտ է աշխատել նախագծի շրջանակներում հրավիրած արտիստների հետ:
- Այդ բարդությունները սկզբում կային: Երբ ինձ հրավիրեցին այստեղ աշխատելու, այդ ժամանակ շատ ավելի մեծ բարդությունների հանդիպեցի: Ժամանակին, երբ աշխատում էինք, գուցե Սովետական Միության շրջանն էր, դրա համար, բայց կարգապահություն կար աշխատանքի հանդեպ: Վերադառնալուց հետո տեսա, որ այդ ամենը փլվել է: Բալետային արվեստը հստակ կանոնակարգ ունի` եթե ամեն օր ֆիզիկապես, հոգեպես, մտքով չաշխատես, ոչ թե տեղում կմնաս` այլ հետ կգնաս: Այդ 4 տարվա իմ ամբողջ աշխատանքը, էներգիան, որ դնում էի, ուզում էի որ բոլորը` ղեկավարությունը եւ հասարակ կատարողները հասկանային` սա միակ ճանապարհն է, որ կարողանանք մեզ ներկայացնել դրսում, որ մեր արժեքները դնենք նրանց դիմաց ու ասենք` սա ենք մենք եւ կարող ենք մտածել եւ շատ ավելին անել, քան դուք: Բայց այդ ամենը չէր կատարվում, ինչի համար մեծ խնդիրների մեջ էի ընկնում, ու դրա համար դրսից հրավիրեցինք արտիստների: Իսկ դրսի արտիստները չգիտեն, որ կարելի է չաշխատել: Իրենց ասում ես այս կամ այն արա, իրենք անում են` պարտադիր չէ, որ ամենատաղանդավորը լինեն, բայց աշխատանքի միջոցով հղկվեցին: Սկզբնական շրջանում հակասություններ կային, տեղացի արտիստները գալիս էին եւ կասկածով էին նայում, թե հրավիրվածներն ինչ են անում, իսկ նրանք էլ չէին հասկանում` ինչ է կատարվում... Եվ այդպես բախումների միջով 2 ամիս աշխատեցինք, հետո մերվեցին ու սկսեցին աշխատել:
«ԶԳՈՒՄ ԷԻ, ՈՐ ԴԱՌՆՈՒՄ ԵՄ ՈՍՏԻԿԱՆ»
-Նախագծի շրջանակներում արդեն ֆավորիտ է դարձել ճապոնուհին:
- Ինձ համար բոլորը հարազատ են: Ճապոնուհին պայծառ անձնավորություն է, կարողանում է ներկայացնել իրեն: Մյուսներն էլ հետաքրքիր են, բայց նրանց համեմատ հայերն ավելի հետաքրքիր տվյալներ ունեն, սակայն ինչ-որ սահման կա, որ իրենք վախենում են, թե իրենց էսթետիկան թույլ չի տալիս: Մեր խնդիրը դա է, կոտրել ու ձեւավորել այդ պոտենցիալը: Երբ ինձ ասացին, թե` դուրս արի գլխավոր բալետմեյստերի պաշտոնից, հեշտությամբ համաձայնեցի, զգում էի, որ դառնում եմ ոստիկան: Բոլորին ստիպում էի` գնացե՛ք աշխատե՛ք, հոգնում էին իմ ոստիկան լինելուց: Ինքս ինձանից էի հոգնել, որովհետեւ ավելի շատ ստեղծագործ եմ, քան ոստիկան, որը ստիպում էր գնալ աշխատանքի, որովհետեւ առանց աշխատելու ոչինչ չենք կարող անել: Ինձ շրջապատող ղեկավարությունը չէր օգնում: Մարդիկ կային` 3-4 ամիս աշխատանքի չէին գալիս, ասում էի` պետք է նրանց հեռացնել, ասում էին` դե, ոչինչ, լավ, մեր երեխեքն են... Ինձ համար դա անհասկանալի էր:
- Այսինքն` ստացվում է դրսից հրավիրված դերասանների հետ ավելի հեշտ է
աշխատելը, քան` տեղի:
- Այո, իրենց ասում ես այսպես պետք է անել, իրենք իրենց գործն անում են: Դրսում այսպես է` տեսնում ես մեկը մի օր չի ուզում աշխատել, ասում ես` կարող ենք ավարտել մեր պայմանագիրը եւ միասին չաշխատել: Ես այստեղ ասում եմ` տղա ջան, կամ աղջիկ ջան, եթե չես ուզում աշխատել, գնա, ու մեծ խնդիրների մեջ էի ընկնում` ինչպե՞ս թե, դու ո՞վ ես, ես այստեղ պետք է մնամ... Ասում էի, քո գործը աշխատելն է, իմը` քեզ ասել, թե ինչպես աշխատես:
- Բալետում միշտ կա տղաների պակաս, ո՞րն է խնդիրը, եթե ժամանակին պատճառաբանում էին ցածր աշխատավարձերը, ապա այսօ՞ր...
- Պատճառաբանություններ էին, միայն իմ գեղարվեստական ղեկավար եղած ժամանակ 3 անգամ աշխատավարձերը բարձրացրեցին... Միշտ տղայի պակաս եղել է դրսում, Հայաստանը աղջիկների պակաս ուներ, միշտ ավելի շատ մայր, կին կերպարն էր, բայց ունեինք: Հիմա հակառակն է, կարծես աղջիկները նույնը մնացին, բայց տղաները հետ գնացին, այն իմասոտով, որ այսօր աԽպերություն, կիսագողական, վիճակներն են, կանգնենք սենց, որ վախենալու երեւանք, կոր մեջքով, որ հանկարծ բան չասեն... Դա ես իմացա, երբ տղաները բոլորն իմ դեմ կանգնեցին, որովհետեւ շատերին առաջ էի քաշում, հնարավորություն էի տալիս, բայց իրենք այդ աԽպերության մեջ մտան, որ ասեն մենք իրար հետ ենք աԽպեր: Ես անընդհատ բողոքում էի, որ դրսում կանգնում էին կոր մեջքով, բայց թատրոն չէին մտնում, ասում էի` տղաներ, չեք կարող դրսի արժեքը բերել թատրոն, բեմ, ձեզ հասկանում եմ` ես էլ եմ տղա եղել, թաղում ասում էին` բալետիստը եկավ, բայց այս էր իմ ճանապարհը... Չկարողացա արտիստների միջից կոտրել այդ աԽպերական վախերը...
«ԱՅՍՏԵՂ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ` ՆՈՐԻՑ ՀԵՏ ԳՆԱՑԻՆՔ»
- Պարոն Խառատյան, այսօր կարո՞ղ ենք ասել, որ հանդիսատեսը սովորել է դասական ներկայացումներին գալ, եթե ժամանակին կեսից հորանջելով քնում էին, հիմա հաճույքով են գալիս:
- Երբ եկա, առաջին տարին դժվար էր, խաղացանկում 2-3 վերնագիր կար, դարձրեցի մոտ 30-ը, ու դրա հետ հանդիսատես բերեցինք, անգամ աստիճանների վրա էին նստում, այդ ժամանակ աշխատեցինք թատրոն բերել երիտասարդ հանդիսատեսի: Հետո թատրոնը մի քանի ամիս փակեցին ու վերջացավ: Բայց մեր հանդիսատեսը լավն է, իրեն պետք է կրթել, կամաց-կամաց մակարդակը բարձրացնել: Մեր ազգը մեծ պոտենցիալ ունի: Ցավոք, այսօր անկում է ապրում թատրոնը, որովհետեւ նորից բերվեցին այն մարդիկ, ովքեր 50 տարի աշխատել են, ու թատրոնը ոչ մի պրոգրես չի ապրել: Վերջերս նորից գեղ. ղեկավար նշանակեցին Գեղամ Գրիգորյանին, հրաշալի երգիչ է, բայց ասաց, որ պետք է «Շչելկունչիկ» ու «Կարապի լիճ» բալետ անենք... Այստեղ հասկանում ես` նորից հետ գնացինք: Ոչ թե, որ դրանք մեզ հարկավոր չեն, այլ պետք չէ ռուսական պատուհանից նայել աշխարհին, պետք է մեր պատուհանից նայենք աշխարհին` ինչպես որ կա, ու վերցնենք այն, ինչ մեզ պետք է, որ կարողանանք մեր առանձնահատկությունները բացահայտել, ոչ թե նորից կրկնենք Ռուսաստանին կամ Ֆրանսիային: Մեկ տարի է գլխավոր բալետմեյստեր չեմ, մենք նորից հետ գնացինք 3 վերնագրի, երբ 36-ն ունեինք: Ափսոսում եմ` մեր բալետի կատարողները պետք է ներկայացումների վրա աճեն ու իրենց հետեւից կրթեն ժողովրդին:
«ՍՈՎՈՐ ԵՆՔ ՓԱՓԱԽԸ ԴՆԵՆՔ, ՊԵԽԵՐԸ ԿՊՑՆԵՆՔ, ԶՈՒՌՆԱ ՏՐՆԳԻ ԱՆԵՆՔ»
- Իսկ ի՞նչն է խանգարում:
- Հոգեբանությունը: Երբ հրավիրեցին Հայաստան, ասում էի` ինչն է խնդիրը, նույն մարդն է իր կառուցվածքով, կկանգնեցնեմ 5-րդ դիրք ու կարճ ժամանակահատվածում կստանանք այդ գաղափարները: Չեղավ, այդ բոլորը իլյուզիա էր, որովհետեւ ոչ ոք չի ուզում կանգնել: Օրինակ` աշխատանքը սկսվում է ժամը 11-ին, դրսում 11-ից 20-25 րոպե առաջ բոլորը գալիս սկսում են մկանները տաքացնել: Իսկ Հայաստանում` գալիս են 11-անց 20, նույնիսկ` 30 ու ոչ մեկը չի գալիս մարզման, եթե գալիս են` չեն ուզում: Այստեղ արդեն ընտանիքն է մտնում, երեխայի փաստը... Հայկական էության խնդիրն է, որը տասնյակ տարիներ կուտակվել է: Պետական մտածելակերպ չունեցող, ցեղային, ընտանեկան ազգ ենք` իմ աԽպերնա, նա իմ հորեղբոր տղան... ՈՒ մեկը չի մտածում` բա մեր երկիրը ինչպե՞ս պիտի ներկայանա վաղը, ասենք, Ֆրանսիայում: Չնայած` շատ երիտասարդներ, որոնք դրսում սովորել են, մի քիչ ներս ու դուրս են արել, տարբեր են մտածում, հասկանում են, որ սա է ճանապարհը: Հենց արտիստը դուրս է գալիս բեմ, ռենտգենի նման կարող եմ ասել` որտեղից է գալիս ու ինչքան ճանապարհ ունի անցնելու, որ կարողանա արտահայտել հայի ազնվական միտքը: Իսկ մենք սովորել ենք փափախը դնենք, պեխերը կպցնենք, զուռնա տրնգի անենք: Դրսում ունենք տղաներ, որոնք, մարզվելով դրսում, դարձել են եվրոպական պարողներ` հայի ազգանունով, ու դա ապացուցում է, որ հայերը կարող են բարձր ազնվական միտք ցույց տալ, ոչ թե մենք վախենալու ենք: Վախենալուն սահմանի վրա կանգնած տղերքն են, որոնք էլ պիտի մարզվեն: Մեզ ոչ թե մարդ է պետք, որ ինքն իրեն զոհի, այլ մարզված ու հաղթող տղերք են պետք:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk