«ԵՐԵՔ-ՉՈՐՍ ԲԱՆՎՈՐՈՎ ԵՐԵՔ-ՉՈՐՍ ՀԵԿՏԱՐԸ ՈՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼԵՆ»
Արխիվ 12-16«ԵՐԵՔ-ՉՈՐՍ ԲԱՆՎՈՐՈՎ ԵՐԵՔ-ՉՈՐՍ ՀԵԿՏԱՐԸ ՈՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼԵՆ»
Հուլիսի 25-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Երեւանի Բուսաբանական այգում: Հրդեհի հետեւանքով այրվել է այգու մի զգալի մասը. փրկել հաջողվել է միայն մի փոքր հատվածը: Պաշտոնապես հայտարարվել է, որ հրդեհը բռնկվել է եղանակային պայմանների պատճառով, եւ այրվել է 15 հա տարածք: Սակայն այս օրերին շրջանառության մեջ են հայտնվել խոսակցություններ, թե այդ «եղանակային պայմանները» լավ առիթ դարձան, որ այգում առկա բազմաթիվ ՉՊ-ներ ջրի երես չելնեն. կտրված ծառեր, արված-չարված աշխատանքներ եւ այլն: Թե որքանով վերոնշյալ լուրերը կարող են իրականություն լինել, փորձեցինք պարզել Երեւանի Բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանից: Սակայն մեր հարցը միանգամից նրան հունից հանեց.
Էս ո՞ր մի ախմախի հեքիաթային դաշտից եղավ, էս կոլեկտիվը որ լսի է, չգիտեմ, չեմ էլ ուզում պատկերացնեմ` ինչ կանեն Ձեզ էլ, էդ ասողներին էլ: 60-70 տարեկան կանայք հերթապահում են տարածքում, ամեն օր կյանքի գնով ստեղծում են, որ հետո թույլ տան մեկը կտրի՞. էդ ինչե՞ր եք ասում: Ու, ընդհանրապես, Ձեզ ո՞նց եք թույլ տալիս նման բան մտածել հեղինակավոր, անվանի կոլեկտիվի մասին. հենց հիմա կուղարկեմ մեր բնապահպան կանանց՝ տակնուվրա կանեն բոլորիդ: Էդ ի՞նչ ասելու բան է: Ես լսել եմ, որ ասում են՝ իբր շատերը էստեղ դղյակներ, տարածքներ են ուզում սարքեն, բայց նման բան կյանքում չկա: Բա անհարմար չի՞, դույլերով ջրում, բույս են աճեցնում, ամոթ է, չարժե էդպիսի բան բարձրաձայնել, Ձեր երեւակայությունը իզուր մարդկանց մի հասցրեք:
- Դա մեր երեւակայությունը չէ, մարդիկ խոսում են:
- Սուտ է, ամոթ է, արժե՞ նման բան ասել: Որ մենք էս պահին գումարներ չունենք, որ լրացուցիչ ներդրումներ անենք, ուրեմն կարելի՞ է նման բան մտածել: Հենա հիմա նստած, նամակ եմ գրում կառավարությանը, որ լրացուցիչ ինչ-որ մի ձեւով օգնեն, որովհետեւ հնարավոր չէ Բուսաբանական այգին պահել:
- Ուրեմն՝ ո՞րն էր այդքան մեծամասշտաբ հրդեհի պատճառը:
- Պատճառը` ինչի՞ Դուք չգիտե՞ք, պիտի շա՞տ խորանամ, թե ինչն է պատճառը: Ամեն վայրկյան հրդեհավտանգ վիճակ է, պայքարում ենք, հերթապահում ենք, բայց դե չոր խոտը մի հատ անուշադրությունից իրեն-իրեն բռնկվում է: Երեւի լավ չեք պատկերացնում հա՞` 80 հեկտար տարածք է, կարող է մեկը ծխախոտի մնացորդ է գցել, ամեն ինչ հնարավոր է, չենք կարող ասել: Բռնկվելուց հետո ենք հասկացել, որ էդ մասերում չոր տարածքներ են, չոր խոտեր կան, որ կարող են շուտ բռնկվել:
- Բայց չէ՞ որ ԱԻՆ-ը բազմիցս նախազգուշացրել է հրդեհավտանգ իրավիճակի մասին: Ինչո՞ւ կանխարգելիչ աշխատանքներ չեք իրականացրել:
- Որ խնդրեմ, Դուք կգա՞ք էստեղ, տնօրեն աշխատեք, որ կանխարգելիչ միջոցներ անեք. երեւում է` աչք ունեք տեղիս վրա: Ես քառասուն տարի աշխատում եմ, գլխի չե՞մ, թե ինչ պետք է անել, կարո՞ղ ա Դուք կանխարգելեիք: Երեք-չորս բանվորով երեք -չորս հեկտարը ո՞նց կանխարգելեն, որ որեւէ մեկը հանկարծ չմտնի: Ասենք՝ Քանաքեռից կարող է մեկը գա, լուցկին գցի, ո՞նց պիտի կանխարգելենք: Դա հնարավոր չէ, տեխնիկապես անհնար է: Եթե մեկի մտքին լինի` դիտավորյալ մի լուցկի գցել, կարող է անել, ո՞նց պիտի կանխենք: Մտածեք էլի, հարց տալուց առաջ:
- Բայց դա Ձեր գործն է, չէ՞:
- Ես գիշեր-ցերեկ մտածում եմ, որ պետք է կանխարգելենք. մեր սուրբ պարտականությունն է` հնարավորության սահմաններում կանխարգելել: Բայց քառասուն աստիճանի տակ հրդեհավտանգ պահեր են ստեղծվում, որն անկառավարելի է: Էդ խի՞ չեք ասում, որ աշխատողների գլխի մազերը վառվել են ու սաղդ էդ լարված իրավիճակում մենակ կանխարգելման մասին եք ասում: Ասում եք՝ հայտարարվել է հրդեհավտանգ իրավիճակի մասին, բայց հայտարարելուց պիտի օգնեն, մենք չունենք համապատասխան տեխնիկա, համապատասխան հնարավորություն, մենք գիտական ինստիտուտ ենք, իդեալական վիճակ ապահովելու հնարավորություն չունենք: Էս ա մեր հնարավորությունը` ակադեմիական ինստիտուտ ենք, մեր գումարը թույլ չի տալիս ավելին: Հո գիտաշխատողի աշխատավարձը չեմ տանելու տամ` ջրի լրացուցիչ շիթեր առնեմ, դաշտում պահեմ. հիմա էս ա:
- Բա լավ, ո՞վ պետք է դա անի, ո՞վ է պատասխանատու:
- Չեմ կարող ասել, ո՞նց ասեմ, պրովոկացիոն հարց եք հա՞ ուզում տալ: Կարո՞ղ ա բյուջեի փողերը տրամադրենք, որ ամառվա հրդեհավտանգ եղանակի համար տեխնիկա գնենք, բա աշխատողներին ո՞նց վճարենք: Մեր հնարավորությունը շատ սահմանափակ է:
Իհարկե՝ այգու տնօրենի այս հարձակողական կեցվածքն առնվազն տարօրինակ է թվում: Բայց նաեւ նկատենք, որ պարոն Վարդանյանի ներկայացրած հիմնախնդիրներն իրոք գոյություն ունեն: Երեւանի Բուսաբանական այգին իրականում ունի, մեղմ ասած, իր ծավալներին չհամապատասխանող ֆինանսավորում, փոքր աշխատակազմ, վատ պաշտպանություն, վնասված պարիսպներ, ցանկապատեր, ոռոգման խիստ սահմանափակ հնարավորություններ եւ այդպես շարունակ: Եթե դրան ավելացնում ենք, որ հազար ու մի օլիգարխիկ աչքեր վաղուց են ուղղված այգուն, դրանից առանձնատների համար պատառներ պոկելու մտքին, ապա կարելի է հասկանալ, թե ինչու են այդ խնդիրները լուծվելու փոխարեն` գնալով միայն շատանում: Մի խոսքով՝ կարելի է «հասկանալ», թե այսքանից հետո ինչու էր այգին վերածվել չորացած խոտերով պատված, ամեն կայծից բռնկվելու ենթակա տարածքի: Իսկ այդ կայծը կարող է առաջանալ նաեւ այգու տարածքում գործող ռեստորանից...
Չնայած՝ Բուսաբանական այգին ի՞նչ ենք անում, էդ ի՞նչ թիթիզ բաներ են: Բա գյոզալ ասֆալտը թողած ծառի մասի՞ն մտածենք...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk