Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՂԲՈՐ ԴՈՒՍՏՐՆ ԻՐԱԿԱՆ ՆՈՐ ԼԻԴԵՐՆԵՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Արխիվ 12-16Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՂԲՈՐ ԴՈՒՍՏՐՆ ԻՐԱԿԱՆ ՆՈՐ ԼԻԴԵՐՆԵՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Սահմանադրական բարեփոխումների ֆոնին մամուլում եւ վերլուծաբանների կողմից տարբեր տեսակետներ են շրջանառվում: Մի մասը կարծում է, թե սա հող է նախապատրաստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու համար, իսկ մյուս մասը գտնում է, թե ճիշտ հակառակը` նոր Սահմանադրությամբ այն ամբողջովին բացառվում է: Ավելին` որոշ շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ Ռ. Քոչարյանն ակտիվորեն փորձում է քաղաքական դաշտի գործընթացներին ներգրավել իր մերձավոր շրջապատին ու զբաղվել սահմանադրական բարեփոխումների հակաքարոզով: Ի դեպ, հիշեցնենք, որ վերջին շրջանում խոսվում էր այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահի եղբոր դուստրն էլ կդառնա պատգամավոր: Այս, ինչպես նաեւ Քոչարյան ընտանիքին վերաբերող մի շարք հարցերի ու «Բարգավաճ Հայաստանի» անցումային շրջանի մասին «Իրավունքը» զրուցեց հենց ՀՀ երկրորդ նախագահի եղբոր դստեր` Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ ԻՐԻՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:
–Ասում են` առանց կրակ ծուխ չի լինում, ի վերջո, ի՞նչն էր պատճառը, որ վերջին շրջանում այդքան քննարկվեցին Ձեր` պատգամավոր դառնալու մասին խոսակցությունները:
– Ցավոք, մեր իրականության մեջ հաճախ են հանդիպում այնպիսի դեպքեր, երբ դա ոչ թե կրակ ու ծուխ է, այլ ընդամենը որեւիցե մեկը ծխառումբեր է նետում մեկ ուրիշի ուղղությամբ: Հենց այդպես էլ տվյալ պարագայում: Այն ժամանակ, երբ տարածվեցին այդ խոսակցությունները, ես գտնվում էի Մյունխենում` վիրահատության: Ինձ համար շատ զարմանալի էր այդ հանգամանքը, քանի որ այդ պահին ոչ մի նախադրյալ չկար նման խոսակցությունների համար: Թե ո՞ւմ էր հարկավոր այս ամենը` չգիտեմ:
– Դուք բազմիցս նշել եք, որ դեռեւս նախընտրում եք հասարակական գործունեությամբ զբաղվել, հետաքրքիր է` ի՞նչը կարող է ստիպել Ձեզ մտնել ակտիվ քաղաքական գործընթացների մեջ:
– Ներկայումս նման պլաններ չկան: Սակայն, կարծում եմ, որ բավարար քանակությամբ կանայք չունենք ոչ միայն մեր խորհրդարանում, այլ նաեւ իշխանության բոլոր մակարդակներում: Իսկ քաղաքականությամբ զբաղվելու համար ինձ անհրաժեշտ է որոշակի ներուժ եւ որոշակի վստահություն զգալ առ այն, որ կկարողանամ ինչ-որ կերպ օգտակար լինել այս ոլորտում, եւ որ այդ ջանքերը զուր չեն լինի:
– Փետրվարյան քաղաքական գործընթացներից հետո որոշ ԲՀԿ-ական քաղաքական գործիչներ, անգամ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ վերանայեցին իրենց` ԲՀԿ-ում լինել-չլինելու հարցը: Որպես ԲՀԿ խմբակցության փորձագետ եւ ավագանու անդամ` ինչպե՞ս կգնահատեք, այսպես ասած, դիրքերը զիջելու գործընթացը:
– Այդ ավելի ճիշտ կլինի անվանել շարքերի բնական զտում, մարդիկ ամրության փորձություն անցան, եւ մնացին ամենանվիրվածները: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ունի սեփական ընտրության իրավունք, անկախ նրանից` դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե` ոչ:
– ՀՀ երկրորդ նախագահի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ կապի մասին տարբեր առիթներով բազմիցս բարձրաձայնվել է: Այս երկու ուժերի հետ էլ սերտ հարաբերություններ ունեք` մի կողմից բարեկամական, մյուս կողմից կուսակցական: Թերեւս, Դուք կարող եք հանրությանը բացահայտել, թե որքանո՞վ նրանք կապ ունեն կամ ունեցել են միմյանց հետ:
– Այս հարցին Ռոբերտ Քոչարյանը բազմիցս անդրադարձել է: Ես ավելացնելու ոչինչ չունեմ:
– Մինչ լրատվամիջոցներում ու սոցցանցերում Ձեզ արդեն ապագա պատգամավոր էին տեսնում, հիմա էլ խոսակցություններ են պտտվում Սեդրակ Քոչարյանի քաղաքական դաշտ մտնելու մասին: Իրականում որեւէ մեկը Քոչարյան ընտանիքից պատրաստվո՞ւմ է մտնել ակտիվ քաղաքական գործընթացների մեջ:
– Մեր ընտանիքի շուրջ միշտ էլ պտտվում են բազում խոսակցություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Իմ եղբայր Սեդրակը գործարարությամբ է զբաղվում, ոչ մի հակում չունի քաղաքականության նկատմամբ եւ մինչ օրս որեւէ կերպ քաղաքականության մեջ ներգրավված չի եղել: Սակայն, կարծում եմ` ավելի ճիշտ կլինի այս հարցն ուղղել հենց նրան: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես քիչ առաջ խոսեցի այդ մասին:
– Որպես երիտասարդ հասարակական գործիչ, փորձագետ, ով նաեւ հետեւում է քաղաքական դաշտի զարգացումներին, ինչպիսի՞ քաղաքական աշուն եք տեսնում, եւ արդյո՞ք առաջիկայում ի հայտ կգան հանրության կողմից ընդունելի ընդդիմադիր լիդերներ:
– Կարծում եմ` աշունը բավականին ակտիվ կլինի` կապված ենթադրյալ սահմանադրական բարեփոխումների շուրջ բուռն տարաձայնությունների հետ: Իրական նոր լիդերներ չեմ տեսնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk