ԻՆՉՊԵՍ ԿԻՍԵԼ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ԿԻՍԵԼ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ
- Ինչպե՞ս պետք է իրացվի գրավ դրված գույքը, եւ ինչպե՞ս է բախշվում իրացումից ստացված գումարը:
Մի խումբ քաղաքացիներ
-ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250 հոդվածի ուժով գրավ դրված գույքն իրացվում է հրապարակային սակարկություններով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից բավարարվում են օրենքով նախատեսված կարգով:
Այն դեպքում, երբ գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարը ստանալու պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՊԵՏՔ Է ԿՆՔՎԵՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ»
- Մեծ մի առեւտրային ցանցի մենեջեր եմ` արդեն երկու տարի, սակայն աշխատանքային պայմանագիրն իմ հետ կնքում են մեկ տարով, եւ իրենց քմահաճույքով տարին վերջանալուց հետո կարող են կնքել, կարող են` ոչ: Նման պայմաններում ճի՞շտ են, որ կնքում են որոշակի ժամկետով պայմանագիր, այլ ոչ թե` անորոշ ժամկետով:
Մայա
-Նմանատիպ գործերի առնչությամբ առկա է դատական նախադեպ, համաձայն որի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն` ընդհանուր կանոնից: Այսինքն՝ որպես կանոն աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետի պայմանագրով եւ միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը: Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ կատարվելիք աշխատանքը կրում է ոչ մշտական բնույթ:
Ավելին, դատական նախադեպով արձանագրվել է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում կնքված պայմանագիրն առաջացնում է գործատուի կողմից աշխատողի աշխատանքային իրավունքների եւ երաշխիքների սահմանափակում, ուստի Ձեր դրվագով, կարծում եմ, որ պետք է կնքվի անորոշ ժամկետով պայմանագիր:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր
նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk